Լրահոս

02.04.2010 17:47


«Ժառանգության» օրինագծերը հետաձգվեցին ԱԺ մշտական հանձնաժողովներում

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մինչեւ 15 օրով հետաձգվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում՝ ԼՂՄ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագորոծությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Հեղինակը հայտարարեց, որ նույն պահին իր հեղինակած եւս երկու օրինագծեր քննարկվելու են պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ' ապրիլի 10-ին, երբ կլրանա ԼՂՀ Մարաղա բնակավայրում ադրբեջանական զինուժի իրականացրած պատերազմական հանցագործության տարելիցը, Հանրային հեռուստատեսությամբ կցուցադրվի «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարի 2-րդ մասը՝ նվիրված 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածներին: Լ.Ալավերդյանը անմիջական մասնակցություն է ունեցել ֆիլմաշարի ստեղծմանը՝ իբրեւ սցենարի համահեղինակ, նաեւ մեծապես աջակցել է փաստավավերագրական բազում արժեքավոր նյութեր հայթայթելուն: Ադրբեջանի այդ ցեղասպանական գործողությունների մասին հանրային հիշողությունը մշտարթուն պահելուց զատ Լարիսա Ալավերդյան հեղինակած ԱԺ հայտարարության նպատակն է իրավաաքաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին՝ որպես նախորդ դարասկզբից հայերի նկատամբ թյուրքական երկու պետություններում իրականացված ցեղասպանության շարունակություն:  

 

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեցին 2010 թվականի փետրվարի 2-ին շրջանառության մեջ դրված եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրա քննարկումը հետաձգվեց մինչեւ 15 օրով' մինչեւ Ազգային ժողովի հաջորդ քառօրյային նախորդող հանձնաժողովի նիստը: Հիշյալ օրենքի ներկայիս շարադրանքի համաձայն' այն դեպքերում, երբ գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը հիմնադրի որոշմամբ վերապահվել է ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնին, ապա այդ պայմանագիրը պետք է ստորագրի նաեւ պետական լիազոր մարմնի ղեկավարը: Այսինքն' այդ պայմանագրի հաստատումը միաժամանակ վերապահվել է երկու մարմինների, ինչը, ըստ էության, իրատեսական չէ: Գործնականում օրենքի հակասությունները հատկապես ի հայտ են եկել հանրակրթական դպրոցների տնօրենների նշանակման եւ հաստատման կապակցությամբ, քանի որ □Հանրակրթության մասին□ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն' «Պետական ուսումնական հաստատության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ընտրում է տնօրեն եւ հիմնադրի անունից նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր' 5 տարի ժամկետով, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի փորձագիտական եզրակացության հիման վրա վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի լիազորությունները' օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով»:  Այս երկու օրենքներում առկա հակասությունը վերացնելու նպատակով էլ «Ժառանգության» պատգամավորները առաջարկում են, որ կոլեգիալ կառավարման մարմնի առկայության պարագայում' ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը հաստատվի խորհրդի կողմից: Օրինագծի ընդունումը իսպառ կբացառի հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության եւ նշանակման ժամանակ մարզպետարանների միջամտությունը, որը շարունակվում էր երկու օրենքների տարընթերցման հետեւանքով:

Նույն հանձնաժողովում մինչեւ 30 օրով հետաձգվեց նաեւ 2009 թվականի հունիսի 24-ից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված Արմեն Մարտիրոսյանի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում են մի քանի տասնյակ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում:

Այս խորագրի վերջին նյութերը