Լրահոս

01.04.2010 15:23


Ջիվան Գասպարյանն ու Արսեն Գրիգորյանը հայ–թուրքական հարաբերությունների մասին

Ջիվան Գասպարյանն ու Արսեն Գրիգորյանը հայ–թուրքական հարաբերությունների մասին

-Բնական է, որ մեր  իրավիճակը Թուրքիայի և Ադրբեջանի հետ լարված է, սակայն մոռանում եք, որ ժողովուրդն ու քաղաքականությունը տարբեր բաներ են։ Ժողովուրդն այլ բան է, պետությունն՝ այլ։ Ժողովուրդն ուզում է հանդիպել, ջան ասել, ջան լսել, դա քաղաքական բան չի,- «Հայելի» ակումբում ասել է հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը։

Նա նշել է, որ ժողովուրդներն ու արվեստագետներն իրենց կրոնն ունեն, արվեստագետներն իրար հարգում են. «Ես ինձ երբեք թույլ չեմ տվել այլ բաներից խոսել, պետք չէ։ Ես արվեստագետ եմ, իմ գործով եմ զբաղվում»։ Ջիվան Գասպարյանն իր նպատակը չի համարում մյուսին քարկոծելը. ժողովրդին պետք է բացատրել, որ երկիրը սխալ է.

-Ես այնտեղ միշտ ասում եմ՝ ժողովուրդն ի՞նչ կապ ունի։ Դու ի՞նչ կապ ունես, 15 տարեկան տղա ես կամ աղջիկ։ Ի՞նչ կապ ունես իմ պապերի հետ, քո երկիրն է սպանել, ոչ թե դու։ Նրբություններ կան, մենք ժողովուրդներին չպետք է լարենք իրար դեմ,- նշել է Ջ.Գասպարյանը։

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն) նշել է, որ այս հարցում ինքն այլ կերպ է մտածում և չի կարող անջատել թուրքերի անցյալն իրենց ներկայից.

-Ես չեմ կարող անջատել իրենց անցյալն իրենց ներկայից, որովհետև մինչև հիմա այդ նույն 15 տարեկան երեխան այնպես է տրամադրված, որ պետք է գնա Թալեաթի գերեզմանին ծաղիկ դնի, իսկ դա նշանակում է, որ նա ընդունում է, որ այն, ինչ արվել է՝ Ցեղասպանությունը, նորմալ երևույթ է։

Նա նշել է, որ ցանկացած երկրում շատ է կարևորում հասարակական մթնոլորտը, որը ծնում է թե՛ դրական, թե՛ բացասական բաներ, սակայն Թուրքիայից բազմաթիվ առաջարկներ ունենալով հանդերձ, որոնք, ըստ հրավիրող կողմի, պետք է նպաստեին հայ-թուրքական բարեկամությանը, Արսեն Գրիգորյանը մերժել է՝ տալով նույն բացատրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը