Լրահոս

07.05.2019 12:10


Զարթոնքում դիմակավորված, ինքնաձիգով և «էլեկտրաշոկ» մահակով հարձակում են գործել

Զարթոնքում դիմակավորված, ինքնաձիգով և «էլեկտրաշոկ» մահակով հարձակում են գործել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի երկու բնակչի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1979 եւ 1986թթ., նախնական համաձայնության գալով նույն մարզի Զարթոնք գյուղի բնակչից գումար հափշտակելու շուրջ, 2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, դիմակավորված, զինված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով եւ «էլեկտրաշոկ» մահակով, ինչպես նաեւ իրենց մոտ ունենալով կպչուն ժապավեններ եւ պոլիմերային կապիչներ, անցել են Զարթոնք գյուղի տներից մեկի քարե պարսպի վրայով եւ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ապօրինի մուտք են գործել տուն: Տանտիրուհու բղավոցներից օգնության են շտապել նրա ծնողները, ովքեր վնասազերծել ու բռնել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին, իսկ մյուսը, ինքնաձիգը վերցնելով, դիմել է փախուստի:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Արմավիր գյուղի 33-ամյա բնակիչը իր տանն ապօրինի պատրաստել եւ պահել է զգալի չափերով՝ 11,736 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն գյուղի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը