Լրահոս

02.04.2010 17:39


Արմենական-ՌԱԿ. «Որեւէ խոսակցություն զիջումների կամ փոխզիջումների մասին անտեղի է»

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումները եւ հատկապես ազատագրված տարածքների զիջման մասին վերջին շրջանում արծարծվող խոսակցությունները Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությանը ստիպում են հանդես գալ հայտարարությամբ՝ հստակեցնելու համար իր դիրքորոշումը Հայ ժողովրդի համար կարեւորագույն այդ հարցի վերաբերյալ:

Կուսակցության Հանրապետական վարչությունը հայտարարում է, որ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների բացակայության եւ Ադրբեջանի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների պայմաններում որեւէ խոսակցություն զիջումների կամ նույնիսկ փոխզիջումների մասին անտեղի է ու վտանգավոր:

Արմենական-ՌԱԿ-ը կարծում է, որ տարածքները, որոնք ազատագրվել են հազարավոր հայ մարտիկների կյանքի գնով, ընդհանրապես չեն կարող առեւտրի եւ սակարկման առարկա լինել: Մյուս կողմից, հայկական կողմը իրավասու է նյութական փոխհատուցում պահանջել Ադրբեջանից Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու եւ հազարավոր անմեղ քաղաքացիներ սպանելու համար: Այս կապակցությամբ պետք է պետական մակարդակով բարձրացվի Շահումյանի եւ հայաբնակ մյուս շրջանների խնդիրները, ինչպես նաեւ 400 հազար հայ փախստականների հարցը: Պետք է նաեւ, թեկուզ եւ ուշացումով, պետական ավելի լուրջ եւ հեռանկարային քաղաքականություն իրականացնել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու եւ տնտեսապես հզորացնելու ուղղությամբ:

Հայ  հասարակությունը, պետական մարմինները պետք է հստակ կերպով գիտակցեն, որ ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են եւ խաղաղության պահպանման միակ գրավականը:

Արմենական-ՌԱԿ Հանրապետական Վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը