Լրահոս

02.04.2010 15:36


Անկարայում Ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովը հակադիր կողմերի հանդիպում չէ՞

Անկարայում Ցեղասպանության վերաբերյալ  գիտաժողովը հակադիր կողմերի հանդիպում չէ՞

Անկարայի «Մտքի ազատություն» խմբակն ապրիլի 24-25-ը կազմակերպել է հայ և թուրք մտավորականների հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն  Հայոց ցեղասպանությանն առնչվող, ինչպես նաև հայերի ունեցվածքի բռնազավթման և վնասի հատուցման վերաբերյալ հարցեր: Այս կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ կողմերը խոսելու են այնպիսի հարցերի մասին, որոնք մինչև այսօր չեն հնչել։ Նա նշել է նաև, որ վստահ չէ, որ այդ հանդիպումը կկայանա, քանի որ դեռ հարց է՝ արդյոք Թուրքիայի իշխանությունները կարտոնե՞ն նմանատիպ հանդիպումները, քանի որ այնտեղ գործում են 300 և 301 հոդվածները։ Այդուհանդերձ, հանդիպումը, Կիրո Մանոյանի կարծիքով, աննախընթաց է.

-Այստեղ ոչ թե վեճ է գնալու՝ թուրքերի և հայերի միջև Ցեղասպանություն եղել է կամ չի եղել, այդ ձևի հանդիպում չէ սա։ Սա այն ձևի հանդիպում է, որտեղ երկու կողմերն էլ համաձայն են, որ Ցեղասպանություն է եղել, և հետևանքները վերացնելու մասին նաև պետք է խոսվի։ Դա ոչ թե հակադիր կողմերի հանդիպում է, այլ քիչ թե շատ նույն տեսակետներն ունեցող կողմերի հանդիպում,- նշել է Կիրո Մանոյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը