Լրահոս

02.04.2010 17:20


Աղմուկ հանած դանակահարություն Գյումրիում

Երեկ Գյումրիում արտառոց հանցագործության դեպք է գրանցվել. ժամը 13:30 սահմաններում դանակահարվել է 1985թ. ծնված Գրիգոր Գագիկի Մանուկյանը: Վերջինս պարանոցի շրջանում ստացել է դանակի հարվածներ ու անգիտակից վիճակում տեղափոխվել Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:

Արձանագրված դեպքի կապակցությամբ երեկ ամբողջ օրը՝ մինչև գիշերը մոտ ժամը 4-ը, Գյումրիում գործող թիվ 26 և 28 համարի երթուղայինների վարորդներն իրենց ավտոմեքենաներով ոստիկանության Գյումրու բաժնում հատուկ զննություն են անցել, որի հետևանքով կաթվածահար էր եղել այդ երթուղայինների աշխատանքը: Նշված երթուղայինների նկատմամբ ոստիկանության հետաքրքրությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հիվանդանոցից ոստիկանության Գյումրու բաժինը դեպքի առնչությամբ տեղեկատվություն է ստացել, որ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել 26 կամ 28 համարի երթուղայինով:

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն հանցագործությունը տեղի է ունեցել երթուղայինների և, այսպես կոչված, գծատերերի վիճաբանության պատճառով, իսկ մեկ այլ տարբերակով նշվում է, որ վեճ է առաջացել վարորդի և ուղևորի միջև, որը վերաճել է դանակահարության:

Վարորդներից մեկը, ով ցանկացավ անհայտ մնալ, «7օր»-ին ասել է, որ իրականում դեպքը տեղի է ունեցել 26 համարի երթուղայինի հետ կապված, բայց թե որն է հստակ պատճառը, ոչ ոք չիգիտի:

«Մինչև գիշերը ժամը չորսը պահել են վարորդներին, որպեսզի պարզեն դեպքի ականատեսներին և վկաներին։ Բոլորը խուսափում են այդ թեմայով խոսելուց. հաստատ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է եղել»,-ասել է երթուղայինի վարորդը:

Նույն լուրերի համաձայն դանակահարվողը եղել է Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի որդին, առավել ևս, որ ազգանունը և հայրանունը համընկնում են:

Սակայն այս հարցի կապակցությամբ Գյումրու քաղաքապետարանի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը «7օր»-ին փոխանցել է, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և որոշ ուժերի պատվերով են տարածվում:

«Գագիկ Մանուկյանի տղան ողջ-առողջ է, և այս պատմության հետ ընդհանրապես կապ չունի, իսկ փոխքաղաքապետի տղայի անունը ոչ թե Գագիկ է, այլ Գևորգ»,-տեղեկացրել է Լիլիթ Աղեկյանը:

Դեպքի առնչությամբ Գյումրու ոստիկանության բաժանմունքից տեղեկացրել են, որ նախաքաննություն է ընթանում, և որևէ մանրամասն չեն կարող հայտնել:

Տուժածի առողջական վիճակի վերաբերյալ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից «7օր»-ին տեղեկացրել են, որ բժիշկներին մեծ ջանքերի գնով հաջողվել է փրկել տուժածի կյանքը, իսկ նրա վիճակը գնահատվում է ծանր:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը