Մեկնաբանություն

21.05.2019 14:25


Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն ու գործողություններն իրենց բնույթով հակապետական էին, հակաիրավական ու ազգային անվտանգությանը սպառնացող:

Իշխանության առաջին դեմքի մակարդակով տեսակետ հնչեց, որ Արցախում կան դավադիր ուժեր (թափանցիկ ակնկարկն ակնհայտորեն ուղղված էր Արցախի ղեկավարությանն ու զինված ուժերին), որոնք ուզում են ՀՀ վարչապետին վնասել:

Զարգացնելով հեղափոխություն-հակահեղափոխություն դեմագոգիկ միտքը և հետևողականորեն շարունակելով Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրելու քարոզը՝ Փաշինյանը նշել է հետևյալը. «Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»։

Իր այս ձևակերպումներով Փաշինյանն Ադրբեջանում ոգևորություն է առաջացրել, և հիմա այնտեղ քննարկվում է Արցախի վրա կայծակնային հարձակում իրականացնելու հնարավորությունը:

Ադրբեջանական մամուլը, որը բացառապես Ալիևի ռեժիմի տեսակետներն է ներկայացնում, գրում է, որ հիմա ճիշտ պահն է եկել օգտվելու Փաշինյանի ընձեռած հնարավորությունից ու հետագայում ռազմական գործողությունների էսկալացիայի մեղքը բարդելու արցախյան կողմի վրա:

Թե ինչու Փաշինյանը նման բան արեց, տարբեր մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տալիս: Մեկ բան ակնհայտ է՝ նա փորձում է «էս գլխից» ապահովագրել իրեն ենթադրյյալ ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմի հնարավոր կորուստներից: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը հասկացել է, որ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը վնասել է մեր երկրի պաշտպանունակությանը, ու հետևություններ անելու և քայլեր ձեռնարկելու փոխարեն նա ընդամենը պատասխանատվությունից խուսափելու ճանապարհներ է փնտրում, այն էլ՝ Ադրբեջանին ձեռնտու տարբերակով: Այսինքն՝ Փաշինյանին միայն սեփական խնդիրներն են հետաքրքրում: Նա անձնական շահը վեր է դասում պետականից կամ ավելի ճիշտ՝ անձնականին տալիս է բացարձակ գերակայություն, իսկ պետականին՝ զրոյական արժեք:

Փաշինյանի երեկվա հայտարարությունը նաև մեկ այլ «մեսիջ» էր պարունակում: Նա իր այդ հակապետական մոտեցումները պաշտպանողների «քասթինգ» հայտարարեց Արցախում: Առաջին հաճախորդն արդեն իսկ հայտնվել է: Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում տխրահռչակ Վահան Բադասյանը զարգացրեց «ժողովրդի վարչապետի» թեզիսները՝ փաստացի ջուր լցնելով ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ու վարկաբեկելով արցախյան հաղթանակն ընդհանրապես:

Բադասյանը պատերազմն անցած մարդկանց ու հատկապես հրամկազմին ներկայացրեց որպես հանցագործներ: Նա, մասնավորապես, անհիմն մեղադրանքներ հնչեցրեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հասցեին: Այն Բաբայանի, որին ընդամենը ամիսներ առաջ քծնում էր ու ներկայացնում որպես ազգային հերոս՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել նրան (Բադասյանի ծառայության կարիքը չզգացվեց, ու նա դարձավ «աբիժնիկ»):

Բադասյանի՝ «Հայկական ժամանակում» հայտնած մտքի «գոհարները» չենք մեջբերում զուտ հիգիենայի կանոնները պահպանելու և ադրբեջանական քարոզչամեքենայի «կոդերը» չտիրաժավորելու նպատակով: Նա անում է նույն բանն, ինչ անում էր Փաշինյանը վարչապետ դառնալուց առաջ ու հատկապես հետո, այն է՝ վարկաբեկում մեր բանակը, ցեխ շպրտում պատերազմն իրենց ուսերին կրած մարդկանց վրա ու խորացնում հայաստանցի-ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան:

Ահա այսպիսի անբարոյականների ու ադրբեջանական «նաղլ» անողների վրա է ուզում Արցախում հենվել Փաշինյանը: Ավելի մեծ վնաս Հայաստանի ու Արցախի անվտանգությանը դժվար է պատկերացնել:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են Փաշինյանի քաղաքական շահն ու մեր երկրի պետական շահն այսքան հակադրված: Այդպե՞ս է ստացվում, թե՞ գործ ունենք նախապես ծրագրված քաղաքականության հետ. «հերձումը» ցույց կտա:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը