Լրահոս

05.04.2010 14:59


Ֆինանսների փոխնախարար. «2010–2011թթ. լինելու է հետճգնաժամային վերականգնման ժամանակահատված»

Ֆինանսների փոխնախարար. «2010–2011թթ. լինելու է հետճգնաժամային վերականգնման ժամանակահատված»

-9,2% տնտեսական աճը կանխատեսվում էր, երբ դեռևս ողջ աշխարհը գտնվում էր բումի ժամանակահատվածում, և ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի կանխատեսումները չիրականացան,- «Հայացք» ակումբում ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը և նշել, որ 9,2% տնտեսական աճը կանխատեսվում էր հուլիս-օգոստոս ամիսներին, երբ ճգնաժամի ալիքը չկար, ինչից հետո արդեն իսկ նոյեմբերին վարչապետը համապատասխան հայտարություն արեց, որ ճգնաժամը կարող է բացասական ազդեցություն ունենալ։

Խոսելով կառավարության այս տարվա տնտեսական աճի կանխատեսումների իրատեսական լինելու մասին՝ նա նշել է, որ նա բյուջեի մասին օրենքում դրել է 1,2% տնտեսական աճը, ինչը բավական պահպանողական է, քանի որ համաշխարհային տնտեսությունում ակնկալվում է 3,9% տնտեսական աճ։

-Նույն Ռուսաստանում, որտեղից մենք ստանում ենք տրանսֆերներ, ինչը մեզ վրա բավական դրական է ազդում, տնտեսական աճը ևս բարձրացել է։ Ունեցել ենք նաև հակաճգնաժամային միջոցառումներ, և նշել ենք, որ 2010թ. այդ ազդեցությունը կտեսնենք,-նշել է Վ. Արամյանը։ Նա նշել է, որ 2010թ. կանխատեսվում է 1,2% տնտեսական աճ, սակայն հնարավոր է, որ Հայաստանում ավելի բարձր տնտեսական աճ գրանցվի, և մինչև հուլիս դրա ցուցանիշն արագացող է լինելու, որից հետո կայունանալու է։

Վարդան Արամյանի խոսքերով՝ այսօր ՀՀ-ն հետճգնաժամային վերելքի փուլում է. «Ճգնաժամը մեզ հարվածել է 2009թ., որից հետո 2010-2011թթ. լինելու է հետճգնաժամային վերականգնման ժամանակահատվածը, և մոտավորապես 2011թ. կհասնենք մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի այն մակարդակին, որն ունեցել ենք 2008թ.»։

Հակառակ վերոնշյալ դիրքորոշմանը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է.

-Քանի որ կառավարությունն անընդհատ խոսում է ճգնաժամի առաջացման պատճառների մասին և հիմնական պատճառը կապում է դրսի հետ ու դրանց բարձրացումն էլ դրել է ՀՀ բյուջեի օրենքում նախատեսված 1,2% տնտեսական աճի հիմքում, հետևաբար կառավարության որևէ կանխատեսման կամ մոտեցումներին ես չեմ կարող հավատալ, որովհետև ազդակները դրսից են գալիս, և դրսի տնտեսության վիճակից է կախված այսօր մեր երկրի տնտեսության զարգացման ընթացքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը