Քաղաքական

07.05.2019 17:10


«Իմ քայլը» ներկայում նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով

«Իմ քայլը» ներկայում նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայում նպատակահարմար չի գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ հնարավոր ձեռնարկատիրությամբ զբաղվելու խնդրի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծել, սակայն որևէ փուլում չի բացառում դրա հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցությունում քննարկում եղել է, և մենք հանգել ենք այն եզրահանգման, որ այս պահին մեզ համար իսկապես կարևոր է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը, միևնույն ժամանակ նախաձեռնելով այն բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտություն կտան թե բացերը լրացնելու, թե էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնելու համար: Մեր հայտարարությունը չի նշանակում, որ որևէ փուլում բացառում ենք էթիկայի հանձնաժողով ստեղծելը, բայց այս պահին նպատակահարմար ենք համարում սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,-ասաց Մակունցը:

Նա նաև նշեց, որ օրենսդրական առումով բացերը, որը նախանշվել է պետաիրավան հանձնաժողովի կողմից, օր առաջ պետք է նախաձեռնվի: Գործընթացը սկսվում է, և ենթադրում է, որ քառօրյայից հետո ակտիվ կզբաղվեն այդ հարցով:

Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազորությունների դադարեցումը` պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում: Ինչպես նաև, օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմի առկայությունը։

Նույն հիմքերով դիմում է հղվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, և ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` խնդրո առարկայի վերաբերյալ քննություն անցկացնելու համար:

ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին հորդորել էր սպառիչ հրապարակային պարզաբանում ներկայացնել խնդրի վերաբերյալ. Մայիսի 6-ին Գագիկ Ծառուկյանն, արձագանքելով Արարատ Միրզոյանի հորդորին, հրապարակային պարզաբանում էր ներկայացրել:

Այս խորագրի վերջին նյութերը