Աշխարհ

13.05.2019 19:57


Bild. «Թուրքիան S-400 համակարգերի հարցում հետքայլ է անում»

Bild. «Թուրքիան S-400 համակարգերի հարցում հետքայլ է անում»

Գերմանական «Bild» պարբերականի հոդվածում պնդում է արվել որ Թուրքիան հետաձգելու է ռուսական S-400 համակարգերի գնման գործընթացը: Թերթը, հղում անելով մի անանուն թուրք բարձրաստիճան դիվանագետի, գրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիային չեն մատակարարվի հուլիս ամսին, ինչպես ավելի վաղը հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Դիվանագետը նշել է, որ մատակարարման՝ անորոշ ժամանակով հետաձգման պատճառը Թուրքիայի տնտեսության մեջ առկա ճգնաժամն է, որն ավելի է խորանում Էրդողանի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականության հետևանքով:

«Մատակարարումը կհանգեցնի Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառմանը, ինչն էլ թուրքական լիրայի ներկա արժեզրկման պայմաններում կարող է հանգեցնել երկրի տնտեսության քայքայման»,- գրում է թերթը՝ մեջբերելով անունը հայտնելչցանկացած թուրք դիվանագետի խոսքերը:

Այդ պնդումները, սակայն, հերքել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Վերջինս «Bild»-ի խմբագրին ուղղված իր tweet-ում մասնավորապես գրել է. «Հարգելի Ջուլիան, Ձեր աղբյուրները սխալվում են: S-400-ների գնման պայմանագիրն արդեն իրագործված է»:

Նշենք, որ ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման թեման ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել:

ԱՄՆ-ն անցանկալի է համարում Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը՝ Անկարային հորդորելով հրաժարվել այդ գործարքից: ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ գործարքից չհրաժարվելու դեպքում Անկարան կարող է հայտնվել Վաշինգտոնի պատժամիջոցների թիրախում, որոնք կարող են արտահայտվել ընդհուպ մինչև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելով:

Թուրքիան էլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քանիցս հայտարարել է, որ գործարքն արդեն կայացած է և իրենք ոչ մի դեպքում չեն պատրաստվում հրաժարվել դրանից:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը