Լրահոս

02.04.2010 09:51


Արցախը պատրաստվում է Գանձասարի 770-ամյակի տոնակատարություններին

Արցախը պատրաստվում է Գանձասարի 770-ամյակի տոնակատարություններին

Այս տարի լրանում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի փոխադարձ համաձայնությամբ Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները որոշել են Արցախի հոգևոր-մշակութային կյանքում մեծ կարևորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշել Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով: Տոնական միջոցառումները նախագծելու և կազմակերպելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հրամանով և Պարգև Սրբազանի օրհնությամբ կազմվել է կառավարական և թեմական համատեղ հանձնաժողով' ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը, որի կազմում են հոգևորականներ, ԼՂՀ կառավարության նախարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դասախոսներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարտի 30-ին գումարեց իր անդրանիկ նիստը, որը վարում էր Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում հնչեցին ու քննության առնվեցին առաջիկա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ, կազմվեց տոնական միջոցառումների հիմնական ծրագիրը: Մասնավորապես' նախատեսվում է մշակութային և կրթական միջոցառումների շարք' համերգներ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններում տարբեր ծրագրեր և այլն, Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայագետների, պատմաբանների ու ճարտարապետների մասնակցությամբ գումարել գիտաժողով, կազմակերպել ուխտագնացություններ, նկարահանել ֆիլմ, կատարել հրապարակումներ, ստեղծել կայքէջ և այլն: Հուլիսի 11-ին' Վարդավառի տոնին, Պարգև Սրբազանի ձեռամբ Գանձասարում կմատուցվի տոնական հանդիսավոր Ս. Պատարագ: Տոնական միջոցառումներին նախատեսվում է նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի ներգրավումը:

Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թթ.' Արցախի Ներքին Խաչեն գավառի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի կողմից: Եկեղեցու բացումը կատարվել է 1240 թ. հուլիսի 22-ին' Վարդավառի տոնի օրը:

Այս խորագրի վերջին նյութերը