Մեկնաբանություն

24.05.2019 12:35


Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Ասում են` երբ Աստված ուզում է պատժել մեկին, զրկում է բանականությունից։

Ողջամտության, սթափ մտածողության, քաղաքագիտության բոլոր կանոններին հակառակ`«Մարտի 1»-ի կազմակերպիչներից մեկին բերելով իշխանության՝ ազգովի հայտնվել ենք խելահեղ մի շրջապտույտի մեջ, որից անկորուստ` առանց ցնցումների դուրս պրծնելը հրաշքի պես մի բան կլինի։

Սիրո եւ համերաշխության կարգախոսներին փոխարինել են այլախոհներին կառափնարան տանելու սպառնալիքները, անմեղության կանխավարկածին` «հեղափոխության արժեքներին» հակադրվող խորթ տարրերի մեղավորության կանխավարկածը, իշխանություն ունեցողների ապաշնորհ եւ ուղղակի կործանարար քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների բողոքի ցույցերին`կառավարության «էշին չու ասող» մութ ուժերի դեմ կազմակերպվող հակացույցերը։

Արտաքին թշնամու կերպարը լղոզվել է եւ փոխարինվել ներքին թշնամու չարանենգ կերպարով։ Ադրբեջանն այլեւս հակառակորդ չէ. գործընկեր երկիր է, Ալիեւը կացնով մարդասպանին հերոսացնող բռնապետ չէ, ադրբեջանական ժողովրդի «արյունը ծծող» հանցագործ չէ, թալանչի չէ, կոռուպցիոներ չէ. կիրթ եւ բարեկիրթ մարդ է, որի հետ կարելի է չկրակելու համաձայնության գալ` վերելակում ընդամենը մեկ-երկու նախադասություն փոխանակելով։

Արցախի հերոսները հերոսներ չեն. հանցագործներ են եւ քրեական հեղինակություններ, դավադիրներ ու «հող հանձնողներ»։ Ընդհանրապես, մենք Ադրբեջանի հետ կիսելու բան չունենք. մեր կռիվն Ադրբեջանի հետ չէ. ներքին «թուրքի» դեմ է, պատերազմը վերջացել է, եկել է քաղաքացիական պատերազմի ժամանակը։

Այսպես մեկ առ մեկ, առանց հետ նայելու կոտրում ենք «հին կարծրատիպերը», եւ ինչքան ցցուն է դառնում մերօրյա հեղափոխական փանջունիների հոգեպես, բարոյապես, քաղաքականապես, մտքով եւ սրտով կույր, տգետ եւ անձեռնահաս լինելը, «կոտրված հին կարծրատիպերի» շարքը այնքան երկարում է։ Ինչքան մեծանում է սթափ դատող քաղաքացիների թիվը, ինչքան ավելի տեսանելի է դառնում, որ Փաշինյան Նիկոլի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը անդառնալի վնաս է հասցնում Հայաստան պետությանը, պետական ինստիտուտներին, մեր եւ Արցախի կայունությանն ու անվտանգությանը, այնքան սա ավելի անկառավարելի է դառնում. թմրամոլի պես, որին ավելի ու ավելի մեծ «դոզա» է պետք իրեն ազատ, անկաշկանդ եւ երջանիկ զգալու համար։

Մի տարի, երկու տարի առաջ, եթե որեւէ մեկը ասեր, որ Հայաստանի ղեկավարը կարող է հեչի պես թքել Սահմանադրության, օրենքների վրա, իրեն ամբողջությամբ դուրս դնել իրավական դաշտից եւ պետությունը դարձնել իր բոստանը, իրեն նույնականացնել ժողովրդի, պետության հետ եւ ասել` ես եմ ալֆան ու օմեգան, ամեն ինչի սկիզբը եւ վերջը, ոչ մեկը չէր հավատա։

Ոչ մեկը մղձավանջային երազում անգամ չէր պատկերացնի, թե պետության ղեկավարը առանց պատերազմ հայտարարելու կհարձակվի արդարադատության համակարգի վրա, իր «լեգեոններին» կհրամայի պաշարել դատարանների դռները եւ նույնիսկ պատուհանները, այնպես որ օձն իր պորտով, հավքն իր թեւով ներս չմտնի։ Այսքանը քիչ համարելով` կհայտարարի դատական համակարգում «զտումներ» սկսելու` ինքնուրույն իր ասածին «չէ» ասելու հանդգնություն ունեցող դատավորներին պնակալեզներով փոխարինելու մասին։

Եվ, իհարկե, հնարավոր չէր մտքի ծայրով անցկացնել, թե քննադատությունը կարելի է ներկայացնել որպես «քաղաքական աջակցություն» իշխող դասի «նախաձեռնողական քաղաքականությանը», ինչպես դա արեցին իմքայլական կարկառունները`ավետելով, որ իշխանության թեւերի տարանջատման դրույթի դեմ կատարված այդ անթույլատրելի ոտնձգությունից շշկռված՝ եվրոպական կառույցներն աջակցում են «դոզայի տակ» հղացված «դատական ռեֆորմին»։ Մնում է`գրպանը լայն բացեն եւ փող տան էդ գործը գլուխ բերելու համար։

Բայց ծուռ հայելիների մեր թագավորությունում անհնարինը դառնում է իրականություն։ Վերջին նորությունն այն է, որ Եվրոպայի «ջերմ ընդունելությունից» ոգեւորված` սրանք արդեն բացեիբաց դուրս են գալիս վհուկների որսի. ԱԺ փոխխոսնակի մակարդակով իրենց կողմնակիցներին կոչ են անում գործի դնել «դոնոսի» ինստիտուտը։ Ասում են`հեսա-հեսա հարցին օրենսդրական լուծում կտանք, բայց երկաթը պետքէ տաք-տաք ծեծել. մի սպասեք` օրենքն ընդունվի, հենց հիմա թեւքերը քշտեք եւ սկսեք մատերիալ հավաքել «օրվա կուրսին» չհարմարվող դատավորների վրա։

Եվ գիտե՞ք՝ ինչն է զարմանալի. այս ընթացքում այնքան զարմանահրաշ բաներ ենք տեսել ու լսել, որ իմունիտետ ենք ձեռք բերել։ Արդեն ո՛չ մի բանից չենք զարմանում. քթի տակ խնդմնդում ենք, ձեռքը թափ տալիս ու անցնում առաջ, կարծես ոչինչ չի պատահել...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը