Մեկնաբանություն

31.05.2019 10:55


Փաշինյանի միակ «հուսալի գործընկերը»... Ադրբեջանի միապետն է

Փաշինյանի միակ «հուսալի գործընկերը»... Ադրբեջանի միապետն է

Հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ փայլուն, Փաշինյան-Պուտին «գործընկերության»` ավելի քան երբեւէ ջերմ, անկեղծ եւ անեղծ լինելու հեքիաթը երեկ, այս անգամ, թվում է` վերջնականապես, փոզմիշ եղավ։

Ալամ աշխարհի հայոց վարչապետը դեռ վերջերս գլուխ էր գովում, թե ընկերական, գրեթե եղբայրական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահի հետ։ Նույնիսկ դասեր էր տալիս Ուկրաինայի նորընտիր նախագահին`սովորեցնում էր, թե ինչպես հարաբերվել Պուտինի հետ։ Ստեպ-ստեպ էլ հիշեցնում էր, թե վարչապետի աթոռին հայտնվելուց հետո քանի անգամ է տեսել ՌԴ նախագահին եւ սեղմել նրա ձեռքը։

Եվ, իհարկե, համեստորեն շրջանցում էր, որ բոլոր այդ հանդիպումները, ձեռքսեղմումները եղել են բացառապես ՀԱՊԿ-ի եւ (կամ) Եվրասիական տնտեսական միության ձեւաչափով անցկացվող «պլանային» միջոցառումների շրջանակում. ապրիլյան իշխանափոխությունից ավելի քան մեկ տարի է անցել, բայց ոչ Փաշինյանն է պետական կամ պաշտոնական այցով եղել Ռուսաստանում, ոչ էլ նախագահ Պուտինն է պետական կամ պաշտոնական այցով ժամանել Երեւան։

Սա առաջին դեպքը չէ, երբ մեր «սրտի վարչապետը» ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի հավաքներին մասնակցելու համար գնում է դուրս եւ չի արժանանում ՌԴ նախագահի ընդունելությանը։ Այդպես եղավ նաեւ մարտի 5-ին Բրյուսել կատարած այցից հետո, երբ հայտարարեց, որ թռչում է անմիջապես Մոսկվա, որտեղ հանդիպելու է Պուտինի հետ, բայց հանդիպումը գլուխ չեկավ։ Փաշինյանը քոռ ու փոշման վերադարձավ Երեւան եւ անգամ հարկ չհամարեց բացատրություն տալ` եթե հանդիպումը ծրագրված էր, ինչո՞ւ տեղի չունեցավ, եթե նման պայմանավորվածություն չկար` ինչո՞ւ էր նախապես հայտարարում այդ մասին. որ Պուտինին «փաստի առաջ կանգնեցնի՞»։

Ինչեւէ։ Ռուսաստանի նախագահն ակնհայտորեն «դիստանցիա է պահում» Փաշինյանից։ Ինչո՞ւ։ Կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց Փաշինյանի հանդեպ Պուտինի «խոր եւ համապարփակ» անվստահության պատճառներից գոնե երկուսը մակերեսի վրա են. նախ՝ Փաշինյանը ցուցադրաբար անտեսում է ռուս գործընկերոջ ընդգծված բացասական վերաբերմունքը Քոչարյանի դեմ սանձազերծված «պատերազմի» նկատմամբ։ Երկրորդ` Պուտինը պարզապես չի հավատում Փաշինյանի հավատարմության երդումներին, որովհետեւ «ժողովրդի վարչապետը» ոչ միայն ցանկություն չունի` սահմանափակելու սորոսականների ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում, այլեւ դատական համակարգի «բարեփոխման» պատասխանատվությունն է դրել դրանց ուսերին։

Ամերիկյան վերնախավի հետ Փաշինյանն առանձնապես չի աշխատում, առիթ ընձեռվելու դեպքում դժգոհում է, թե` մեզ լավ չեք նայում, հանցավոր անտարբերություն եք ցուցաբերում` մատների արանքով եք նայում «սիրո եւ համերաշխության հեղափոխության արժեքներին»։ Նույնը` Եվրամիության, Եվրախորհրդարանի եւ Եվրախորհրդի պատասխանատուների դեպքում։ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների հետ «ձգված» հարաբերությունների մասին արդեն չենք խոսում։

Միակ «վստահելի գործընկերը», որի հետ Փաշինյանը որեւէ խնդիր չունի, որից երբեք չի բողոքել, որի հասցեին այսքան ժամանակ կես թթու խոսք չի ասել, հակառակը`գովաբանել է, Ադրբեջանի միապետ Իլհամ Ալիեւն է։

Բայց, վախենանք, այդպես էլ չի մնա։ Մեր «սրտի վարչապետը» վերելակային դիվանագիտության շրջանակում ինչ-ինչ հույսեր է արթնացրել`լավատեսական սպասումներ է ձեւավորել Ադրբեջանում։ Հենց որ բոլորի համար պարզ դառնա, որ ցանկության դեպքում էլ չի կարող արդարացնել այդ սպասումները` միակողմանի զիջումների գնալ Արցախի հարցում, պատասխանը կտրուկ է լինելու։

Եվ շատ ցավոտ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը