Մեկնաբանություն

11.05.2019 10:50


Թողե՛ք աշխատենք

Թողե՛ք աշխատենք

Մեր գործընկերներից մեկը, անդրադառնալով վարչապետի լեզվավարժանքների վերջին ռեկորդին, շատ դիպուկ մի դիտարկում է արել. արձանագրել էր, որ «տնտեսական հեղափոխության» դրական արդյունքները հակադարձ համեմատական են Փաշինյանի ասուլիսների տեւողությանը` որքան քիչ են դրական արդյունքները, այնքան ավելի երկար է տեւում հերթական ասուլիսը։

Սա «տնտեսական հեղափոխության» արդյունքների, Փաշինյանի ասուլիսների տեւողության եւ ապրիլյան «թավշյա, ոչ բռնի» իշխանափոխությունից հետո գլխիվայր շուռ եկած մեր իրականության, այդ թվում` վիրտուալ իրականության մեջ տեղի ունեցող գործընթացների կապը բնութագրող օրինաչափություններից մեկն է, բայց միակը չէ։ Օրինաչափությունների խճանկարը շատ ավելի հարուստ է։

Օրինակ, տեսողության հետ խնդիրներ չունեցող ցանկացած մեկի համար պարզ է, որ թագավորը մերկ է` «տնտեսական հեղափոխության» փուչիկը պայթել է։ Եվ ինչքան ավելի ակնհայտ է դառնում այս պարզ ճշմարտությունը, ինչքան մեծանում է հեղափոխական թմբիրից դուրս եկող եւ իրականությանը բաց աչքերով նայող քաղաքացիների զանգվածը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում Փաշինյանի հռետորաբանությունը։

Համապատասխանաբար երկարում է հանպատրաստից ուղիղ եթերների` ֆեյսբուքյան «լայվերի», գրառումների եւ հարցուպատասխանների, մամուլի ասուլիսների միջոցով ուղեղներ լվանալուն տրամադրվող ժամանակը։ Եվ ավելի մեծ ջանքեր են պահանջվում` «ապացուցելու» անապացուցելին, ցույց տալու այն, ինչ չկա ու չի կարող լինել. որ տնտեսությունը բուռն ծաղկում է ապրում, կյանքը էժան է, ապրուստը` ձրի։ Հպարտ քաղաքացին, նույնիսկ եթե մի քիչ ջղայնացած է (ինչպե՞ս չջղայնանա, երբ «հակահեղափոխականները» հանգիստ չեն նստում տեղը, անընդհատ հիշեցնում են` ժամանակին ինչ էր ասում, ինչ գյուռ-գյուռ խոստումներ էր տալիս, հիմա՛ ինչ է ասում ու անում), մեկ է`երջանկության հորմոնների ավելցուկից տեղը չի գտնում։ Մի խոսքով` ամեն ինչ լավ է, շատ լավ է, ավելի լավ չի լինում։ Եվ ընդհանրապես`«ուրիշ ձեւ չկա»...

Եվս մեկ ընդգծված օրինաչափություն, որ ցանկության դեպքում անգամ չի կարելի չտեսնել. ինչքան Փաշինյանի ոտքի տակի հողն ավելի երերուն է դառնում, «ժողովրդի կառավարությանն» ու քայլարարած մեծամասնությանն ուղղված քննադատության չափաբաժինը`ավելանում ու թանձրանում, վարչապետի պահվածքն այնքան ավելի անհավասարակշիռ է դառնում։

Եվ ինչքան Նիկոլի իրական աջակիցների շարքերը նոսրանում են, այնքան ավելի կատաղի են դառնում «հեղափոխության սիմվոլի» վիրտուալ պաշտպանները` ընդդիմախոսներին փողոցային վերջին խոսքերով զազրախոսող ֆեյքերի բրիգադները։ Ու, կապը կտրած շների պես, հարձակվում եւ «պատառ-պատառ» են անում բոլորին, ովքեր հանդգնում են «ժողովրդի վարչապետի» էշին «չու» ասել։ Նրա ուղիղ ենթակայության տակ աշխատող ուժային կառույցների անվերապահ աջակցությունը քիչ համարելով` անգամ «Նիկոլ Փաշինյանի աջակիցների» խումբ են ստեղծել։ Երեւի իշխանության «թեւերը» բնում խեղդելու համար։

Այդ միտումը հատկապես ընդգծված դարձավ մայիսի 8-ի հինգուկես ժամանոց «լեզվաժայթքումից» հետո. ասուլիսի արձագանքները հասկանալի պատճառով բավական կոշտ էին, եւ վճարովի (կամ անվճար» հիմունքներով ընդդիմախոսների «բերանը փակող» ՖԲ օգտատերերի հակազդեցությունը չուշացավ. ասես «ֆաս» հրահանգով նետվեցին`պաշտպանելու սիրելի վարչապետին «հակահեղափոխականների» անթույլատրելի ոտնձգություններից։ Բնականաբար` ոչ թե փաստերի ու փաստարկների, այլ բացահայտ սուտ ու կեղծիք, հայհոյանք եւ զրպարտություն տարածելու միջոցով։ Անգամ ես, որ մինչեւ հիմա անհասկանալի մի հրաշքով դուրս էի մնացել սրանց ամենատես հայացքից, հայտնվեցի նիկոլական ֆեյքերի հարձակման` ստոր բամբասանքների եւ հայհոյանքների տարափի տակ։

Փաստորեն, որ ասում էր` «պետք լինի, մի հա՛տ էլ հեղափոխություն կանենք», նաեւ դա նկատի ուներ. որ ինչպես «թավշյա հեղափոխության» օրերին էին քարոզչական ահաբեկչության ենթարկում ընդդիմախոսներին`անգամ երեխաներին չխնայելով, այնպես էլ հիմա ծառայություններ կմատուցեն «ժողովրդի վարչապետին»։

Որպես «իրեղեն ապացույց» առ այն, որ Հայաստանում լրատվամիջոցները «երբեք այնքան ազատ, անկախ եւ ինքնիշխան» չեն եղել, եւ խոսքի ազատությունն այնպես թեթեւորեն եւ անկաշկանդ չի թեւածել բազմաչարչար հայոց աշխարհի վրա, ինչպես Նիկոլի թվին։ Եվ քանի որ թունելի վերջում լույս չի երեւում, առաջիկայում այս միտումն ավելի է խորանալու։

Ուստի ալամ աշխարհի հայոց վարչապետին հորդորում ենք՝ որպես նախկին լրագրողի, որ նախկինում սրտի ուզածի չափ հայհոյել է իշխող դասին, զրպարտել եւ աջուձախ կեղտոտել, ինչպես կարողացել է, կարգի՛ հրավիրեք ձեր «շներին», թողեք՝ աշխատենք։ Հայրենիքը Ձեզ չի մոռանա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը