Աշխարհ

14.05.2019 10:35


Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ նավը կալանելու առիթով

Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ նավը կալանելու առիթով

Հյուսիսային Կորեան մեղադրել է Վաշինգտոնին «նոր հարաբերությունների կառուցման» մասին երկու երկրների պայմանավորվածություններն անտեսելու մեջ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կալանել է հյուսիսկորեական նավը Փհենյանի դեմ պատժամիջոցները խախտելու կասկածանքով։ Համապատասխան հայտարարությունն արել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մի քանի օր առաջ ամերիկյան արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը կալանել է Wise Honest նավը, որն օգտագործվում էր Հյուսիսային Կորեայից ածուխ տեղափոխելու համար, ինչն արգելված է ՄԱԿ ԱԽ որոշմամբ՝ Փհենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ կապված։

«Ամերիկայի այս վերաբերմունքը մեզ ծնկի բերելու փորձերի շարունակությունն է. «առավելագույն ճնշմամբ» եւ լիովին անտեսում է (2018-ի) հունիսի 12-ի համատեղ հայտարարության ոգին, որում գրանցված է նոր հարաբերությունների կառուցման պայմանավորվածությունը»,- ասվում է հայտարարությունում, որը տարածվել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության միջոցով։

ԱԳՆ ներկայացուցիչը պահանջել է վերադարձնել նավը եւ հայտարարել է, որ Փհենյանում կհետեւեն «ԱՄՆ հետագա քայլերին»։

Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը կալանել է հյուսիսկորեական նավը պատժամիջոցները խախտելու պատճառով։ Նավը կալանվել է ամերիկյան տարածքում, թեեւ արդարադատության նախարարությունը չի ճշտում, թե երբ։

Սինգապուրում 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը, նրանք պայմանավորվել են հարաբերությունները նորմալացնելու եւ Հյուսիսային Կորեայի միջուկազերծման շուրջ։ Նրանց երկրորդ հանդիպումը Հանոյում 2019-ի փետրվարին ապարդյուն ավարտվեց։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը