Քաղաքական

10.05.2019 11:58


Ապօրինի հարստացման քրեական հոդվածով այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ․ գլխավոր դատախազ

Ապօրինի հարստացման քրեական հոդվածով այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ․ գլխավոր դատախազ

«Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ապօրինի հարստացման և փողերի լվացմանն էր վերաբերում։

Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ում ապօրինի հարստացումն արդեն երկու տարի է՝ քրեականացվել է, և հարցրեց, թե քանի՞ քրեական գործ կա հարուցված, կա՞ն մեղադրական դատավճիռներ այդ հոդվածով, նաև թե ինչպիսի՞ պատկեր է փողերի լվացման մասով։

Արթուր Դավթյանն ասաց, որ երկու հանցակազմն էլ իրավակիրառ պրակտիկայում նորություններ են և ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց մեկանաբանություններ ունեն։

«Այդուհանդերձ մեր երկրում մեկուկես տարի է, արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական հոդվածը, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում այդ հոդվածով 5 անձի նկատմամբ»,-ասաց նա և հավելեց, որ ապօրինի հարստացման մասով այս պահին գնահատական չի կարող տալ։

Փողերի լվացման առումով ասաց, որ 2018 թ. ևս ակտիվացում կա։ «2017 թ. ոչ մի գործ չենք ունեցել փողերի լվացման հետ կապված, իսկ 2018-ին 7-9 քրեական գործ ունենք այս հոդվածով»,-ասաց նա և հավելեց, որ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումն իր գնահատմամբ բերելու է նաև փողերի լվացման հանցատեսակի քրեական աճի։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը