Լրահոս

31.03.2010 15:26


Տիգրան Դավթյանը՝ կառավարության հակագնաճային քաղաքականության մասին

Տիգրան Դավթյանը՝ կառավարության հակագնաճային քաղաքականության մասին

Մարտի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը խոսել է այս տարվա ընթացքում հիմնականում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված այն խնդիրների, միջոցառումների ու լուծումների մասին, որոնք կառավարությունն այս տարի ձեռնարկել և ձեռնարկելու է։ Այս առումով նա նշել է, որ ՀՀ նախագահի, կառավարության և համապատասխան նախարարությունների համար սոցիալական խնդիրները եղել են, կան ու կմնան առաջնահերթ։ Տիգրան Դավթյանի խոսքերով՝ այս տարվա մակրոտնտեսական ռիսկերից կառավարությունն առանձնացրել է գնաճայինները, որոնք մեղմելու համար կառավարությունը տրամադրված է փոխհատուցման և նվազեցման գործառույթներ իրականացնել։ Սոցիալապես առավել խոցելի հատվածների համար գնաճային ռիսկերը փոխհատուցելու նպատակով կառավարությունն առաջարկել է բարձրացնել սոցիալական նպաստները և կենսաթոշակները։ Կառավարության որոշմամբ 2010թ. մայիսի 1-ից  15%-ով կբարձրանան սոցիալական նպաստները (միջինը ավելանում է 3500 դրամով), իսկ 2010թ. նոյեմբերի 1-ից 11%-ով (միջինը 2600 դրամով) կբարձրանան կենսաթոշակները։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ խոսքը բնակչության սոցիալապես առավել խոցելի մոտ 1 մլն-անոց հատվածի մասին է։ Խնդրի լուծման համար պետական բյուջեից հատկացվելիք ընդհանուր գումարը կկազմի 6-6,5 մլրդ դրամ։ Խնդիրը, Տիգրան Դավթյանի խոսքերով, չի լուծվի որևէ այլ հոդվածի հաշվին, և այս տարի կառավարությունը ոչ մի նվազեցում կամ կրճատում չի նախատեսում, ընդհակառակը, ակնկալում է լրացուցիչ, այդ թվում նաև հարկային եկամուտներ։

Ֆինանսների նախարարը նշել է, որ բացի փոխհատուցումների մեխանիզմից, կառավարությունն իրականացնում է և իրականացնելու է նաև հակագնաճային գործողություններ, որոնց թվում է՝ պետական բյուջեի դեֆիցիտի նվազեցումը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը և այլն։

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանո՞վ է այդ փոխհատուցման մեխանիզմն իրեն արդարացնելու՝ հաշվի առնելով գնաճի բարձր լինելը, Տիգրան Դավթյանը պատասխանել է, որ պետությունն այդ գործառույթներն իրականացնում է իր ֆինանսական հնարավորությունների շրջանակներում, որոնք արտացոլված են պետական բյուջեում.

-Այս պահի դրությամբ այն գնաճային փոփոխություններին, որ տեղի է ունեցել այս ամիսների ընթացքում, կառավարության այս գործողությամբ առավել խոցելի սոցիալական հատվածի համար ադեկվատ փոխհատուցում է իրականացվում։ Ցանկալի կլիներ անել ավելին, սակայն ավելին պայմանավորված է նաև մեր ֆինանսական և բյուջետային հնարավորություններով,- նշել է Տիգրան Դավթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը