Մեկնաբանություն

30.05.2019 08:45


Մենք ենք` մեր «ռետինե խողովակները»

Մենք ենք` մեր «ռետինե խողովակները»

Զվարճալի է հետեւել, թե թավշյա իշխանիկներն, իրենց շլանգի տեղ դրած, ինչպես են փորձում ուղեղներ լվանալ` «հեղափոխության երկրորդ` կարեւորագույն փուլի» սիրահարներին համոզել, թե ամեն ինչ օքեյ է. միջազգային հանրությունը սարի պես կանգնած է Նիկոլի մեջքին` անմնացորդ աջակցում է դատական համակարգը կառավարության կցորդ (կամ անվճար հավելված) դարձնելու «շինիչ» նախաձեռնությանը։

Փաշինյանի քիմքին ոչ հաճո ներքին եւ արտաքին ազդակները չտեսնելու եւ չլսելու «քաղաքականությունը», իհարկե, նորություն չէ թավշյա կառավարիչների քարոզչական զինանոցում։

Ջայլամային այդ քաղաքականության «ծիրում» քայլարածները երկար ժամանակ եւ համառորեն չէին նկատում հայ-ռուսական հարաբերություններում կուտակվող սեւ, մութ ամպերը։ Ռուս գործընկերներն ուղղակի եւ անուղղակի, պաշտոնապես եւ ոչ պաշտոնական խողովակներով` լրատվամիջոցների, վերլուծաբանների եւ քաղաքագետների մակարդակով «թքում էին» երեսներին`կոշտ քննադատության էին ենթարկում «սիրո եւ համերաշխության հեղափոխության» կարգախոսից կտրուկ շրջադարձ անելու, հասարակությունը փոխադարձ մեղադրանքների, ատելության, թշնամանքի եւ քաղաքական հաշվեհարդարների թիրախ դարձնելու համար, սրանք ասում էին` անձրեւ է գալիս. Ռուսաստանի հետ հարաբերութունները երբեք այնքան փայլուն չեն եղել, ինչպես այսօր։

Տեսնելով ու համոզվելով, որ տարընթերցման տեղիք չտվող թափանցիկ ակնարկները տեղ չեն հասնում`իմքայլական վերնախավին անիմաստ է ինչ-որ բան բացատրել, ռուսները ցուցադրաբար մի կողմ քաշվեցին` ընդհանրապես դադարեցին արձագանքել մեր բաժին հեղափոխականների արտառոց դրսեւորումներին։ Անգամ դատարանների ելումուտն արգելափակելու «ակցիային» չանդրադարձան` բավարարվեցին քաղաքագիտական շրջանակների տարակուսանքի, ափսոսանքի, զարմանքի արտահայտություններով եւ սթափության կոչերով։

Հիմա նույն «պրիյոմը» կիրառում են Արեւմուտքից եկող «օյաղացնող» ազդակների պարագայում։ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Եվրախորհուրդը եւ Վենետիկի հանձնաժողովը, խոսքները մեկ արած, նույն բանն են ասում` պատրաստ ենք աջակցել ՀՀ իշխանությունների «հակակոռուպցիոն արշավի» շրջանակներում իրականացվող դատական բարեփոխումներին, բայց ո՛չ խաղի բոլոր կանոնները կոպտորեն ոտնահարելու գնով. ինչ լինում է, ինչ պետք է լինի Սահմանադրության եւ օրենքների սահմաններում։

Բայց արի ու տես, որ սրանք էլի անհասկացող են ձեւանում։ Երբ հարց են տալիս` ինչպես եք գնահատում այն փաստը, որ Արեւմուտքը վերապահումներով է մոտենում «դատական համակարգի անկախության» վերաբերյալ ձեր պատկերացումներին, զարմացած կլորացնում են աչքերը, սիրալիր ժպտում եւ ասում`բա՞ն է պատահել. մենք որեւէ խնդիր չունենք Միացյալ Նահանգների եւ եվրոպական կառույցների հետ, չենք էլ կարող ունենալ` նրանք երկու ձեռքով կողմ են Նիկոլի հռչակած «անցումային արդարադատությանը» եւ պատրաստ են ամբողջական աջակցություն ցույց տալ «անբարեհույս» դատավորներին զտելու` վեթինգի մամլակի տակ ճզմելու գործընթացին։

Ընդհանրապես, ամերիկացիները եւ եվրոպացիները հազվադեպ են հատում «դիվանագիտական նրբասացությունների» շեմը`առաջնորդվում են այն սկզբունքով, որ ուղիղ խոսքը ավանակին են ասում, եւ առայժմ կտրուկ շարժումներ չեն անում։ Բայց, այսպես շարունակվելու դեպքում, ստիպված կլինեն իրերն իրենց անուններով կոչել` «թավշյա կառավարությանն» իր տեղը ցույց տալ. «վեթինգի» ենթարկել եվրոպական չափանիշներից կիլոմետրերով հեռանալու համար։

Ի վերջո, Հայաստանը պապուասների երկիր չէ` Եվրախորհրդի անդամ երկիր է, Եվրամիության հետ խոր եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիր է ստորագրել եւ պարտավոր է հարգել իր ստանձնած պարտավորությունները։

Եվ եթե Ռուսաստանը դեռ կարող է փիլիսոփայորեն վերաբերվել երկիրը «անցումային արդարադատության» փորձադաշտ դարձնելու արկածախնդիր նախաձեռնությանը (չմոռանանք, որ ո՛չ Եվրասիական տնտեսական միությունը, ո՛չ ՀԱՊԿ-ը ժողովրդավարության, մարդու իրավունքների, դատական համակարգի բարեփոխման հետ կապված խնդիրներ չեն դնում անդամ-երկրների առջեւ), ապա եվրոպական կառույցները չեն կարող աչք փակել այդ ամենի վրա. վզներից կբռնեն` կշպրտեն տուգանային հրապարակ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը