Լրահոս

01.04.2010 15:27


Սերժ Սարգսյանի և ՀՅԴ–ի միջև ավելի լուրջ քննարկումնե՞ր կարող են լինել

Սերժ Սարգսյանի և ՀՅԴ–ի միջև ավելի լուրջ քննարկումնե՞ր կարող են լինել

Պատասխանելով Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության տապալման մասին հարցին՝ ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանն «Ազդակ» ակումբում ասել է, որ տապալվելը սարսափելի բառ է, բայց եթե անգամ ընդունենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալվել է, ապա կարելի է ասել, որ դա նորի սկիզբն է։

-Բացասման բացասման օրենքը գիտե՞ք։ Հանճարեղ օրենք է։ Ցանում ես ցորենը, այդ ցորենը մեռնում է, մեկ էլ գարնանը մի հատ նոր ծիլ է առաջանում։ Գուցե այդպե՞ս նայենք։ Հայ-թուրքական հարաբերությունների վրա այսօր բացասման բացասման օրենքն էր գործում։ Այսինքն, մենք եկանք, այս փուլը տապալեցինք, բայց նոր հանգրվանի հասանք,- ասել է Ա. Պետրոսյանը՝ որպես օրինակ բերելով այն, որ արդեն կարծես սովորույթ էր դարձել ապրիլի 24-ին արևածաղիկ չրթելով Ծիծեռնակաբերդ գնալը.

-Այսօր ես գիտեմ, որ ապրիլի 24-ին արդեն միայն զբոսնելու, տղա, աղջիկ արևածաղիկ չրթելով չեն գնալու։ Ուրիշ մի իմաստ մտավ։ Ուրեմն նշանակում է՝ ինչ-որ մի նոր ծիլ եղավ, ուրեմն մենք այդ փուլն ավարտեցինք, փակեցինք, նոր արթնացած համաժողովրդական զարթոնք, հայ-թուրքական հարաբերությունների վրա նոր հայացքով պետք է առաջ գնանք։ Այ սա հենց նշանակում է դանդաղ շտապել։

Նա նաև նշել է, որ Սերժ Սարգսյանի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում ահռելի փորձ կուտակած Դաշնակցության հետ ավելի լուրջ քննարկումներ կարող են լինել։

-Այստեղ քաղաքական սնափառությունների խնդիր չի, որ նախագահը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, մենք՝ Դաշնակցությունը։ Չպետք է ամեն մեկը փորձի ի՛նքն ուժեղ երևալ։ Կարծում եմ՝ սա տնովի լուծելու հարց է,- հայտարարել է Ա. Պետրոսյանը։

Նա նաև ավելացրել է, որ ինքը Հայաստանում Սերժ Սարգսյանի ամենահին ծանոթներից մեկն է, և կարող է ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամ է շփումների համար.

-Փակ մեկը չի։ Ես առիթ եմ ունեցել հանդիպելու մի քանի ամիս առաջ, իմ կարծիքը հայտնել եմ։ Որքանո՞վ է դա իր վրա ազդել՝ չեմ կարող ձեզ ասել։ Բայց որ ինքը լսելու կարողություն ունի...ես դա շատ մեծ դրական հատկանիշ եմ համարում, որ մարդը կարողանում է նաև լսել, էն գլխից իմաստունի տեղ իրեն չի դնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը