Մեկնաբանություն

08.05.2019 17:20


Փաշինյանը ջուր լցրեց ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին

Փաշինյանը ջուր լցրեց ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին

Հաց չկա, ապահովենք էժանագին տեսարաններ ծրագրի շրջանակներում հրավիրված երկարաշունչ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև Արցախի Հանրապետության սահմանին վերջին շրջանում արձանագրվող լարվածությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացմանը վերաբերող հարցին։ Նա տվեց մի պատասխան, որը լավագույն դեպքում լեզվի սայթաքում կարելի է համարել: Կամ էլ՝ վերելակային դիվանագիտության արդարացման փորձ։

«Դուք գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ադրբեջանի նախագահի միջև, և հիմա ես այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եվ մենք ինֆորմացիաներ, մտահոգություններ ենք փոխանակում։ Իհարկե, էդտեղ կան, ինչպես միշտ, փոխադարձ մեղադրանքներ, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի էս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ով վարչապետ լինելու այս մեկ տարվա ընթացքում, փաստորեն, իր համար այդպես էլ չի պարզել, թե ինչ է կատարվում արցախա-ադրբեջանական սահմանին, ով է խախտում հրադադարի ռեժիմը և ինչի համար է գնում իրավիճակի լարման։ Ու ՀՀ վարչապետը «զանգ ընկերոջը» օգնությանն է դիմում, որ իր վրա այդքան կիրթ մարդու տպավորություն թողած Ալիևը բացատրի, թե ինչն ինչոց է։ Եվ, փաստորեն, բացատրում է, քանի որ Ադրբեջանի նախագահի հետ զրույցից հետո Փաշինյանն այլևս կասկածի տակ է առնում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու մասին պաշտոնական Ստեփանակերտի պնդումները։

«Արդյոք կողմերից որևէ մեկը տվե՞լ է հրաման ապակայունացնել իրավիճակը։ Եթե ոչ, ինչո՞ւ է ապակայունանում իրավիճակը։ Չնայած ես չէի անվանի դա ապակայունացում։ Այո, որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում։

Ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություններ կան և դեպքեր են արձանագրվում։ Ես ասում եմ, փոխադարձ մեղադրանքներ կան, մենք պետք է հիմա աշխատանքային կարգով փորձենք հասկանալ, այդ թվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով մենք այդ կոմունիկացիաները փորձում ենք ապահովել, և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,-ասուլիսում հավելեց Փաշինյանը՝ ըստ էության, տեսականորեն չբացառելով, որ, ի վերջո, կարող է նաև հանգել ադրբեջանական կողմի պնդումներին, թե իրականում Արցախն է հրադադարի ռեժիմը խախտողն ու իրավիճակն ապակայունացնողը, կամ ինչպես Փաշինյանն է հակված կարծելու՝ միջադեպեր ստեղծողը, միջադեպեր, որոնց արդյունքում մեր հայ տղաներն են հակառակորդի կրակոցից սահմանին հրազենային վիրավորումներ ստանում։

Ստացվում է, որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ հավասարության նշան է դնում հայկական ու ադրբեջանական կողմերի գնահատականների միջև և չի բացառում, որ իրավիճակի սրացումը կարող է Արցախի կողմից լիներ:

Այսպիսով, Փաշինյանը ցույց է տալիս, որ իր գլխում հաղթահարել է հին կաղապարները (Բոլթոնի ականջը կանչի) և «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում երկխոսում է ադրբեջանցիների հետ:

Նմանատիպ ձևակերպումներով Փաշինյանը նաև քարոզչական հարց է ուզում լուծել՝ բացառապես անձնական շահերից ելնելով: Նա փորձում է ցույց տալ, որ իր նախաձեռնած վերելակային դիվանագիտությունն արդյունավետ է, պարզապես կարող է Արցախի «հակահեղափոխական» իշխանությունը ձգտի քար նետել այդ վերելակի մեջ, որպեսզի վարկաբեկի այն:

Հանուն սեփական ամբիցիաների ու սեփական անսխալականության ցուցադրության՝ Փաշինյանը, փաստորեն, պատրաստ է ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին՝ Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին: Արցախյան ու ադրբեջանական կողմերի գնահատականների միջև հավասարության նշան դնելն այլ բան չի նշանակում:

Միգուցե սա նաև Փաշինյանի արձագանքն է Արցախի նախկին ու ներկա նախագահների դիմումին, որով կոչ էր արվում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Սա, բնականաբար, Փաշինյանը չէր կարող մարսել, և հիմա ենթադրվում է, որ ասֆալտին փռեմ, պատերին ծեփեմ շոուներն անելու փորձերին ականատես կլինենք նաև Արցախում, անգամ եթե դա անելու համար Փաշինյանին հարկ լինի դիմել ադրբեջանական ապատեղեկատվության վրա հենվելուն և առաջ տանել ադրբեջանական քարոզչամեքենայի գիծը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը