Լրահոս

01.04.2010 16:12


Արսեն Գրիգորյան. «Չեմ հավատում, որ մեր նախագահը կգնա ինչ-որ տարածքի հանձնման»

Արսեն Գրիգորյան. «Չեմ հավատում, որ մեր նախագահը կգնա ինչ-որ տարածքի հանձնման»

-Ինչ-որ քաղաքական քայլի, որը Հայաստանին է վերաբերում և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների մասին ես չեմ կարծում, որ արվեստագետը չպետք է խառնվի, որովհետև արվեստագետը նաև հասարակության մի մասն է։ Ինձ համար կարևոր է ամեն ինչ, որովհետև այդ նույն քաղաքականությունն ինձ համար է. ե՛ս պետք է մտածեմ, թե ինչ քաղաքականություն է որդեգրվում,- «7օր»-ի հետ զրույցում ասել է երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։

Նա նշել է, որ ընդհանուր քաղաքականության առումով այսօր Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է և պետք է օգտագործի ընդհանուր քաղաքական միջազգային իրավիճակը, որն այսօր ավելի նպաստավոր է Հայաստանի համար, քան երբևիցե։ Նրա կարծիքով դրա նշանները կան՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումը, Շվեդիայի կողմից ընդունումը և այլն։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նա նշել է, որ այդ հարցում ինքը՝ իբրև հայ, իբրև պատմության, Ցեղասպանության ժառանգորդ, չի կարող էմոցիոնալ չլինել.

-Ես ինքս ծնվել եմ արտասահմանում, ինչը հենց արդյունք է հայրենազրկման, այնպես որ այս հարցին իմ վերաբերմունքը չի կարող միայն բանականության հիման վրա լինել կամ դիվանագիտական և քաղաքական հիմք ունենալ։ Իմն էմոցիոնալ է, բայց քաղաքական գործիչները չպետք է էմոցիոնալ լինեն։ Իմ նախագահին ես եմ ընտրել և իր քայլերը հավանում եմ,- ասել է Արսեն Գրիգորյանը։

Անդրադառնալով արցախյան խնդրին, հատկապես վերջերս տարածքները որպես փոխզիջում դիտարկելու մասին խոսակցություններին՝ Ա. Գրիգորյանն ասել է, որ արդեն քանի տարի է՝ տարածքների հանձնման խոսակցությունները կան.

-Ես այդ հարցին չեմ հավատում։ Այդ հարցն անընդհատ արծարծվել է, և դա եղել է միայն ինչ-որ որոշակի քաղաքական նպատակներով, ինչ-որ մեկին վարկաբեկելու համար։ Հավատում եմ, որ այս անգամ էլ այդպես է։ Չեմ հավատում, որ մեր նախագահը կգնա ինչ-որ տարածքի հանձնման։

Արսեն Գրիգորյանի կարծիքով արցախյան հիմնախնդրի իսկական լուծումն արդեն տրվել է, և ամենաճիշտ ձևակերպումը հենց Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիրն է. «Ես չեմ կարծում, որ ընդհանրապես որևէ տարածքի հանձնում լինի, և հուսով եմ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը