Մեկնաբանություն

09.05.2019 13:40


Խոսքի «պանոսն» ու ձախորդ ՓԱՍՏոսը

Խոսքի «պանոսն» ու ձախորդ ՓԱՍՏոսը

Երեկ Նիկոլ Փաշինյանը երկարաշունչ ասուլիս տվեց։ Մոտ 5 ու կես ժամ։

Երկար խոսելու առումով Փաշինյանն օրիգինալ չէ ու ռեկորդակիր էլ չէ։

Երկար սիրում էր խոսել կուբացի հանգուցյալ հեղափոխական Ֆիդել Կաստրոն։ Նաև՝ Վենեսուելայի ոչ պակաս հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը։

Խոսքի տևողության առումով Փաշինյանը դեռ հեռու է միջազգային ստանդարտներից, բայց ունի բոլոր նախադրյալները դրանց հասնելու։ Որքան շատանան խնդիրներն, ու անարդյունավետ աշխատի կառավարությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն ավելի շատ կխոսի՝ ի վերջո, գերազանցելով էքսցենտրիկ և պոպուլիստ Չավեսին։

Փաշինյանը երեկ փաստեր էր ներկայացնում։ 100 և ավելի փաստեր։ Ասում էր, որ, օրինակ, փաստն այն է, որ այս տարի պետական բյուջեում հավաքվելու է նախատեսվածից ոչ թե 40, այլ 62 միլիարդ դրամով ավելի գումար։ Ուշադրությո՛ւն դարձրեք, ոչ թե հավաքվել է, այլ հավաքվելու է, այսինքն՝ գործ ունենք ապագայում կատարվելիքի հետ։ Կանխատեսումը, ակնկալիքը և կատարվելիքը որպես կատարված փաստ ներկայացնելու արվեստին, թերևս, միայն սիլլոգիզմի սիրահար Փաշինյանն է տիրապետում։

Բացի նմանատիպ փաստեր ներկայացնելուց՝ Փաշինյանը նաև իր սիրած գործով էր զբաղված։ Հանրահավաք էր անում պատկերասրահում։ Հայհոյում էր, դեմքի արտահայտություններն էր փոխում, ջղայնանում էր, դերասանություն էր անում և մերկապարանոց ու անհիմն հայտարարություններ անում։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, բայց վարչապետ չդարձավ։ Ընտրողը ժողովուրդն էր, իսկ դարձողը՝ ինքը։ Ժողովուրդն ընտրեց անծրագիր ու անգաղափար Փաշինյանին, ու բնական է, որ նա չպետք է վարչապետ դառնար։ Ու համառորեն չի դառնում։ Չի էլ դառնա։ Քվե ստանալն ու աթոռը զբաղեցնելը մի բան է, ֆունկցիան արդյունավետորեն կատարելը՝ լրիվ այլ բան։

Փաշինյանն այդպես էլ հոգեբանական ու դերային տրանսֆորմացիայի չի կարողանում ենթարկվել։ Իրեն թվում է, որ եթե ճղճղան լրագրողի ու էժանագին ընդդիմադիր գործչի իր երբեմնի ոճով քննադատի Ռոբերտ Քոչարյանին, պետության ղեկավարին ոչ հարիր ձևակերպումներ օգտագործի կամ մերկապարանոց հայտարարություններ անի պատերազմով անցած զինվորականների մասին, ապա դրանից շահելու է։ Չի՛ շահելու։

Փաշինյանը չի հասկանում, որ վարչապետի կարգավիճակով հանրահավաք անելը ձախորդության նշան է։ Խոսքային «պանոսը»՝ դատարկության։

Որքա՞ն կհանդուրժի պետությունն այս ձախորդությունը, և ինչքա՞ն կտևի «պանոսը»։ Այս հարցերը հռետորական չեն, ու դրանց պատասխանները գործնական նշանակություն ունեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը