Մեկնաբանություն

23.05.2019 15:50


Ադրբեջանն արձագանքեց Փաշինյանին (տեսանյութ)

Ադրբեջանն արձագանքեց Փաշինյանին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի սկանդալային ու վտանգավոր հայտարարությունն այն մասին, որ Արցախում դավադիր ուժեր կան, ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում ու հնարավորություն տվել Ալիևի ռեժիմին դիրքային առավելության հասնել։

Ինչպես հայտնի է, Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք ուզում են բախումներ հրահրել Ադրբեջանի հետ և անգամ տարածքային կորուստներ ապահովել, որպեսզի հետո մեղքը բարդեն ՀՀ կառավարության ու դրա ղեկավարի վրա։

Սահմանային միջադեպերը մոնիթորինգի ենթարկելու՝ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի պայմանավորվածությունները Դուշանբեում «ջրելուց» հետո զարմանալի չէ, որ Փաշինյանը նման հայտարարություններ է անում, ընդ որում՝ ոչ մեկ անգամ։

«Ժողովրդի վարչապետի» այդ հայտարարությունը հնարավորություն է տալիս Ալիևին, հղում անելով ՀՀ վարչապետին, հիմնավորել, որ մոնիթորինգի կարիք չկա, քանզի պաշտոնական Երևանն է ասում, որ զինադադար խախտողներն Արցախի դավադիր ուժերն են։

Ադրբեջանն արդեն իսկ արձագանքել է Փաշինյանի հակաարցախյան հայտարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը շփման գիծ այցի ժամանակ ասել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատասխան տրվի հայկական կողմի հնարավոր ռազմական սադրանքներին։

Փաշինյանն իր հայտարարությամբ «ջրեց» անգամ «վերելակային» պայմանավորվածությունները։ Իսկ միգուցե այս ամենը միտումնավո՞ր է արվում։ Ասենք՝ «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում։

Եթե Նիկոլ Փաշինյանը դավադիրների անուններ չի տալիս, ապա դա նշանակում է, որ ստում է և ընդամենն անձնական ու նեղ քաղաքական հարցեր լուծում պետական շահի հաշվին։ Եթե այդպես չէ, ապա թող ներկայացնի անուններ և ապացույցներ։ Այլապես ժամանակի ընթացքում կարող է ընկնել Ռոբեսպիերի օրը։

Ի դեպ, մերկապարանոց հայտարարություններ անելն ու անուններ չտալը ներհատուկ է հեղափոխականներին։ Ֆրանսիական հեղափոխության կարկառուն դեմքերից Ռոբեսպիերը, հանրային ուշադրությունը շեղելու և սեփական խնդիրները լուծելու համար, շրջանառության մեջ էր դրել հակահեղափոխական դավադիրների մասին լուրերը։ Նրանից կոնկրետ անուններ պահանջեցին, ու նա չկարողացավ տալ այդ դավադիրների անունները, որովհետև դրանք չկային։

Անուն չտալն էլ հիմք դարձավ, որպեսզի Ռոբեսպիերին զրկեն իշխանությունից ու տանեն դեպի գիլյոտին։

Մի խոսքով, մեզ ոչ թե գիլյոտիններ են պետք, այլ անուններ։ Հայտնի հերոսի ասած՝ «ի՛մյա, սեստրա, ի՛մյա»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը