Տնտեսական

13.05.2019 16:25


Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Երևանում վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման ծրագիրն ավարտական փուլում է, և քաղաքապետարանը կառավարություն կդիմի ֆինանսական մոդելի հաստատման նպատակով: «Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ վերելակների վերանորոգման, վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 միլիարդ դրամ:

«Սա 3600 վերելակի տոտալ փոխարինման ընդհանուր ֆոնդն է, ինչը չունի Երևանի բյուջեն: Մոդելը ենթադրում է վերելակների փոխարինում և վերելակների փոխարինման նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցում 20-25 տարիների ընթացքում»,-ասաց նա:

Փոխքաղաքապետի խոսքով`միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար ամսական 1600 դրամ է վճարում:

«Մենք դիտարկել ենք 1600 դրամը և այն կարող է 20-30 տոկոսով բարձրանալ: Մայրաքաղաքում շահագործվող վերելակների գրեթե 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել»,-նշեց նա:

Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօր արդեն քաղաքապետը հանձնարարական է տվել` վերելակների նախնական պիլոտային փոխարինման համար:

«1100 վերելակների տեխնիկական գնահատում է իրականացվել, որոնց թվում 31 վերելակ ենթակա է չշահագործման»,-հավելեց նա:

Անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում օրեր առաջ վերելակի հետ կապված դեպքին, փոխքաղաքապետն ասաց, որ վերելակի անկում տեղի չի ունեցել:

«Վերելակի դռները բացվել են առաջին հարկում, սակայն վերելակի չորս ճոպաններից մեկը պոկվել է և դրա համար կանգառը կտրուկ է տեղի ունեցել»,-պարզաբանեց բանախոսը:

Վերջին վեց տարվա ընթացքում վերելակների վթարների արդյունքում 6 մարդ է զոհվել:

Այս խորագրի վերջին նյութերը