Լրահոս

31.03.2010 13:11


Ազատամարտիկները կոչ են անում

Հարգելի հայրենակիցնե՛ր,

Շուրջ մեկ ամիս առաջ մենք ՀՀ իշխանություններին ներկայացրեցինք Հայաստանի, ինչպես և աշխարհասփյուռ հայության կենսական շահերը շոշափող միջպետական' հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը հնարավորինս  գաղտանզերծելու պահանջը: Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում գործող կասկածելի լեգիտիմության իշխանությունը չունի վստահության այն բարձրագույն աստիճանը, որ հայ ազգը կուրորեն հավատա նրան: Մեր բոլոր հորդորների և պահանջների արդյունքում իշխանությունների կողմից առ այսօր չկա ոչ մի արձագանք: Համանման իրավիճակներում բանակցային գործընթացը փակ պահելու անթափանց գաղտնապահությունը իմաստալից է միայն այն դեպքում, երբ կա օտարների հետ գործարքի արդյունքում սեփական հասարակության շահը ոտնահարելու նպատակ: Կարգավորման այսպիսի գործընթացները կարող են հեռուն գնացող ծանրագույն հետևանքների հանգեցնել, ինչից ելնելով մենք մտադիր չենք համբերել այնքան ժամանակ, որ կանգնենք արդեն միջազգայնորեն ճանաչված փաստի առաջ:

Արտաքին քաղաքականության կայունության ու անկախության հիմնասյունը արդարացի ու արդյունավետ ներքին քաղաքականությունն է, սակայն փաստենք, որ այս դաշտում ևս իշխանության որդեգրած ուղին իր ամենօրյա դրսևորումներով մեր հայրենիքը քայլ առ քայլ մոտեցնում է անկման շեմին, ինչից ելնելով համոզված ենք, որ այս իշխանությունը արտերկրում ի զորու չէ հավուր պատշաճի ներկայացնել հայ ժողովրդի հավաքական շահը։ Հասարակության հետ կարևորագույն խնդիրների շուրջ երկխոսության դաշտի բացակայությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանության և պետությունը կրող ազգի միջև չկա հաղորդակցություն, հետևաբար նաև՝ վստահություն: Այսօր Հայաստանում իշխանությունը վեր է ածվել մարմնից կտրված գլխի, որի գործողությունների առանցքը սեփական իշխելատենչին հագուրդ տալու ձգտումն է այլ ոչ թե ազգի շահը սպասարկելը: Հասարկության պահանջների հանդեպ իշխանության բացարձակ բթացման և հակաժողովրդական քաղաքականություն որդեգրելու աններելի դրսևորում է աղքատացումից հյուծված ժողովրդին նոր, ավելի ծանր հարկային բեռ և տնտեսական իրավիճակ պարտադրելը: Երբ խոսքը վերաբերվում է մեր' ազատամարտիկներիս շահերին, մենք կարող ենք լռել' պատվից ցած համարելով մեր աննախանձելի հասարակական ու տնտեսական վիճակից բողոքելը, սակայն որպես հայ ժողովրդի զավակներ , մենք  չենք կարող անտարբեր մնալ լայն հասարակական խավերի, իսկ որոշ դեպքերում ողջ հասարակության շահերի ոտնահարման հարցում:

Այսօր ակնբախ երևում է, որ իշխանության քաղաքականության արդյունքը լինելու է աղբարկղներում իրենց հանապազօրյա հացը որոնող մեր հայրենակիցների քանակի բազմապատկումը:

Հայրենակիցնե՛ր, Ղարաբաղյան ազատամարտում հաղթանակ տարած սերնդին բաժին հասած այս նվաստացումն ու անարդարացիությունը արդյունքն է իշխանությունների գիտակցված և նպատակային քաղաքականության: Ցավով պետք է նշենք, որ ստեղծված իրավիճակը խարտոցի նման մաշում է բարոյական վեհ արժեքների վրա հիմնված հայ ժողովրդի ոգեղեն էության առանցքը:

Ազատամարտիկներս համոզված ենք, որ հայ ժողովրդի պատմական քառուղիներում մեր սերունդը իրականացրել է լրջագույն փոփոխություններ' արյուն թափելով ռազմադաշտերում և զրկանքների դիմանալով թիկունքում, և մենք չենք կարող հանդուրժել, որ համազգային ճիգերի ու կորուստների գնով ձեռք բերածը փոշիացվի և փլուզման բերվի խաղաղ պայմաններում:

Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ նախագահից սկսած բոլոր բարձրագույն պաշտոնյաներին սթափվել և գիտակցել, որ արդարացիության հաստատումը Հայաստանում չունի այլընտրանք: Երկիրը պետք է վերադառնա զարգացման ակոսի մեջ: Հայաստանի իշխանությունները թող ընդունեն սա որպես վերջին պահանջ և հիշեն, որ անգամ ծայրահեղ բռնատիրական ռեժիմները ոչինչ են ժողովրդական ցասման ալիքի առջև:

                                  «Ազատամարտի եղբայրություն»

«Ղարաբաղի պատերազմի վետերաններ»

«Դաշտային հրամանատարների խորհուրդ»

Այս խորագրի վերջին նյութերը