Մեկնաբանություն

01.06.2019 09:55


Հնգամյակը` մեկ տարում

Հնգամյակը` մեկ տարում

Որեւէ իշխանություն, որ հերթական ընտրությունների կամ ֆորսմաժորային իրադարձությունների արդյունքում հայտնվում է պետության ղեկին, «իմունիտետի» որոշակի պաշար է ունենում։

Հասարակության քաղաքականապես ակտիվ խավը, որպես կանոն, ժամանակ է տալիս իշխող վերնախավին`հաստատելու խաղի իր կանոնները, ցույց տալու` ինչի է ընդունակ, ինչ ուղղությամբ եւ ինչպես, ինչ գործիքակազմով է պատրաստվում առաջ տանել երկիրը Սահմանադրությամբ իրեն վերապահված ժամկետում. փորձագիտական, քաղաքագիտական, լրատվական-վերլուծական շրջանակները միանգամից չեն հարձակվում նորընտիր կամ նորանշանակ կառավարության վրա եւ սկսում քլնգել արածի, նույնիսկ չարածի համար։

Նիկոլ Փաշինյանը, ավաղ, այստեղ էլ է «շահեկանորեն» առանձնանում իր նախորդներից`իր ձախավեր գործունեության կոշտ գնահատականների հնգամյա պլանը մի տարում կատարել`պրծել է։ «Թավշյա ոչ բռնի իշխանափոխությունից» ընդամենը մի տարի անց նրա «գերբարձր» վարկանիշից բա՛ն չի մնացել. հանրության սթափ, առողջ դատելու եւ իրավիճակը համարժեք գնահատելու ունակ հատվածը (զոմբիների մասին չենք խոսում) շատ արագ հասկացավ` ինչ երեւույթի հետ գործ ունենք, եւ շատ կտրուկ արձագանքեց «հեղափոխության առաջնորդի» կազմաքանդիչ նկրտումներին։

Նման անհանդուրժողական, թշնամական, ծաղրական վերաբերմունք, որով ընդունվում է Փաշինյանի յուրաքանչյուր «շարժում», Հայաստանի ղեկավարներից ոչ մեկի նկատմամբ երբեք չի եղել. նույնիսկ ԼՏՊ-ի կառավարման ցուրտ ու խավար ժամանակներում, երբ երկիրը բոլորիս աչքի առաջ քանդվում էր։

Մարդը ինչին ձեռք է տալիս, ինչի կողքով անցնում է, ինչ ասում է եւ անում, տեղնուտեղը բումերանգի պես իր դեմ է շուռ գալիս` ներշնչանքի անսպառ աղբյուր դառնալով ընդդիմախոսների համար, որոնք բառացիորեն մրցում են` ով ավելի թունդ կքննադատի, ավելի լավ ձեռq կառնի գործադիրի ղեկավարին միջին վիճակագրական քաղաքացու վարքագծի կանոններում չտեղավորվող իր արտառոց դրսեւորումների համար։

Եվ դա օրինաչափ է։ Ունենալով բոլոր հնարավորությունները` «թավշյա անարյուն հեղափոխությունն» իսկապես Նոր Հայաստանի բրենդը դարձնելու, երկրում հասարակական համերաշխության մթնոլորտ ստեղծելու եւ ժողովրդին կոնսոլիդացնելու «ավելի ազատ, արդար, ապահով եւ բարեկեցիկ երկիր» ունենալու գաղափարի շուրջ, Փաշինյանը ճիշտ հակառակն արեց. հաշված ամիսների ընթացքում փոշիացրեց այդ ռեսուրսը` մարդկանց բաժանելով սեւերի եւ սպիտակների, յուրայինների եւ օտարների։

Ավելին`կառավարման տարրական հմտություններ չունենալու, ներքին եւ արտաքին խնդիրների չիմացության, քինախնդրության, մեծամտության, ընդդիմախոսներին լսելու եւ հետեւություններ անելու, իրողություններին «ադապտացվելու» անկարողության, անպատասխանատվության հետեւանքով ոչ միայն իրեն վարկաբեկեց աշխարհով մեկ, այլեւ Հայաստանը դարձրեց ծաղրուծանակի առարկա` լուսանցքային, թող ներվի ասել, իզգոյ պետություն, որին ոչ մեկը լուրջ չի վերաբերվում։

Անցած մեկ տարում «իրականացված», իրականում` ինքնահոսի մատնված արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցրեց իր ավանդական բարեկամներին` նոր բարեկամներ ձեռք չբերելով։ Իսկ «անցումային արդարադատության»`դատական համակարգը կաթվածահար անելու, անհնազանդ դատավորներին վեթինգելու իր մտասեւեռմամբ ուղղակի անցավ ողջամտության բոլոր սահմանները։

Եթե անցած տարվա մայիսից Հայաստանը Փաշինյանի թեթեւ ձեռքով աշխարհին սկսեց ներկայանալ որպես «թալանչի, հանցագործ» գեներալների երկիր, որոնց համար բանտերը «լաց են լինում», որտեղ գործարարները գողեր են, կրիմինալ տարրեր, որոնց բանուգործը հարկերից խուսափելն է, Արցախը` ապակայունացման գործոն, որը սպառնում է ջուրը գցել Ադրբեջանի «խաղաղարար ջանքերը» եւ տարածաշրջանը դարձնել «դավադիր պատերազմի» թատերաբեմ, Արցախի ղեկավարները`արդարադատությանը խոչընդոտող կասկածելի կերպարներ, որոնց գլուխը պետք է «քարերով ցխել», ապա այսօր ընկալվում է որպես Երկիր մոլորակի ամենաանարդար, կոռումպացված դատական համակարգն ունեցող պետություն, որին միայն «վիրահատական» կոշտ միջամտությունը կփրկի։ «Հիվանդը» կմնա սեղանի՞ն, թե՞ ոտքի կկանգնի` կարեւոր չէ։

Եվ սա` այն դեպքում, երբ Հայաստանը, եթե առաջինը չէր հետխորհրդային տարածքում քչից-շատից կայացած իր ժողովրդավարական ինստիտուտներով, կառավարման շատ թե քիչ արդյունավետ համակարգով, մարդու իրավունքների դաշտը կանոնակարգող օրենսդրական կարգավորումներով եւ իրավական պրակտիկայով, ապա հաստատ առաջիններից մեկն էր` Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի կողքին, մասամբ ազատ, ոչ թե անազատ երկրների շարքում, ինչպես Ադրբեջանը։

Այս ամենը չէր կարող անհետեւանք մնալ։ Օրերս տեղեկացանք, որ բրիտանական «Օքսվորդ-անալիտիկս» վերլուծական կենտրոնը Հայաստանը գնահատել է որպես ներդրումների համար անբարենպաստ` քաղաքական ազդեցությունների առումով ռիսկային երկիր, որտեղ չարժե գործ դնել։ Այն, ինչի մասին փորձագետները վաղուց էին զգուշացնում` սրտակեղեք ահազանգելով. որեւէ լուրջ գործարար ներդրումներ չի անի այնպիսի անկախատեսելի մի երկրում, ինչպիսին Հայաստանն է. երկիր, որտեղ վարչապետի մակարդակով խոսվում է անձի ունեցվածքն առանց դատարանի վճռի բռնագանձելու, անմեղության կանխավարկածը մեղավորության կանխավարկածով փոխարինելու մասին։

Սա միայն սկիզբն է. անմեղսունակության այս շքահանդեսի պտուղները` դառը պտուղները, դեռ առջեւում են...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը