Մեկնաբանություն

23.05.2019 10:20


Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Մինչ Մոսկվան լռում է` պաշտոնապես չի անդրադարձել Փաշինյանի այլեւս ճչացող անմեղսունակության վերջին պոռթկմանը (երեւի հասկացել են, որ դա անիմաստ է`դեռ փորձագետների, վերլուծաբանների մակարդակով են փորձում սրանց բա՛ն հասկացնել), եվրոպական հանրությունը բավական կոշտ եւ աներկբա արձագանքեց «փողոցը» դատարանների վրա քսի տալու արկածախնդիր նախաձեռնությանը։

Այդ առումով բնութագրական է Եվրախորհրդարանի`ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմի արձագանքը։

Ուշագրավ է, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահն իր հայտարարության մեջ հստակ ֆիքսում է, թե ինչը ինչից հետո է եղել` ինչպես եւ ինչու է Փաշինյանը գնացել Սահմանադրությանն ակնհայտ հակասող այդ քայլին. «Մայիսի 18-ին Երեւանի դատարաններից մեկը՝ որպես դատական գործընթացի ելք, որոշում էր կայացրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ»։ Եվ միայն դրանից հետո մտահոգություն է հայտնում «վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ` մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։ Մեր մտահոգությունն ենք հայտնում նաեւ պարտադիր եւ ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին»։

Եվրախորհրդի արձագանքը նույն տրամաբանության մեջ է. ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները նույնպես փաստում են, որ Փաշինյանի կոչը հաջորդել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատավորի որոշմանը (մինչդեռ վարչապետը փորձեց այնպես ներկայացնել, թե դատարանների վրա հարձակվելու հանձնարականը, մեծ հաշվով, դրա հետ կապ չուներ)` ընդգծելով. «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ»։

Եվ «մոռացկոտներին» հիշեցնում են. «Դատական իշխանության անկախությունը օրենքի գերիշխանության նախապայման է, եւ օրենքի գերիշխանությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների որեւէ միջամտության բացակայությամբ»։

Ամերիկյան կողմի արձագանքն ավելի զուսպ էր, բայց նույնպես տարընթերցման տեղիք չի տալիս։ Այն է`Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի կառավարության հռչակած դատական բարեփոխումներին, բայց ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում։

Փաշինյանը երեւի կարծում էր, թե կարելի է հարցը լուծել գեղական կարգով։ Օրինակ` մեր կյանքը բառի բուն իմաստով կաթվածահար արած հետհեղափոխական վայրիվերումներին ուշի-ուշով հետեւող եվրոպական կառույցների պատասխանատուներին հատ-հատ (կամ փաթեթով) հրավիրել իր ամառանոց, Իջեւանի խոզի խորոված, խորոված սունկ կերցնել, հոնի օղի խմացնել ու լեզու գտնել հետները`սահմանադրական կարգը օրը ցերեկով տապալելու դաբրո ստանալ. չգիտեր, որ եվրոպաներում հարցերն այդպես չեն լուծվում, այլապես Ալիեւը վաղուց բոլորին առած, գրպանը դրած կլիներ։ Եվ ինչպես միշտ, սխալվեց իր հաշվարկներում։

Մեր հասարակության (ոչ թե «ժողովրդի», որի հետեւում փորձում է թաքնվել) հակազդեցությունը նմանապես բավական կոշտ էր. պետության ապագայով շահագրգիռ բոլոր կայացած ուժերը եւ անհատները (բացի քայլարածներից ու սրանց անվճար կամ վճարովի հավելվածի դերում հանդես եկող ՔՈ «կուսակցության» ակտիվիստներից ու «ծռերից»), խստորեն դատապարտեցին Փաշինյանի տիտանական մտքի գլուխգործոցը` գնահատեցին դա որպես հանցագործություն, անհեռատես քայլ, որը զրոյացնում է Սահմանադրության առաջին հոդվածում ամրագրված դրույթը՝ որ Հայաստանը իրավական պետություն է։

Սա ոչ ավել, ոչ պակաս, դեղին քարտ է արգելակներն անջատած, պետությունը քաոսի եւ անիշխանության անդունդը գլորող Փաշինյանին եւ «կամպանիային». ահազանգ, որ ժամանակն է կանգ առնել` մենք (այս խելացնորության դեմն օր առաջ առնելու կողմնակիցներս ճիշտ էինք, իրենք` սխալ, երբ ասում էինք, որ այսպես երկիր չեն կառուցում` այսպես քանդում են պետությունը եւ պետականությունը)։

Ժողովրդի անունից` ժողովրդի դեմ

Քայլարածները խիստ յուրատեսակ պատկերացումներ ունեն Սահմանադրության եւ սահմանադրականության մասին. Սահմանադրությունից առանձնացնում են մի հոդված` 2-րդ հոդվածը, ու առավոտից իրիկուն թափ տալիս ընդդիմախոսների քթի տակ` ասելով. «Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Եվ ուրեմն` «ժողովրդի դեմ խաղ չկա». ժողովուրդը ինչ ասեց, այնպես էլ կլինի։

Փաշինյանն իր աղմկահարույց հայտարարության մեջ չզլացավ հիշատակել նաեւ փոփոխության ոչ ենթակա այդ հոդվածի երկրորդ պարբերությունը, որտեղ գրված է. «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Որից իբր հետեւում է, թե ինքը`որպես ժողովրդի 80 տոկոսի վստահությունն ունեցող կառավարության ղեկավար, կարող է, անգամ պարտավոր է խոսել ժողովրդի անունից եւ անել այն, ինչ սիրտը ուզում է։

Իրողությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների ընդամենը 45 տոկոսը մասնակցեց դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին։ Մյուսները, այլընտրանք չտեսնելով, չգնացին քվեարկության եւ փաստացի մերժեցին Փաշինյանին ու իր թմբկահարած «արժեքները»։

Երկրորդ, եւ ամենակարեւորը` ոչինչ հավերժ չէ այս երկնքի տակ։ Առավել եւս` հեղափոխական էյֆորիայի ներքո ձեւավորված «վստահության քվեն»։ Երկրում իրավիճա՛կ է փոխվել` հպարտ քաղաքացիների աչքերը բացվել են. մեծամասնությունը հասկանում է` ինչ փորձանք ենք բերել մեր գլուխը, եւ անգամ իր երբեմնի կողմնակիցների զգալի մասը երես է թեքել իրենից էլ, իր հայտարարած «բարեփոխումներից» էլ։ Այս պարագայում «80 տոկոսանոց աջակցության» մասին խոսելը պարզ մանիպուլյացիա է` աչքակապություն եւ ուղեղների լվացում։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանը երկու ճանապարհ ունի` կա՛մ խելքը գլուխը հավաքել, թեկուզ ուշացումով վերադանալ կառուցողական դաշտ, տեր կանգնել «սիրո եւ համերաշխության», «թշնամանքի եւ ատելության էջը փակելու», «վենդետտաներ չանելու» խոստումներին եւ վերջապես մտնել վարչապետի դերի մեջ, ինչքան էլ դա դժվար լինի բամբասանքի եւ զրպարտության «ոլորտում» հավասարը չունեցող նախկին լրագրողի համար, կա՛մ հեռանալ, երկիրը զերծ պահել ցնցումներից։

Կա նաեւ երրորդ տարբերակը` հանրաքվե անցկացնել եւ ստանալ ժողովրդի թույլտվությունը`խոսելու իր անունից, խելագարվելու եւ անկանոն, անկանխատեսելի շարժումներ անելու, որոնց հետեւանքները կարող են կործանարար լինել նույն ժողովրդի եւ պետության համար։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը