Լրահոս

02.04.2010 14:27


Կարեն Բեքարյանն ընդունում է, որ սխալվել է

Կարեն Բեքարյանն ընդունում է, որ սխալվել է

2009թ. սեպտեմբերի 5-ին, հյուրընկալվելով «7օր»-ին, «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հանգեցնելու է սահմանի բացմանը։

-Ե՞րբ,- «7օր»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ նա ասել էր.

-Հավանականությունը մեծ է, որ դա կլինի 2010թ. փետրվար-մարտ ամիսներին։ Դա 100%-ով չի, որովհետև տարածաշրջանը ենթարկված է ֆորս մաժորների։ Իսկ գործընթացները ցույց են տալիս, որ կողմերը գնում են սահմանի բացմանը։

Հետագայում այս հայտարարությունը նա բազմիցս կրկնել է նաև մամուլի ասուլիսների ժամանակ։ Անգամ մինչև վերջերս էլ՝ 2010թ. փետրվարի 17-ին, Կ. Բեքարյանը պնդեց, որ իր համար արձանագրությունների վավերացման հավանական ժամկետը մնում է փետրվար-մարտը։

-Մենք դեռևս ունենք հավանականություն, և այդ հավանակային ժամկետն ինձ համար մնում է փետրվար-մարտ ամիսը, որովհետև դրանից հետո մենք գործ ենք ունենալու լրիվ այլ իրավիճակի հետ,- այդ ժամանակ նշել էր փորձագետը։

Իսկ այսօր արդեն «Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Կ. Բեքարյանն ընդունել է, որ սխալվել է իր կանխատեսումներում։

-Այո՛, ընդունում եմ, որ սխալվել եմ։ Սակայն եթե կհիշեք (կանխատեսումը եթե ամբողջական անենք), մշտապես ասել եմ, որ ես համարում եմ, որ նորմալ գործընթացի հավանականությունը 60%-ից ավելի է։ Երբևիցե չեմ արել կանխատեսում՝ մտածելով, որ դա 100%-ով պետք է տեղի ունենա,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ նշել է փորձագետը՝ ընդունելով նաև, որ եղել է ավելի լավատես, քան ցույց տվեց ժամանակը։

Այսօր արդեն նա ասում է, որ առաջիկա 10-օրյակի վերջում Վաշինգտոնում նախատեսված Սարգսյան-Օբամա-Էրդողան հնարավոր հանդիպումից և բանակցություններից պարզ կդառնա հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի հնարավոր խթանումը կամ վերջնականապես արգելափակումը։ Հիշեցնենք, որ ապրիլի 12-13-ը ՀՀ նախագահը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք «միջուկային գագաթաժողովին»։

-Այստեղ իրավիճակը շատ ավելի սպասողական է։ Այստեղ կարելի է անել կանխատեսումներ՝ ելնելով այդտեղ տեղի ունեցող ինչ-ինչ սցենարի զարգացումից,- նշեց Կ. Բեքարյանը,- վաշինգտոնյան հանդիպումներն ի՞նչ արդյունք կտան՝ պետք է տեսնել, փորձել հասկանալ։ Նորից եմ ասում՝ հնարավոր է իրավիճակի փոփոխություն, հնարավոր են արագ զարգացումներ, բայց հավանականությունը մեծ չի, որովհետև ֆոնը բավական բացասական դարձրին այս ամիսների ընթացքում։

Այսինքն, ըստ Կ. Բեքարյանի, համեմատած մի քանի ամիս առաջ եղած իրավիճակի հետ, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման գործընթացի հավանականությունը բավական նվազել է.

-Կարծում եմ՝ հավանականությունը զրոյական չէ, բայց այն, որ ամիսների ընթացքում հավանականությունը բավականին նվազեց, պետք է արձանագրել որպես փաստ։

Ի դեպ, նշենք նաև, որ Կարեն Բեքարյանը Հանրային խորհրդի այն անդամներից էր, ովքեր ակտիվորեն կողմ էին արտահայտվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը