Մեկնաբանություն

16.05.2019 17:20


Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Անկախ նրանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի` կվերականգնի՞ արդարությունը, կբավարարի՞ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, կվերացնի՞ կալանքը` որպես ԼՂՀ առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց, թե՞ ոչ, «ժողովրդի վարչապետը» հայտնվել է շատ անհարմար (մեղմ ասած` անհարմար) վիճակում։

Մի կողմից Ռոբերտ Քոչարյանի վրա կարված «գործն» ավազի տնակի պես փլվում է` բուն դատաքննության փուլը դեռ չսկսված։ Այսօրվա դրությամբ` դատարանն ընդամենը կալանքը երկարաձգելու կամ հակառակը` «կարճելու» հարցն է քննարկում, բայց իրականությանը բաց աչքերով նայող ցանկացած մեկը հասկանում է, որ իրականում քննարկելու բան չկա։ «Գործը» ջուր է, եւ ինչ էլ անեն, ինչքան էլ ձեռքը գցեն փրփուրներին, ըսի-ըսավներից, «իմ հիշելով»-ներից, անապացույց ենթադրություններից, կասկածներից, բամբասանքներից, շահարկումներից ու «ժողովրդական բանահյուսության» գոհարներից կազմված բազմահատոր «փաստեր» դեմ տան պաշտպանական կողմին, միս ու արյուն չի դառնա։

Մյուս կողմից, Փաշինյանը ծանր երկընտրանքի առաջ է կանգնել։ Մերժե՛լ Արցախի գործող եւ նախկին նախագահների երաշխավորությունը (միայն չասեք, թե Նիկոլը չի խառնվում արդարադատության «ներքին գործերին»), արցախահայությանը «ցույց տալ իր տեղը», «վախենալու» տեսք ընդունել, ձեռքը խփել սեղանին ու ասել` հանգի'ստ նստեք տեղներդ, դուք ո՞վ եք, որ միջամտում եք իմ (ներքին) գործերին, կնշանակի է'լ ավելի խորացնել անջրպետը հայկական երկու պետությունների միջեւ։

Ի վերջո, ինչքան էլ ջայլամի պես գլուխը մտցնի հողի մեջ` ձեւացնի, թե չի նկատում անհանգստությունը, որով արցախցի մեր հայրենակիցները հետեւում են Ղարաբաղյան ազատամարտի առանցքային դեմքերից մեկի նկատմամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին, անհնար է չտեսնել, որ դա լարվածություն է առաջացնում զույգ հայկական պետությունների հարաբերություններում։

Իսկ որ ավելի վտանգավոր է եւ ուղղակի կործանարար, դա կլինի ազդանշան`մեսիջ, ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին եւ առաջին հերթին Ադրբեջանին, որ Հայաստան-Արցախ միասնությունը ճեղք է տվել` այլեւս անցյալում է եւ չի կարող խոչընդոտել «տարածաշրջանում խաղաղության եւ կայունության» հաստատմանը։ Ա՛յն խաղաղությանը եւ կայունությանը, կապիտուլյանտական ա՛յն ծրագրին, որին մեզ համառորեն եւ հետեւողականորեն փորձում են նախապատրաստել մե՛րթ վարչապետ Փաշինյանի դիվանագիտական մտքի փայլատակումների, մե՛րթ Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի անթաքույց սպառնալիքների, մե՛րթ համանախագահների «լավատեսական հայտարարությունների» մակարդակով։

Ընդառաջե՛լ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի խնդրանքին նույնպես «դժվար է»։ Փաշինյանի կողմնակիցների` ակտիվ կողմնակիցների զանգվածը կատաստրոֆիկ արագությամբ սեղմվում է։ Կոոպերատիվ Գելափի «պլանային» հարցման արդյունքներով ձեռք բերված հակասական տվյալները, թե հպարտ քաղաքացիների 80 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գործունեությունը (մինչդեռ ընդամենը 60 տոկոսն է գոհ կառավարության աշխատանքից, եւ մոտավորապես այդքանն էլ պատրաստ է քվեարկել «Իմ քայլի» օգտին) հաշիվ չեն. պարզ է, որ պատվիրատուներն ինչքան ուզել՝ այնքան խփել են։

Կախարդական փայտիկով Հայաստանը երջանկության եւ բարեկեցության օազիս դարձնելու (եւ անգամ մահվան վերելակներն ու հուսահատության գազելները մեր կյանքից արմատախիլ անելու) խոստումները ջրվել են։ Այդ մարդկանց դեռեւս Նիկոլի կողքին պահող միակ «լուսավոր կետը» Քոչարյանին «ցմահ» ազատազրկված տեսնելու երազանքն է։ Փշրել այդ «բյուրեղյա» երազանքը կնշանակեր կտրել այն ծառը, որի վրա նստած ես։

Թավշյա վարչապետը հայտնվել է երկու քարի արանքում`պատային իրավիճակում է. քայլ անելու տեղ չունի։

«Եվս մեկ հեղափոխություն» գլուխ բերել չի կարող. փութաջանորեն գովազդված, Իջեւանի խոզի խորովածի բուրմունքով համեմված «Քաղաքացու օրը», ինչու չէ` նաեւ Քոչարյանին «գնդակահարելու, հետո` կախելու» պահանջով ընդհանուր իրավասության դատարանի մոտ ընդհուպ դպրոցականների ներգրավմամբ ընթացող հակացույցը ցույց է տալիս`քանի հոգի է պատրաստ վարչապետի առաջին իսկ կոչով փողոց դուրս գալ եւ պաշտպանել «հեղափոխության» չեղած արժեքները։

Մայիսյան եռատոնի օրերին Նիկոլի աչքին երեւացած «հակահեղափոխության» օջախները սաղմի մեջ խեղդելու եւ հեղափոխության «տրանսֆորմացնելու» խոստում-սպառնալիքը նույնպես իրատեսական չէ։ Ո՜վ՝ ով, բայց գոնե ղարաբաղցիները լավ գիտեն` ինչ ասել է պատերազմական վիճակում գտնվող չճանաչված երկիրը դարձնել քաղաքական խաղերի պոլիգոն, եւ սպանես էլ, չեն գնա նման արկածախնդրության։

Ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում Փաշինյանը դեմքը փրկելու մի՛ տարբերակ ունի` հանգիստ նստել տեղը, թույլ տալ` դատարանն ինքնուրույն որոշում կայացնի...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը