Լրահոս

31.03.2010 14:18


Ս. Սաֆարյանը՝ Կ. Ավագյանին. «Մեզ համար խռովելը քաղաքական նորմ չէ»

Ս. Սաֆարյանը՝ Կ. Ավագյանին. «Մեզ համար խռովելը քաղաքական նորմ չէ»

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին և կոալիցիոն կուսակցություններին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին ուղղված՝ կլոր սեղանի ձևաչափով երկխոսություն սկսելու «Ժառանգության» կոչի մասին՝ ասել է, թե այդ ձևաչափը նորություն չէ։

 -ՀՀ նախագահը 3 անգամ նման հավաք հրավիրել է (եթե չեմ սխալվում՝ մեկ անգամ է «Ժառանգություն»-ը մասնակցել), և քննարկումներ եղել են համաժողովրդական թեմաներով։ Այսօր դրա մեջ ինչ-որ արտառոց բան չկա։ Եթե պետք լինի նման  հավաքների՝ նախագահն էլի ինքը նորից կհրավիրի՝ ինչպես հրավիրել է երեք անգամ,-նշել է նա։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ,  արձագանքելով նրան, նշել է, թե եթե այս տեսանկյունից դիտարկվի, ապա ամենաշատը  խռովելու տեղեր ունի «Ժառանագություն»-ը։

-Մեզ համար, սակայն, խռովելը քաղաքական վարքագիծ կամ նորմ չէ։ Եթե դուք նշում եք, որ նախագահը նման բան կազմակերպել է և ակնարկեցիք, որ  չենք մասնակցել, ապա չմասնակցելու պատճառների մասին հայտնի է բոլորին։ Բայց ես չեմ կարծում, որ դա առիթ է ասելու, թե եթե դուք մերինին չեք մասնակցել, մենք էլ ձերինին չենք մասնակցի,-նշել է նա։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ՀՀ նախագահի հրավերով տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունները, սկսած անվանումից, վերջացրած ձևաչափով, տարբերվում են իրենց առաջարկած կլոր սեղանի քննարկումներից։

 -Նաև ընթացակարգի առումով այլ բաներ են։ Այդ քննարկումների ժամանակ ոչ մի բանավեճ, ոչ մի երկխոսություն, ըստ էության, տեղի չի ունենում։ Ես չեմ ուզում նսեմացնել կամ քննադատել այդ ֆորմատը, բայց մեր առաջարկած ֆորմատը կլոր սեղան է, որը մշտական խորհրդակցական երկխոսության ձևաչափ է,-նշել է նա։

Կարեն Ավագյանն էլ արձագանքել է նրա ասածին՝ նշելով, թե «Ժառանգության» առաջարկած քննարկումը «բանավեճի ակումբ» է հիշեցնում.

-Սա բանավեճի ակումբ է լինելու, որը տարբեր ֆորմատներով իրականացնում են մեր ուսանողական, հասարակական կազմակերպությունները,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը