Լրահոս

31.03.2010 09:42


ՀԱԿ. «Իշխանությունը բռնությամբ զավթած վարչախմբին չի հաջողվելու կոծկել իր գործած հանցանքները»

Հայաստանի արդարադատության նախարարությունը և վճռաբեկ դատարանը առարկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարտիմեկյան գործերով վերջերս հրապարակած զեկույցին, որում մոտ հարյուր քրեական գործերի ընթացքի մանրամասն դիտարկման ու գնահատման արդյունքում, թեև զգալի ուշացումով, անձի ազատության իրավունքի, անմեղության կանխավարկածի, կողմերի հավասարության սկզբունքի, միայն ոստիկանական ցուցմունքներով, ինչպես նաև խոշտանգումներով ու ահաբեկումներով ձեռք բերված ապացույցներով անձանց դատապարտելու մի քանի տասնյակ կոպտագույն խախտումներ ու փաստեր են արձանագրվել:

Արդարադատության նախարարությունը մոռանալով, որ ինքը Կառավարության մարմին է, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով որևէ  գործառույթ չունի ո՛չ դատարանների արդարադատության իրականացման, ո՛չ էլ  հետաքննության ու նախաքննության մարմինների գործունեության, առավել ևս՝ ՀՀ դատախազության նկատմամբ, համառորեն ու պնդաճակատությամբ ,հերքում էե իր հետ որևէ առնչություն չունեցող կառույցների թույլ տված ապօրինություններն ու սխալները:

Վճռաբեկ դատարանն էլ, իր հերթին, իրեն իրավունք է վերապահում կարծիքներ ու գնահատականներ հայտնել Մարտի 1-ի գործերով, որոնցով մեղադրյալների ու դատապարտյալների, նարնց պաշտպանների վճռաբեկ բողոքների բացարձակ մեծամասնությունը  նույնիսկ վարույթ չի ընդունել ու չի քննել:

Մարտի 1-ի գործերից անտեղյակ այս երկու պետական մարմինները անամոթաբար առարկում ու փորձում են հերքել հազարավոր քաղաքացիների աչքի առաջ կատարվածը, կեղծում են հայտնի իրողություններն ու փաստերը, խեղաթյուրում, աղավաղում օբյեկտիվն ու իրականը, փորձում լղոզել ու կոծկել միջազգային փորձագետների դիտարկումն ու արձանագրումը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին տառացիորեն հաջորդեցին ԱՄՆ Պետդեպարտամենտի, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եւրոպական  Կոմիտեի  (CPT)՝ վարչախմբի համար ոչ պակաս աննպաստ ու տհաճ զեկույցները:

Այդ հեղինակավոր կառույցների արձանագրած՝ ՀՀ քաաղացիներին կյանքից կամայական ու անօրեն զրկելու, քաղաքացիներին խոշտանգելու ու ծեծելու, կամայական ձերբակալելու ու կալանելու, արդար դատաքննության իրավունքից զրկելու, իշխանությունն ազատ փոխելու ՀՀ քաղաքացիների իրավունքի սահմանափակման, քաղաքացիներին խոսքի, մամուլի ու հավաքների ազատությունից  զրկելու, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարտի 1-ին  ձերբակալված անձանց նկատմամբ կիրառված անհամաչափ ֆիզիկական ուժի ու բռնության, շատ ու շատ այլ ապօրինությունների ու խախտումների փաստերից անհրաժեշտ  հետևություններ անելու, հնարավորինը շտկելու, մեղավորներին պատասխանատվության ու պատժի ենթարկելու փոխարեն վարչախումբը լծվել է դրանք հերքելու անհեռանկար ու անպատվաբեր գործին:

Իշխանությունը բռնությամբ զավթած վարչախմբին չի հաջողվելու կոծկել ու թաքցնել իր գործած հանցանքները: Մարտի 1-ի դեպքերի յուրաքանչյուր բացահայտում ու արձագանք մոտեցնում է վարչախմբի պարագլուխների ու նրանց կամակատարների դատարանի առաջ կանգնելու օրը:        

Հայ Ազգային Կոնգրեսի պետաիրավական հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը