Լրահոս

02.04.2010 18:36


ՀԱԿ հայտարարություն

Վերջին շրջանում իշխանությունների գործողությունները հստակորեն վկայում են, որ նպատակ է դրվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնում է մոտալուտ պատերազմ, ինչի պատճառով իբր պետությունը ձեռնարկում է պատերազմին նախապատրաստվելու անհապաղ գործողություններ, իսկ տարբեր լրատվական միջոցներով տարվում է ինտենսիվ քարոզչություն պատերազմի վերսկսման հնարավորության մասին, լուրեր տարածվում Ղարաբաղում զոհված եւ Երեւան բերված դիակների մասին:

Տեսականորեն, իհարկե, չբացառելով բանակցային ռեսուրսի սպառումից հետո պատերազմի սանձազերծման հնարավորությունը, Հայ Ազգային Կոնգրեսը գտնում է, որ ներկա պահին այս ամենը կրում է զուտ իմիտացիոն, քարոզչական բնույթ, եւ իշխանությունների նման գործողությունները ուղղված են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ խուճապի այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, որն իրենց հաշվարկներով թույլ կտա ժողովրդի համար, որպես ,չարյաց փոքրագույնե, ավելի ընկալելի դարձնել այն զիջումները, որ ռեժիմը պատրաստվում է կատարել Ղարաբաղի հարցում:

Նման կեղծ քարոզչությամբ իշխանությունները նաեւ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել վարչակազմի ակնհայտ ձախողումներից արտաքին եւ ներքին քաղաքականության բնագավառներում, կոռուպցիայով պայմանավորված տնտեսական անկումից, տնտեսապես չհիմնավորված, թալանչիական թանկացումներից, այն պահին, երբ աճում է ժողովրդի ընդվզումը ռեժիմի ոտնձգությունների դեմ:

Ռեժիմի ինքնապահպանման նպատակով ձեռնարկած քարոզչական հնարքները չեն կարող կասեցնել ժողովրդի պայքարը ազատության, ժողովրդավարության եւ արդարության համար: Մենք կոչ ենք անում ժողովրդին ակտիվորեն մասնակցել ապրիլի 6-ի հանրահավաքին եւ երթին: Միայն մասնակցությամբ եւ ակտիվ պայքարով է հնարավոր վերականգնել մեր քաղաքական եւ սոցիալական իրավունքները, կանգնեցնել թանկացումները: Այս պահին ժողովրդի պասիվության որեւէ դրսեւորում ռեժիմը ընկալելու է որպես թալանչիական թանկացումների նկատմամբ հարմարվողական վերաբերմունք եւ դիմելու է ավելի սանձարձակ թանկացումների: Ուստի, մենք կոչ ենք անում հասարակությանը՝ մի կողմ նետել իշխանական քարոզչամեքենայի կեղծ ռազմական հիստերիայի հնարքները, քաղաքական ուժերին' չդառնալ այդ քարոզչության կամա թե ակամա գործիքը, եւ համախմբվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած իրական խդիրների լուծման շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը