Լրահոս

05.04.2010 15:32


ՀՅԴ անդամ. «Ես այնուամենայնիվ վարչապետին առողջություն եմ ցանկանում»

ՀՅԴ անդամ. «Ես այնուամենայնիվ վարչապետին առողջություն եմ ցանկանում»

Գնահատելով կառավարության գործունեությունը' ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, որ որոշակի դրական միտումներ կան, սակայն դրանց որակական կողմը դեռևս չի երևում, քանի որ ինչպես ճգնաժամը, այնպես էլ դրանից դուրս գալը բնութագրվում են 4 հիմնական ուղղություններով՝ ՀՆԱ-ի ցուցանիշ, ֆինանսական համակարգի ցուցանիշներ, գործազրկության մակարդակ և բնակչության կենսամակարդակ. «Եթե ճգնաժամի պայմաններում այս 4 ցուցանիշն էլ կտրուկ անկում են ապրում, ակնհայտ է, որ եթե սկսում է որոշակի դրական միտում, և այն մի կոմպոնենտի է վերաբերում, տվյալ դեպքում՝ ՀՆԱ-ին, չի կարելի ասել, թե ճգնաժամը հաղթահարվեց»։ Նա նշել է նաև, որ առաջին երկու ամիսների կտրվածքով ՀՆԱ դեֆլյատորը՝ սպառողական գների ինդեքսը, 10%-ից ավելի է։

Անդրադառնալով գազի գնի բարձրացման հետևանքները մեղմելու նպատակով կառավարության կողմից կենսաթոշակների և նպաստների բարձրացմանը, Ա. Մինասյանը նշել է, որ դա թեև դրական առումով փոքր քայլ է, սակայն գնաճային ճնշումների և գնաճի հետևանքով մարդկանց կենսամակարդակի նվազման դեպքում վիճակը հաղթահարելուն հիմնարար լուծում տալ չի կարող։ Ավելին, նրա խոսքերով' շատ պաշտոնատար անձինք նույնիսկ շփոթում են կենսաթոշակի երկու կարևոր բաղադրիչները և արտաբերում են «բազային կենսաթոշակ» արտահայտությունը։ Պետք է խոսվի հիմնական կենսաթոշակի մասին, որն 8000 դրամ է և բազային նպաստի մասին։

Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդները փոխհատուցելու կառավարության ծրագրի մասին, նա նշել է, որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դա դրական նախաձեռնություն է, սակայն ծրագրի իրականացման ձևը կարող է ոչ միայն թշնամանք սերմանել հասարակության մեջ, այլև խեղաթյուրել ավանդների փոխհատուցման ողջ գաղափարախոսությունը։

Նա կառավարությանը խորհուրդ է տվել վառ գույներով չներկայացնել իրավիճակը, քանի որ գունավոր ակնոցների խտությունը չի կարող թաքցնել իրողությունը։

Այդուհանդերձ, Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առողջություն է ցանկանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը