Լրահոս

01.04.2010 14:14


ՀՀԿ պատգամավոր. «Վճարի՛ր՝ վիրավորի՛ր»

ՀՀԿ պատգամավոր. «Վճարի՛ր՝ վիրավորի՛ր»

 -Օրենսդրական այս նախաձեռնությունը ենթադրում է փոփոխություն ՀՀ  քաղաքացիական օրենսգրքում, քրեական և քրեական դատավարությունների մասին օրենսգրքում,-ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը՝ ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով, ի դեպ, այդ օրինագծի համահեղինակներից մեկն է։

Բանախոսի հավաստմամբ՝ օրինագիծն ընդհանուր առմամբ միտված է բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրմանը քաղաքացիաիրավական հարթության մեջ։

-Դա պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունն է, եթե դրանք միտված են արատավորելու զրպարտանքի և վիրավորանքի միջոցով,-ասել է Հ. Սահակյանը։

Օրենքի նախագիծը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, նախատեսում է հրապարակային հերքում և ֆինանսական փոխհատուցում։

Եթե վիրավորանքն անուղղակի է արվել, ապա տուգանվում են նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, ապա 500-ի և հազարապատիկի չափով՝ նայած վիրավորանքի աստիճանին։ Այս մասին ևս տեղեկացրել է Հովհաննես Սահակյանը։ Արձագանքելով նրան՝ նույն ակումբում հյուրընկալված իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասել է, թե այդ թվերն աստղաբաշխական են.

-Հաշվի առնելով մեր ԶԼՄ-ների, Հայաստանի ցանկացած քաղաքացու ֆինանսական վիճակը՝ այս պատիժներով հնարավոր է մարդուն սնանկացնել։

Օրենքի նախագծի համահեղինակն ասել է նաև, թե օրենքի ընդունումը Եվրամիության պահանջն է։

Իսկ թե ինչ սկզբունքով է որոշվելու վիրավորանքի և զրպարտանքի աստիճանը, կվճռի դատարանը։

Աժ պատգամավորը նշել է, որ եթե նախկինում զրպարտանք և վիրավորանք պարունակող հոդվածների համար  լրագրողը կարող էր ազատազրկվել, ապա այժմ այս փոփոխությունն ազատազրկում չի ենթադրում.

-Հիմա ասում ենք՝ վճարի՛ր՝ վիրավորի՛ր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը