Հարցազրույց

03.06.2019 21:28


​Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած ժամանակավոր միջոց խաբեություն է ժողովրդի նկատմամբ․ Վազգեն Մանուկյան

​Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած ժամանակավոր միջոց խաբեություն է ժողովրդի նկատմամբ․ Վազգեն Մանուկյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ Հանրային խորհրդի հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Նախարարը հանդիպումից մեկ ժամ առաջ հայտնել էր, որ ստիպված է ներկա գտնվել Ազգային ժողովի նիստին և խնդրել էր խորհրդի հետ հանդիպումը հետաձգել։

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով իրավիճակը, առաջարկեց նիստը տեղափոխել հաջորդ շաբաթ։

Ինչպես Հանրային խորհրդից ավելի վաղ տեղեկացրել էին, հանդիպման ընթացքում հիմնական շեշտադրումները դրվելու էին անցումային արդարադատության և վեթինգի վրա։ Ինչևէ, Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց իր անձնական դիրքորոշումը, ըստ որի անցումային արդարադատություն և վեթինգ իրականացնելը Հայաստանում արդարացված չէ, վտանգավոր է և ոչ արդյունավետ։

«Անկասկած Հայաստանում կոռուպցիան բավականին բարձր աստիճանի վրա էր։ Ընդ որում, ես դա ասում եմ ոչ թե բամբասանքներից ելնելով, այլ հաշվի առնելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տվյալները, ըստ որի՝ մենք 2017 թվականին 107-րդ տեղում էինք, 2018 թվին՝ 105-րդ տեղում, մեզանից հետա գալիս էր Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Ռուսաստանը և այլն։ Այսինքն, այդտեղից երևում էր, որ մենք լավ վիճակում չենք, չնայած մեզանից վատ վիճակում գտնվող շատ երկրներ էլ կան»։

Մանուկյանը գտնում է, որ և՛ վեթինգը, և՛ անցումային արդարադատությունը ժամանակավոր միջոցառումներ են, և այժմ մեր հասարակության մոտ սխալ պատկերացումներ են ձևավորվում, թե նման ժամանակավոր միջոցառումներով կարելի է հարցը մեկընդմիշտ լուծել։

«Վերջերս կարդացի, որ առաջին պայքարը կոռուպցիայի դեմ եղել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում Բաբելոնում, կարդացի նաև, թե Հին Հռոմում ոնց են պայքարել կոռուպցիայի դեմ։ Ինչպիսի՞ն է վիճակը Եվրոպայում։ Եվրոպայի երկրները ամենազարգացածն են այդ տեսակետից, բայց 1999 թ․ Եվրահանձնաժողովը ստեղծեց կազմակերպություն, որը պետք է պայքարեր կոռուպցիայի դեմ։ Եվ գիտե՞ք տարեկան ինչ թիվ ներկայացվեց․ Եվրամիության կորուստը տարեկան գնահատվեց 323 միլիարդ եվրո։ Դրանից հետո Եվրահանձնաժողովն այդ թիվը նվազեցրեց՝ հասցնելով տարեկան 120 միլիարդ եվրոյի։ Կամ, օրինակ, Ֆրանսիայի համախառն արդյունքի 12 տոկոսը գտնվում է ստվերում, ԱՄՆ համախառն արդյունքի 7-8 տոկոսն է գտնվում ստվերում։ Եվրամիությունում, երբ հարցում են արել, թե արդյոք Ձեր երկրում կոռուպցիան տարածվա՞ծ է, թե ոչ, 76 տոկոսն ասել է՝ այո, 26 տոկոսն է ասել, որ երբևէ չի առնչվել կոռպուպցիային։ Այս ամենը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարն այդքան էլ հեշտ գործ չէ, և ժամանակավոր միջոցներով պետք չէ առաջնորդվել, այլ պետք է մշտական մեթոդնել մշակել։ Եթե անհրաժեշտ է, թող ընդունվեն նոր օրենքներ Սահմանադրության շրջանակներում կամ բարեփոխումներ կատարվեն օրենքներում և Սահմանադրության մեջ, բայց դա տասնամյակների, հարյուրամյակների մշտական պայքար է»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած ժամանակավոր միջոց խաբեություն է ժողովրդի նկատմամբ։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 2015 թվականին Վենետիկի խումբը և Եվրոպայի դատավորների կոնսուլտատիվ խորհուրդը Ալբանիայում իրականացվող գործընթացների վերաբերյալ միջանկյալ զեկույցում նշել են, որ վեթինգը շատ վտանգավոր գործիք է և արդարացված է միայն այն դեպքում, եթե անցում է կատարվում բռնապետությունից դեպի ժողովրդավարություն։

«Ֆաշիզմից անցում դեպի ժողովրդավարություն, կոմունիզմից անցում դեպի ժողովրդավարություն։ Կամ եթե երկրի ներսում քաղաքացիական պատերազմ է, ռազմական դիկտատուրա և այլն, այդ դեպքում նույնպես կիրառվում է։ Հայաստանն այդպիսի երկիր չի եղել։ Հայաստանը զարգացող, դեմոկրատական երկիր էր, որտեղ կար խոսքի ազատություն, որտեղ աշխատում էին մարդու իրավունքների բոլոր կազմակերպությունները, 4-5 հոգու մասին կարելի է կասկածանքով ասել, որ քաղաքական բանտարկյալներ էին և այլն։ Որպեսզի մենք անցնենք վեթինգին կամ անցումային արդարադատությանը, մենք ամբողջ աշխարհին պետք է ապացուցենք, որ նախորդ ժամանակաշրջանում եղել ենք բռնապետություն։ Դա ոչ միայն ճիշտ չէ, այլև ես Ձեզ եմ հարցնում՝ ձեռնտո՞ւ է մեզ ապացուցել աշխարհին, որ Հայաստանը եղել է բռնապետություն»։

Մանուկյանը պարզաբանեց, որ այս ամենն իր անձնական դիրքորոշումն է, և եթե նույնիսկ այսօր տեղի ունենար նախարարի հետ հանդիպումը, և քննարկվեին վերոնշյալ հարցերը, կրկին Հանրային խորհուրդը միասնական կարծիք չէր հայտնելու, քանի որ այդ հարցերը նախ պետք է քննարկվեն ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որից հետո հանձնաժողովը պետք է պատրաստի համապատասխան նախագիծ և ներկայացնի Հանրային խորհուրդ, որից հետո Հանրային խորհուրդը նախագիծը պետք է քննարկի և քվեարկությամբ ընդունի կամ չընդունի։

Անդրադառնալով 2016 թ․ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ իր կարծիքով՝ դա վնասակար և վտանգավոր է․ «Բայց հանձնաժողովն արդեն ստեղծվել է, ես իրավունք չունեմ որևէ ձայն հանել դրա վերաբերյալ, հանձնաժողովը կաշխատի, մենք էլ կտեսնենք՝ իսկապե՞ս վտանգավոր և վնասակար էր, թե ոչ»։

Լրագրողի հարցին, թե հատկապես ինչն է վտանգավոր ու վնասակար, Մանուկյանն ասաց․ «Ամեն ինչ չի, որ պետք է ասել։ Մի քիչ մտածեք, կհասկանաք։ Բանակի գործերին խառնվել Ազգային ժողովով չի կարելի։ Ես երբևիցե չեմ ասել, որ կոռուպցիան որևէ տեղ պետք է մնա, բայց կոռուպցիայի դեմ պայքարելով չի կարելի քանդել ինչ-որ բան»։

Որպես լրացում իր խոսքին՝ Վազգեն Մանուկյանը լրագրողներին պատմեց մի գեղարվեստական ֆիլմ, որը մի քանի օր առաջ էր դիտել։ «Ֆիլմը կոչվում էր «Ավելորդը»։ Մի ընկերություն էր, որը կտակով անցել էր թոռանը, որը 22 տարեկան ազնիվ, մաքուր տղա էր։ Նա սկսեց պայքարել ընկերությունում կոռուպցիայի դեմ և հաղթեց, բայց վերջում ընկերությունը փակվեց։ Ես չեմ ուզում, որ վերջում Հայաստանը «փակվի»»,-ամփոփեց Մանուկյանը։

Աղբյուրը՝ Ankakh.com

Այս խորագրի վերջին նյութերը