Լրահոս

02.04.2010 14:38


Կիրո Մանոյան. «Կարծում եմ՝ ամսի 12–13–ը Վաշինգտոնում կկայանա Սերժ Սարգսյանի և Էրդողանի հանդիպումը»

-Կարծում եմ՝ ամսի 12-13-ը Վաշինգտոնում կկայանա նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը ամերիկյան կողմի մասնակցությամբ։ Սա առայժմ կարծիք է,- «Փաստարկ» ակումբում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա կարծիքով ԱՄՆ նախագահի Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, իսկ վերջին օրերին Թուրքիայի կողմից այն հստակեցումները՝ Էրդողանը գնում է, թե չի գնում, հենց այդ նպատակն են հետապնդում։ Թուրքիայի նպատակն է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը երաշխիք տա, որ ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև չի լինի, և Օբաման իր ուղերձում «ցեղասպանություն» բառը չի արտասանի։ Այդ հանդիպումը, ըստ Կիրո Մանոյանի, նախագահ Սերժ Սարգսյանի համար բավական վատ է. «Այս տարի ևս ինքն ու իր իշխանությունը պետք է արդարորեն մեղադրվեն, որ պատճառ եղան և առիթ տվեցին, որ ԱՄՆ նախագահ Օբաման խուսափի իր խոստումը կատարելուց»։

Նրա կարծիքով դա ընդամենը ցուցանիշ է այն իրավիճակի, որ գոյություն ունի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում, որն իրականում տապալվել է, բայց կողմերից ոչ մեկը չի համարձակվում առաջինն իր վրա վերցնել պատասխանատվությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը