Մեկնաբանություն

11.05.2019 16:55


Գլխավոր դատախազը չգիտի՞, որ «բանակի ներգրավվածության փաստը» դեռ պետք է ապացուցել

Գլխավոր դատախազը չգիտի՞, որ «բանակի ներգրավվածության փաստը» դեռ պետք է ապացուցել

Այս օրերին քննարկվող «ինտրիգային» հարցերից մեկը հետեւյալն է. եթե 2008թ. Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը` կանխելով 22 տոկոս հավաքած թեկնածուի կողմից մանրակրկիտ պլանավորված հեղաշրջման փորձը, ապա ե՞րբ, ո՞ր պահին, ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով է վերականգնվել «չարամտորեն տապալված» այդ կարգը։

Եթե ընդունենք, որ սահմանադրական կարգն իսկապես տապալվել է, ստացվում է, որ դրանից հետո ինչ եղել է, հակասահմանադրական է եղել, եւ ուրեմն` ոչ լեգիտիմ. սկսած 2012-13թթ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից, վերջացրած 2017թ. խորհրդարանական ընտրություններով, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը դարձավ պատգամավոր, մի տարի անց, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով, «դամկա գնաց»` դարձավ վարչապետ՝ տապալելով սահմանադրական կարգի բոլոր հնարավոր ատրիբուտները։

Ինքը` պարոն Դավթյանը, «տապալված սահմանադրական կարգի» պայմաններում ձեւավորված «ոչ լեգիտիմ» մեծամասնության կամոք մնաց գլխավոր դատախազի աթոռին։ Եվ հնարավորություն ստացավ իշխանափոխությունից հետո եւս շարունակելու իր «բեղուն» գործունեությունը` «թավշյա ծառայություններ» մատուցելու Փաշինյանին, որին մի տարի առաջ պատրաստվում էր զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ պատասխանատվության ենթարկել անօրինական երթեր եւ ցույցեր կազմակերպելու, պետական ինստիտուտների եւ հանրային կյանքը կանոնակարգող այլ «օբյեկտների» աշխատանքը կաթվածահար անելու համար։

Երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է խուսափում իր հեղինակավոր կարծիքը ներկայացնել այդ խնդրի վերաբերյալ, Դավթյանը փորձեց տակից դուրս գալ` ասելով.

«Բանակը Սահմանադրության ուղիղ արգելքով ներգրավվել է քաղաքական հետընտրական պրոցեսների մեջ։ Էդ հետընտրական պրոցեսների մեջ ներգրավման արդյունքում մենք ունեցել ենք սահմանադրական կարգի հիմունքների տապալում, օրինակ` «Հայաստանի հանրապետությունը իրավական պետություն է», եւ մարդու հիմնարար իրավունքների այնպիսի աստիճանի վերացումներ, որոնք սահմանադրական կարգ են տապալել։ Ընդհուպ` հետագայում նաեւ արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմով են սահմանափակվել այդ իրավունքները։ Մեխանիկական առումով դրանից հետո այդ իրավունքները վերացված չեն եղել փաստացի, բայց ես ուզում եմ դուք սրա նրբությունը պատկերացնեք։ Հետագայում մենք էլ չունեինք էդ գործընթացը։ Այսինքն`ընենց չէր, որ այդ ցույցերը հաջորդ օրը շարունակվեցին, նորից սահմանափակվեցին, կամ էդ հավաքի իրավունքը, դրա համար էդպես իրականացվեց։ Հետեւաբար, ես ոչ մի հարցից չեմ խուսափում»։

Դուք որեւէ բան հասկացա՞ք։ Ես էլ չհասկացա։ Եվ դա զարմանալի չէ`դեմագոգիան, «կռուտիտներ» անելը վաղուց դարձել է սրանց ձախավեր «քաղաքականության» ալֆան ու օմեգան։

Այստեղ ա՛յլ բան է զարմացնում։ Գլխավոր դատախազը չգիտի՞, որ «բանակի ներգրավվածության փաստը» դեռ պետք է ապացուցել։ Չի՞ լսել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի` Արտակ Դավթյանի հայտարարությունը, որ բանակը որեւէ կերպ ներգրավված չի եղել «ցույցը ցրելու» գործողությունների մեջ (զբաղված է եղել պետական շենքերի պաշտպանությամբ)։ Տեղյակ չէ՞, որ դատական որեւէ ատյան նման փաստ չի արձանագրել` չկա՛ օրինական ուժի մեջ մտած որեւէ դատական ակտ, որը թույլ կտար որեւէ մեկին, առաջին հերթին` գլխավոր դատախազին, նման պնդում անել։ Հակառակը` կան օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներ՝ «Մարտի 1»-ի զանգվածային անկարգությունների հետ կապված, որոնք փաստում են՝ եթե որեւէ մեկը փորձել է տապալել սահմանադրական կարգը, ապա դա եղել է «ընդդիմության ակտիվը»՝ Տեր-Պետրոսյանի եւ իր նախընտրական շտաբի պատասխանատուների գլխավորությամբ։

Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հաղթահարելու միջոցով մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու մեղադրանքին, հայտնի բան է, որ Քոչարյանը չէր կարող ինքնագլուխ արտակարգ դրություն մտցնել`Սահմանադրությամբ նախատեսված կարգով նախապես խորհրդակցել է Աժ նախագահի եւ վարչապետի հետ, հետո՝ դիմել օրենսդիրին եւ ստացել Ազգային ժողովի համաձայնությունը։

Եթե նախաքննական մարմինը եւ մի գիշերում «թավշյա» դարձած գլխավոր դատախազը համարում են, որ դրանով սահմանադրական կարգը տապալվել է, ապա պարտավոր էին նախ՝ վիճարկել ԱԺ որոշման օրինականությունը եւ ստանալ սույնը ամրագրող, ուժի մեջ մտած համապատասխան իրավական ակտ։ Հետո նոր` «բարաթը ձեռքին» գործ կարել Ռոբերտ Քոչարյանի եւ սահմանադրական կարգի տապալմանը մասնակցելու մեջ մեղադրվող մյուս պաշտոնատար անձանց վրա։

Ոչ թե ապրիորի հայտարարություներ անել` «ափաշքյարա» ոտնահարելով նույն սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներից մեկը` անմեղության կանխավարկածը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը