Մեկնաբանություն

19.05.2019 12:35


Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ հասարակությանը՝ ամբոխ, իսկ ամբոխին՝ ոհմակ սարքելու արդյունքում ինքը շահելու է, ապա չարաչար սխալվում է։

Փողոցային «արդարադատություն» պահանջողների ու նրանց հետևում երևացող ներքին և արտաքին տիկնիկավարների իրական թիրախը «ժողովրդի վարչապետն» է, ավելի ճիշտ՝ Հայաստանն ու Արցախը։

Թուրք–ադրբեջանական տանդեմին ամբողջությամբ ձեռնտու է Հայաստանում «վերևից» խրախուսվող փողոցային «արդարադատությունը»։ Օգտագործվողները, բնականաբար, չգիտեն այդ մասին, ու իրենց դա չի էլ հետաքրքրում. իրենք «աբիժնիկ» են ու Նիկոլից փայ են ուզում։ Հեղափոխական փայ։

Ճակատագրի հեգնանքով հիմա ոհմակը Փաշինյանին համարում է հակահեղափոխական։ Բանն այն է, որ իրենք ճիշտ են։ Քանզի ցանկացած հեղափոխական իշխանության գալուց հետո դառնում է թունդ հակահեղափոխական, սակայն խնդիրն այն է, որ «Պանդորայի արկղը» բացելուց հետո բացողն արդեն չի կարողանում տիրապետել իրավիճակին ու վերջում հայտնվում է ոհմակի ոտքերի տակ։

Նիկոլը՝ հակահեղափոխական

Փաշինյանից երեկ բողոքողների համար առիթն այն էր, որ դատարանը որոշեց փոխել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Ոհմակին այդ առիթը պետք էր Փաշինյանից «հեղափոխական հաշիվ» պահանջելու համար։

Իսկ հաշիվն այդ վերաբերում է հեղափոխական հասույթին։ Շատերը տեսան, որ անթրաշ, անգրագետ ու կենսագրություն չունեցող մի խումբ մարդիկ հասան պաշտոնի ու ստացան արտոնություններ։ Ու քանի որ այդ շատերի մեջ լիքն են անթրաշ, անգրագետ ու կենսագրություն չունեցողները, ուստի իրենք մտածում են, որ իրենք ինչո՞վ են պակաս, որ ամեն օր «կայֆավատ» չլինեն պետության հաշվին։

Փաշինյանը հիմա, իրոք, Հայաստանի թիվ մեկ հակահեղափոխականն է, քանզի ներսից է տեսնում, թե ինչ էժանագին ու հակապետական կյանքով է ապրել նախկինում։ Եվ ինչքան վտանգավոր են դեմագոգիան ու պոպուլիզմը։ Բայց իներցիան հզոր է, ու նա ապրում է իր երկու «ես»–երի (ընդդիմադիր ու իշխանավոր) արանքում։

Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը չի կարողանում բարձրաձայն ասել, որ սխալվել է ու անիմաստ ապրել մինչև 43 տարեկանը և միայն 43–ից հետո է հասկացել, որ դատարկախոսությունը վատ բան է։ Ամբոխին, սակայն, այս ամենը չի հետաքրքրում։ Ոհմակի վերածվող ամբոխն իր բաժինն է ուզում փողոց փակելուց։

«Մենք տանջվենք ու փակենք փողոցը, դու ու կնիկդ գաք իշխանության և տժժա՞ք» թեմայով ոհմակը գրառումներ է կատարում ու լոզունգներ հնչեցնում։ Ոհմակն իրականում կատաղած է ոչ թե Քոչարյանի, այլ Փաշինյանի վրա։ Սրանք պատկերացնում էին, որ, ահա, գալու է իշխանության մեկը, ով իրենց պես է ու իրենց էլ է տանելու պալատ՝ սնվելու և վայելելու։ Փաշինյանը, սակայն, սրանց միայն վիրտուալ առումով (լայվերով) է իր հետ տանում պալատ, քանզի այլ կերպ չէր կարող լինել։ Բայց քանի որ չի կարող կտրուկ կտրել կապը փողոցից, ուստի պարբերաբար կատաղեցնում է ամբոխին, որպեսզի ցույց տա, որ ինքը նախկինի պես է։

Ամբողջ խնդիրն այն է, որ կատաղած ամբոխը (իրականում՝ ամբոխի հետևում կանգնածները) սկսել է արդեն Փաշինյանի գլուխը պահանջել, քանզի տեսարանից բացի՝ հաց չի ստանում։ Քաղաքական մուտիլովչիկներն ու թուրքական շահերին ծառայողներն էլ օգտվում են այս վիճակից ու պահանջում արմատական հեղափոխականություն, որի անունը դրել են «անցումային արդարադատություն»։ Դրանց պահանջն իրականում ոչ թե արդարադատությունն է, այլ հեղափոխության պտուղների վերաբաշխումը՝ փողոցային «արդարադատության» գործիքի միջոցով։

Ամբոխն՝ ընդդեմ պետության

Եթե Փաշինյանը կանգ չառնի ու շարունակի քսի տալ ոհմակին, որպեսզի ինքը մաքուր երևա, ապա փողոցային «արդարադատության» առաջին թիրախը հենց ինքը կդառնա՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Հրանտ Մարգարյանի վրա թոռների ներկայությամբ հարձակումն ու հեղափոխական ոռնոցներն առաջին ազդանշանն են։ Եթե այսպես շարունակվի, ապա քաղաքացիական պատերազմն անխուսափելի կդառնա։ Իսկ այդ դեպքում անարգանքի ու հակահեղափոխականության սյունին գամվելու է հենց Նիկոլ Փաշինյանը։ Իր իսկ երբեմնի կողմնակիցների ձեռամբ։

Պետության ու հասարակության շահերից է բխում փողոցային «արդարադատությունն» արմատախիլ անելն ու ոստիկանությանը ոհմակի դեմ բռնության կիրառման լեգիտիմությունը վերադարձնելը։ «Դուխով» գրությամբ գլխարկ կրողը չի կարող ավելի բարձր դասվել, քան ՀՀ զինանշանով գլխարկով ծառայություն իրականացնող շարքային ոստիկանը։

Ամբոխն ազգություն չունի։ Առավել ևս՝ ազգություն չունի ոհմակը։

Ամբոխը հանցագործ է։ Ոհմակը՝ առավել ևս։

Եթե Նիկոլն այս ամենը չի հասկանում, ապա ժամանակի ընթացքում կհասկանա։ Իսկ եթե հասկանում է ու դիտմամբ է անում, ապա թող հիշի, թե ինչով են ավարտվել Կերենսկու (լավագույն դեպքում) կամ մյուս հեղափոխականների քաղաքական ճակատագրերը։ Սթափվել է պետք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը