Մեկնաբանություն

21.05.2019 09:45


«Ծերուկն» անտանելի է դառնում

«Ծերուկն» անտանելի է դառնում

Դատական իշխանությունը «պաշտոնապես» յուրացնելու հուսահատ փորձը հիմնավորելով` վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձեց պատրանք ստեղծել, թե դա այնքան էլ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշման հետ. վաղուց հասունացած`«խորապես կշռադատված» որոշում է, որ վաղ թե ուշ լինելու էր։

Փաշինյանն, ինչպես միշտ, ստում է։ Կամ, այսպես ասենք`ճշմարտության կեսը ասելով՝ խեղաթյուրում է իրականությունը։

Մանկապարտեզի երեխան էլ հասկանում է, որ Քոչարյանի կալանքից ազատվելն է շարժել սրա «գլխի որդերը» եւ հանել հունից։ Այն աստիճան, որ ուղղակի թքած ունենալով օրենքների, Սահմանադրության վրա, «էշ կերած, էշ մեծացած» գեղցի ուտող-խմող «տղու» բռունցքի ողջ ծանրությամբ հարձակվեց ու նոկաուտի ենթարկեց դատական համակարգը, ինչ է թե առանձին վերցրած մեկ դատավոր իր ասածին «չէ» է ասել` հեղափոխական փանջունիների քիմքին անհաճո որոշում է կայացրել։

Ուրիշ բան, որ սուտնիկոլ-վարչապետը նո՛ր չի հանգել այն իմաստուն մտքին, որ իր անփառունակ կառավարումը երկարաձգելու միակ շանսը սահմանադրական կարգն անշրջելիորեն տապալելն է. ապրիլյան «հեղափոխությամբ» Հայաստանում հաստատված անձնիշխանությունից («ժողովրդի դիկտատուրայից») մազապուրծ, տեղ-տեղ դեռ կենդանության նշաններ ցույց տվող երրորդ իշխանության վերջին մնացորդներն արմատից կտրելը, «ժողովրդի թշնամիներին» բացահայտելը եւ տեղում վնասազերծելը (դա՛ նկատի ուներ հավանաբար, երբ սպառնում էր նեղն ընկնելու դեպքում «մի հատ էլ հեղափոխություն անել»)։

Որովհետեւ գլխին գալիքը լավ գիտեր` ամենայն մանրամասնությամբ տեղյակ է «Քոչարյանի գործի» բոլոր դրվագներին եւ քաջ գիտակցում է՝ գործը ջուր է, տակը բան չկա` դռնբաց դատավարության ընթացակարգին չի դիմանա։

Իզուր չէ, որ անցած շաբաթ Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ընթացող լսումների ժամանակ մեղադրող կողմն անընդհատ խանգարում էր, թույլ չէր տալիս` պաշտպանական կողմը ցույց տալ, թե ինչ «ղալաթներ» է արել նախաքննական մարմինը` բազմահատոր գործի նյութերից քերել-հանելով այն ամենը, ինչը կարող է մեկնաբանվել «մեղադրյալի» օգտին։ Եվ թողնելով «մեղադրական» ցուցմունքները, վկայությունները, «փաստերը» եւ անվճար լրացման կարգով դրանց կցված ստեղծագործական մտքի գոհարները, որ քննչական խումբը ջանում է 100 տոկոսանոց ճշմարտության տեղ անցկացնել։

Դատարանն ինչքան էլ վախեցած` ահաբեկված լինի վարչապետ կոչվածի թաքուն եւ անթաքույց սպառնալիքներից, չի կարող բացահայտորեն աչք փակել պաշտպանական կողմի մատնանշած փաստերի, փաստարկների վրա եւ ակնհայտ անօրինական որոշումներ կայացնել։ Այն էլ` հանրապետության երկրորդ նախագահի «վրայով», որը, ինչպես ափսոսանքով նշում են դատախազները, հեղինակություն ունի ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, ու կարող է պաշտպանել իր իրավունքները։

Սահմանադրական դատարանի վերջին որոշումները (հոկտեմբերի 2-ին ԱԺ կանոնակարգ-օրենքում ընդունված փոփոխությունների օրինականության եւ Վճռաբեկ դատարանի հայտնի որոշման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ), նմանապես լավատեսության առիթ չեն տալիս։

Մնում է աշխարհին ի լուր, աշխարհին ի տես ձեռքը խփել սեղանին եւ «նախկին կոռուպցիոն համակարգից» մնացած «հանցավոր» դատական համակարգն օրենքից դուրս հռչակել` հայտարարել, որ արդարության լիակատար եւ վերջնական հաղթանակին, տնտեսական հեղափոխությանը եւ ներդրումներին հիմա էլ նախորդ իշխանությունների «դուդուկի տակ պարող» կոռումպացված դատավորներն են խանգարում. «հեղափոխության» վերջին հույսը վերեւից իջեցված պատվերները հլու-հնազանդ սպասարկող ձեռնասուն դատարաններն են։

Ինչպե՞ս զտել համակարգը «կոռուպցիոն համակարգի թափոններից»։ Այս հարցի պատասխանը հանճարեղության չափ պարզ է. այն դատավորները, որոնք մտքի ծայրով անգամ անցկացնում են, թե կարող են Փաշինյանի ասածին «չէ» ասել, անհապաղ պետք է հրաժարական տան, փասա-փուսաները հավաքեն ու սուսուփուս հեռանան, եթե չեն ուզում «վեթինգի» տակ մնալ։ Իսկ նրանք, ովքեր օպերատիվ արձագանքում են օրվա «կուրսին»` պատրաստ են անվերապահորեն ծառայել Փաշինյանին ու իր «կամանդին», կշարունակեն աշխատել։ Այդքա՛ն բան։

Փաշինյանը նախապես հայտարարել էր, թե ակնկալում է հպարտ քաղաքացիների «համաժողովրդական աջակցությունը», բայց դա հենց այնպես` օդի մեջ ասված գեղեցիկ խոսք էր։ Հազիվ 2000 մարդ արձագանքեց դատարանները շրջափակելու եւ դրանց աշխատանքը կաթվածահար անելու կոչին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում. «ժողովրդի» անունից ասվա՞ծ է, որ համակարգը պետք է ազատել անբարեհույսներից, վե՛րջ, ներում-բեկում չի լինելու՝ ոչ մեկը չի «պլստալու» վարչապետի ամենատես հայացքից։

Հրապարակվեց նաեւ «հակահեղափոխության» ցանկացած դրսեւորում բնում խեղդելու ճանապարհային քարտեզը։ Այն է`ամենակարճ ժամկետում ջրի երես հանել ու չեզոքացնել Փաշինյանին քննադատող «անպատասխանատու» լրատվամիջոցներին, «դավադիր պատերազմ» հրահրող եւ «հողեր հանձնելու» չարանենգ պլաններ մտմտացող դավաճանական տարրերին, լինի Հայաստանում, թե «հարեւան» Արցախում։

Այն, որ սա խելացնորություն է`քաղաքական անմեղսունակության դասագրքային օրինակ, ապացուցման կարիք չի զգում։ Բայց Հայաստանը որբի գլուխ չէ` փորձադաշտ չէ, մենք էլ փորձաճագարներ չենք, որ ով ինչ ուզի`անի, մտքով ինչ անցնի` փաթաթի մեր վզին։

Տղամա՞րդ է`թո՛ղ հայցի ժողովրդի վստահության քվեն` համաժողովրդական հանրաքվեի դնի քվազիդատական այս «ռեֆորմը», տեսնենք` ժողովրդի քանի՞ տոկոսը կքվեարկի դրա օգտին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը