Լրահոս

31.03.2010 18:25


Արարատ Զուրաբյանը «Ժառանգությանը» կոչ է արել վերանայել ԱԺ–ին անդամակցելու հարցը

Արարատ Զուրաբյանը «Ժառանգությանը» կոչ է արել վերանայել ԱԺ–ին անդամակցելու հարցը

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «7օր»-ին ասել է, որ ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին ուղղված կլոր սեղանի ձևաչափով քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն ձևավորելու «Ժառանգության» կոչի մասին հարցը Հայ ազգային կոնգրեսում դեռ չի քննարկվել, իսկ իր անձնական կարծիքն արտահայտելու համար նախ և առաջ կցանկանար հասկանալ՝ ինչպես է ծնվել այդ առաջարկությունը, ինչ նպատակ է հետապնդում, ինչ ճանապարհներ են տեսնում գործընթացի իրականացման համար, ինչ կարող է դա տալ։

-Կուզենայի լսել առաջարկություն անողների մեկնաբանությունները թվարկածս հարցերի վերաբերյալ, նոր կոնկրետ դիրքորոշում արտահայտել, որովհետև նույնիսկ քամու կամ փոթորկի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց առաջ միգուցե որոշակի տեղեկատվություն է անհրաժեշտ,- ասաց Ա. Զուրաբյանը՝ հավելելով.

-«Ժառանգության» պատճառաբանություններից գոնե մեկը, որ այսօր ես ընթերցել եմ, այն էր, որ այսօրվա ԱԺ-ն գործուն համակարգ չէ և չի իրականացրել այն, ինչ որ պետք է ՀՀ-ին։ Հենց իրե՛նց եզրահանգման հիման վրա ես կոչ կանեի կուսակցությանը ևս մեկ անգամ վերանայել հարցը՝ նպատակահարմարությունը՝ անդամակցելու այն ԱԺ-ին, որին այսօր անդամակցում է կուսակցությունը։ Ինչևէ, իրենց ներքին գործն է, բայց, որպես բարի կամեցող, ընդհանրապես մարդ, որը «Ժառանգության» հետ ճանապարհ է անցել, և չի բացառվում նաև հնարավորությունն էլի ճանապարհ անցնելու, կարծում եմ, որ լավագույն տարբերակը, որը եղել է մինչ այսօր, այն է, որը մենք հետապնդել ենք, հետապնդում ենք և արտահայտել ենք ու արտահայտում ենք։ Դա համապետական արտահերթ նոր ընտրությունների անցկացումն է, և եթե տվյալ պարագայում պառլամենտի մասով մեզ չի բավարարում այն պառլամենտը, որն առկա է և չի կարողանում իր գործառույթներն իրականացնել, ապա միգուցե ճիշտ կլինի այդ հարցը ևս շատ լուրջ բարձրացնել, բարձրաձայնել ու պայքարել դրա համար։ Ինչևէ, հարցը դեռևս չի քննարկվել, ու ամբողջական տեղեկատվություն ունենալուց հետո մենք կանդրադառնանք դրան։

Իր հերթին ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ եթե քաղաքական մոտեցում է, որ խորհրդարանը չի գործում, ապա ոչ թե պետք է փորձել ԱԺ-ից դուրս ինչ-որ ֆորմատներ ձևավորել, այլ միանալ ՀԱԿ-ին, անհապաղ հրաժարական և բոլոր մակարդակների ընտրությունների անցկացում պահանջել, ինչը հնարավորություն կտա ձևավորել այն ԱԺ-ն, որն արտահայտում է քաղաքական հարաբերակցությունը։

-Հակառակը՝ մի քիչ փիլիսոփայական իմաստով անհասկանալի է։ Դա զուտ ոչ պրակտիկ մոտեցում է։ Պրակտիկ քաղաքական գործունեությունը թերևս դա պետք է թելադրեր և ոչ թե լրացուցիչ ֆորմատների ձևավորումը,- ամփոփել է Ա. Արզումանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը