Մեկնաբանություն

17.05.2019 13:40


Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի «գործն» աննախադեպ է բոլոր առումներով։ Այն ամբողջությամբ քաղաքական է։ Իրավական մասը «ջուր» է և կողմնակալ։

Քննվում են բազմաթիվ հիմնարար հարցեր։ Սկսած Ղարաբաղյան շարժումից ու պատերազմից, վերջացրած «Իսկ ուզո՞ւմ ենք ու կարո՞ղ ենք արդյոք պետություն ունենալ» գոյաբանական հարցը։

Դատական գործընթացն աննախադեպ է նաև այն առումով, որ դատարանի դահլիճում հնարավոր է՝ տեսնենք Հայաստանի և Արցախի ներկա ու նախկին բոլոր ղեկավարներին։

Արցախի ղեկավարներն արդեն իսկ դահլիճում հայտնվել են։

Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ Քոչարյանի կալանքը փոխելու համար երաշխավորություն տալու փաստը վայնասուն է բարձրացրել իշխանական քարոզչամեքենայում։ Սրանք հայտարարում են, որ եթե դատարանը բավարարի Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, և Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, ապա դա կհարվածի Հայաստանին ու Արցախին։

Ամբողջ խնդիրն այն է, որ եթե Սահակյանի ու Ղուկասյանի երաշխավորությունը չհարգվի, ապա՝

1. կարժեզրկվի և կիմաստազրկվի երաշխավորության ինստիտուտը՝ որպես այդպիսին, քանզի եթե նրանց երաշխավորությունն է մերժվում, ապա ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես ունենալ երաշխավորության համակարգ,

2. Հայաստանին ու Արցախին լուրջ հարված կհասցվի։

Եթե երկու նախագահների երաշխավորությունը չհարգվի, ապա հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան, որ փաթաթվել է հայ ժողովրդի վզին, Քոչարյանին կալանքի տակ պահելու միջոցով կխորանա ու անցանկալի հետևանքներ կունենա։

Դատավորն, ըստ այդմ, շատ կարևոր ու պատասխանատու որոշում պետք է կայացնի, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պետք է ողջամտություն դրսևորի և որևէ կերպ չուղղորդի դատավորին։ Միևնույն է՝ ամբողջ պատասխանատվությունը վարչապետի վրա է, և ինքը պետք է հասկանա, որ այս պահին շահելով՝ շատ չանցած՝ կորցնելու է ավելի մեծ հարցում։

Հարցը վերաբերում է նաև ամբողջ իշխանական վերնախավին։ Գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է, բայց իշխանական թիմի բոլոր անդամներն էլ իրենց բաժին պատասխանատվությունը պետք է կրեն՝ ամեն մեկն իր չափով։ Գիտակցո՞ւմ են նրանք այս ամենը, կարծում ենք՝ այո։ Պատահական չէ, որ կառավարությունից ու «Իմ քայլից» նաև ադեկվատ արձագանքներ ու գնահատականներ կան։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին է։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Արցախի երկու նախագահների ներգրավվածությունը Քոչարյանի դատավարությանը կազդի՞ Հայաստան–Արցախ հարաբերությունների վրա՝ նա հայտարարել է, որ նման բան չի կարող լինել, և ինքը խնդիր չի տեսնում այդտեղ, ընդ որում՝ եթե դատարանն ընդառաջի երաշխավորությանը։

Ավինյանը, փաստորեն, դեմ էր արտահայտվել իշխանական քարոզչամեքենայի այն պնդումներին, որ Արցախի նախագահների վարքագիծը վնասելու է Հայաստան–Արցախ հարաբերություններին։

Շա՞տ են արդյոք ողջամիտ մարդիկ իշխանության ներսում, դժվար է ասել։ Ոմանք միգուցե նորմալ մտածում են, բայց չեն արտահայտվում։ Չեն արտահայտվում, քանզի իշխանական թիմի ներսում դեռ չկա Փաշինյանի վարկանիշին մոտ մեկ այլ սուբյեկտ, բայց վաղը չես կարող ասել, թե ինչ կլինի։

Մեկ բան ակնհայտ է՝ Փաշինյանի անձնական «կապրիզի» գերի չի կարելի դառնալ։ Ինչ մնում է Փաշինյանին, ապա նա ցնցումներից զերծ դաշտ ստեղծելու և երկիրը կառուցողական գծի մեջ դնելու ժամանակ դեռ ունի։ Հետո արդեն ուշ կլինի, և նույնիսկ դեմքը փրկելու տարբերակներ չեն մնա։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը