Լրահոս

01.04.2010 17:02


Տիգրան Խզմալյան. «Շրջաններ հանձնելն է բերում պատերազմի»

Տիգրան Խզմալյան. «Շրջաններ հանձնելն է բերում պատերազմի»

-Ամրոցը ամուր է, քանի դեռ անքակտելի են նրա բոլոր մասերը։ Որևէ զիջում տվյալ դեպքում կտապալի պաշտպանական ողջ համակարգը։ Մենք հասել ենք ռազմավարական և աշխարհագրական եզակի մի իրավիճակի արցախյան ռազմաճակատում, որի սահմանը պաշտպանված է բնական պատնեշով,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքերով՝ Արցախի ազատագրված տարածքները չեն կարող սակարկության առարկա դառնալ, քանի որ տարածքների հանձնումը բերելու է պատերազմի։

-Ցանկացած փոխզիջում տապալում  է ռազմավարական համակարգը, որը համարյա անհնար է լինելու վերականգնել։ Ոչ մի միջազգային երաշխիք, ինչպես պատմությունն է հուշում, մեր սեփական պաշտպանության համար չի կարող փոխարինել մեր սեփական ջանքերին,-ասել է նա։

Ըստ Տիգրան Խզմալյանի՝ ադրբեջանական կողմն էր ժամանակին սովորեցնում, որ հողը նվաճվում է ոչ թե խոսքերով, խնդրանքներով և փաստաթղթերով, այլ արյունով։

-Նրանք իրենք ընտրեցին այդ ուղին, այդ ճանապարհը և 20 տարի անց չեն ուզում հաշտվել իրենց իսկ սկսած պատերազմի արդյունքների հետ։ Այս իրավիճակը ստեղծվել է պատերազմի արդյունքում, և պատերազմի արդյունքները զիջումներով չեն փոխում։ Շատ տարօրինակ է, որ արյունով, մեր նահատակների՝ 6-7 հազար մարդու կյանքի գնով և մեր ողջ սերնդի ճակատագրի ու նվիրվածության, կյանքի գնով նվաճված հողը հիմա սեղանին է դրված սակարկելու համար,-նշել է նա։

Տիգրան Խզմալյանը պնդել է, որ եթե ոչ մի երկիր նման փոխզիջումների կամ զիջումների օրինակ ցույց չի տալիս, ինչո՞ւ մենք պիտի գնանք այդ քայլին։

-Ո՛չ Ռուսաստանն է Ճապոնիային նվիրում վիճահարույց Կուրիլյան կղզիները, ո՛չ Ֆրանսիան է Կորսիկային անկախություն նվիրում, ո՛չ Իսպանիան՝ Կատալոնիային կամ բասկերի երկրին, ո՛չ Ալյասկան են նվիրում...այս ամենը տեղի չի ունենում, և ո՛չ ոք ոչ մի բարոյական իրավունք չունի պահանջել դա մեզնից՝ Ցեղասպանության 95-րդ տարելիցի շեմին կանգնած ազգից, որը պաշտպանել և շարունակում է պաշտպանել իր ֆիզիկական գոյությունը,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը