Մեկնաբանություն

16.05.2019 00:30


Լյումպենը տարերքի մեջ է

Լյումպենը տարերքի մեջ է

Նիկոլականները ծանր են տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները եւ սատարում են նրան։

Իսկ սա, ինքներդ էլ հասկանում եք` մահվան համարժեք է հեղափոխականների համար։

Պրոֆեսիոնալ ցուցարարները երեկվանից իրենց տեղը չեն գտնում, կաշվից դուրս են գալիս` վերականգնելու «հանցավոր կերպով» խախտված արդարությունը եւ «տեր կանգնելու հեղափոխության արժեքներին»։ Եվ քանի որ մի տարի առաջ Նիկոլի հռչակած «հեղափոխական արժեքներից» մեծ կտոր` ականջն է մնացել, օրվա հրամայականը Ռոբերտ Քոչարյանին «ցմահ տալն» է։ Այդ «միջնորդությամբ» էլ գալիս են դատարանամերձ տարածք` ցույց տալու մկանները, ի լուր աշխարհի ասելու, որ իրենք ավելի շատ են, ու քանի «սաղ» են` Քոչարյանն ազատության երես չի տեսնելու։

Այստեղ «եղանակ են ստեղծում», մասնավորապես, Ջիվան Աբրահամյան անուն-ազգանունով մեկը (սա ոչ անհայտ «կապտամազիկ աղջկա»`ադրբեջանցի ընկերոջ հետ թռի-վռի անող, ադրբեջանական դրոշի ֆոնին նկարվող ու «ոգու» այդ տոնը հավերժացնող նկարը Ֆեյսբուք գցող Խաչատրյան Ասյայի մտերիմը), եւ ոմն Հայկազ (սա էլ նրանով է հայտնի, որ «Կիսաբաց պատուհանների» եթերում լաց էր լինում`պահանջելով կարգի բերել հարազատ տատիկին, որովհետեւ իրեն մարդատեղ չի դնում. «հեղափոխությունից» հետո մտել է մարդամեջ` դարձել է պրոֆեսիոնալ ցուցարար)։ Դեպքի վայրում սորոսական ծանոթ դեմքեր էլ կան։

Տեղում է նաեւ` Լոռու մարզպետարանի հեղափոխական չինովնիկներից մեկը. աշխատանքը թողած`ցույց է անում Քոչարյանի դեմ։

Դե, իսկ «ասֆալտին պառկելու» չեմպիոն Վարդկես Գասպարին`աչքի տակի կապտուկով, հաջողացրել էր մտնել դատարանից ներս եւ իր պատվավոր տեղը գրավել նիստերի դահլիճում։

Ու քանի որ սրանք պարապած են եւ շատ ագրեսիվ, ազատորեն եւ անկաշկանդ անում են այն, ինչ կարողանում են, ինչին կոչված են. հայհոյում են երկրորդ նախագահին փողոցային վերջին խոսքերով, լկտիաբար զրպարտում, վայրահաչում նրա հասցեին եւ սադրում «հակառակորդին»` դատարանի հարակից տարածքը վերածելով հակամարտ ճամբարների` սեւերի եւ սպիտակների բախման թատերաբեմի։

Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ։ Քաղաքական դատավարությունները մեզանում նորություն չեն։ Հիշենք ԼՏՊ-ի անփառունակ կառավարման շրջանի հնչեղ դատավարությունները` «Դրոյի» գործ, «Վահան Հովհաննիսյան եւ մյուսներ», «Սեպտեմբերի 26»-ի դեպքերի հետ կապված դատական ռազբորկաներ եւ այլն։ Նորություն չէ նաեւ, որ մարդիկ հավաքվում են դատարանի շենքի մոտ` զորակցելու ամբաստանյալներին, եւ «ազատություն» վանկարկում։ Նորությունը` նորամուծությունը, որ առաջին անգամ փորձարկվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու որոշումը «հետ պտտելու» համար, այն է, որ հեղափոխական իշխանությունը հակացույցեր է կազմակերպում` պահահանջելով խստացնել մեղադրանքը, եւ ինքնադատաստանի կոչեր անում։

Սա իսկապես նոր խոսք է հայրենի քաղաքական եւ դատաիրավական պրակտիկայում։ Եթե կուլ տանք այս «դեղահաբը»`խայտառակությունը, որին ներքաշվում են նաեւ դպրոցից բերման ենթարկված երեխաներ, սա դարձնենք «ապրելակերպ»`որպես հասարակություն, ժողովուրդ, 100 տարի դրա տակից դուրս չենք գա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը