Լրահոս

02.04.2010 12:13


Թոնի Այոմին և Իէն Գիլանը կձայնագրեն նոր երգեր հայկական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով

Լեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղության «կնքահայր» Թոնի Այոմին հայտարարել է, որ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի հետ կձայնագրի մի քանի նոր երգ' Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, Թոնի Այոմին այդ մասին ասել է Metal Hammer-ի հետ բացառիկ հարցազրույցում:

«Մի քանի շաբաթ առաջ ես ու Գիլանը հանդիպեցինք եւ ձայնագրեցինք մի քանի թրեքեր, որպեսզի միջոցներ հավաքագրենք Հայաստանի դպրոցի համար: Մենք Հայաստանի համար միջոցներ հավաքեցինք 20 տարի առաջ եւ ցանկանում ենք կրկնել այդ փորձը: Մի քանի ամիս առաջ այցելեցինք Հայաստան, եւ նախագահը մեզ հանձնեց Պատվո շքանշաններ: Մենք այնտեղ էինք Իէնի հետ, մեզ հետ էր նաեւ Փեթ Քեշը: Մեզ ցույց տվեցին հին երաժշտական դպրոցը, որտեղ բավական ցուրտ էր, իսկ դպրոցի աշակերտները չունեին երաժշտական գործիքներ: Մենք նրանց նվիրեցինք մի քանի կիթառ եւ հարվածային սարքավորում, ինչպես նաեւ ցանկանում ենք երեխաների համար կառուցել նոր դպրոց:

Մենք պատրաստվում ենք միասին ձայնագրել մի քանի երգ եւ հուսով ենք, որ մեզ կհաջողվի բավականաչափ գումար հավաքել նոր դպրոցի կառուցման համար: Այժմ մեր ծրագրերը գտնվում են քննարկման փուլում: Մենք մտածում ենք մի քանի կենդանի կատարումների մասին, սակայն դեռեւս պետք է Իէնի հետ պարզենք մեր ծրագրերը, քանի որ, հուսով եմ, շուտով կվերսկսեմ շրջագայությունը Heaven and Hell-ի հետ»,- ասել է Թոնի Այոմին:

Թոնի Այոմին եւ Իէն Գիլանը Հայաստան էին այցելել 2009թ. հոկտեմբերի 1-2-ին «Մեդիամաքս»-ի կողմից կազմակերպված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում: Ս.թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կայացան Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, եւ ողջ հասույթը' 18 մլն 327 հազ. դրամ, կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար շենքի կառուցմանը:

Այս խորագրի վերջին նյութերը