Քաղաքական

10.05.2019 17:03


«Չգիտեի «Victoria’s Secret»-ի շոուի մեկնաբանությո՞ւնն եմ լսում՝ «տրուսիկ-մայկաներով», թե՞ Հայաստանի ղեկավարի ասուլիս». Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Չգիտեի «Victoria’s Secret»-ի շոուի մեկնաբանությո՞ւնն եմ լսում՝ «տրուսիկ-մայկաներով», թե՞ Հայաստանի ղեկավարի ասուլիս». Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը դիտելիս չգիտեի՝ «Victoria’s Secret»-ի շոուի մեկնաբանությո՞ւնն եմ լսում՝ «տրուսիկ-մայկաներով», թե՞ Հայաստանի ղեկավարի ասուլիս։ Ամբողջ ասուլիսում երկու թեմա կար՝ «տրուսիկ-մայկա» և Հանրապետական կուսակցություն, որը, ըստ նրա, գոյություն չունի: Բա որ գոյություն չունի, ինչո՞ւ են ասուլիսի կեսը նվիրում մեզ։ Ի դեպ, այդ տենդերը, որով փոփոխվել է բանակում ներքնազգեստների մատակարարումը, ստորագրվել է 2018 թվականի փետրվարին՝ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ժամանակ։ Այսինքն՝ վարչապետի ասուլիսի 80 տոկոսի կեսը մեր արածի ներկայացումն էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ վարչապետ Փաշինյանը շատ է խոսում այն մասին, որ քաղաքացիների երջանկության ցուցիչն ամենակարևորն է իր համար, գուցե դրա՞ համար է Առողջապահության նախարար նշանակել մի մարդու, ով ասում է, որ Հայաստանն այն երկրներից է, որի վրա պետք է դեղերի փորձարկում անեն, կամ ԵԿՄ նախագահ է դառնում նրա թիմակիցներից մեկը, ով ասում է, թե պայմանագրային զինծառայողներ են դառնում այն մարդիկ, որոնք խմիչքի հետ սեր ունեն։

«Երբ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ խոսեց իր և Ալիևի ուղիղ կապի մասին, նշեց, թե տեղեկություն կա, որ երկուստեք մեղադրանքներ ու վիրավորանքներ կան, ավելին՝ պետք է տեղեկություն փոխանակեն և պարզեն, թե կողմերից ով է ապակայունացնում վիճակը։ Չեմ հասկանում՝ վարչապետը Մինսկի խմբի նոր համանախագա՞հ է, կարո՞ղ է մի օր էլ Ադրբեջանի կողմից տեղեկություն ստանան, որ ազատագրված տարածքները պետք է հանձնեն։ Սա Հայաստանի ղեկավարի խո՞սք է։ Գնալով պարոն Փաշինյանն այնպես է անում, որ մենք համոզվենք, որ #SutNikol հեշթեգը ճիշտ է»,-շեշտեց Հ. Մամիջանյանը։

Նրա բնորոշմամբ՝ այսօրվա պաշտոնյաներից շատերը չեն գիտակցում, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, ուստի նրանց խորհուրդ է տալիս ամեն առավոտյան վարչապետի նշած «տրուսիկ-մայկայով» կանգնել հայելու դիմաց ու կրկնել, որ պատգամավոր են, նախարար կամ այլ պաշտոնյա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը