Հարցազրույց

06.04.2010 16:06


Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցազրույցը «Շպիգելին»

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցազրույցը «Շպիգելին»

Հատված գերմանական «Շպիգել» («Der Spiegel») ամսագրին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տված հարցազրույցից

«Շպիգել»-Թուրքիան իր ուժերում մեծ վստահություն է ձեռք բերել. Ձեզ համարում են Աթաթուրքից հետո ամենաազդեցիկ քաղաքական գործիչը։ Ինքներդ Ձեզ տեսնո՞ւմ ենք սուլթանի դերում, ինչպես որ Ձեզ անվանում են և՛ Ձեր որոշ կողմնակիցներ, և՛ քննադատողները։

Էրդողան-Ես ժողովրդական կուսակցության քարտուղարն եմ և չեմ համեմատի ինձ Աթաթուրքի հետ, մարդու, ով հիմնադրել է հանրապետությունը։

«Շպիգել»-Ինչու՞ ժամանակակից Թուրքիան չի ընդունում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը։ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը...

Էրդողան-Մինչև «ցեղասպանություն» բառն օգտագործելը, լրագրողը պետք է  ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրի։ Հայերի ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող։ Ցեղասպանությունն իրավաբանական հասկացություն է։ 2005թ. ես նամակ եմ հղել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում ասված էր. «Դա այն հարցը չէ, որը կարող ենք լուծել մենք՝ քաղաքական գործիչներս։ Դա հետազոտող-պատմաբանների գործն է։ Հարցի վերաբերյալ թուրքական արխիվներում կան միլիոնավոր փաստաթղթեր, որոնց մասնագետները կարող են ծանոթանալ»։ Ես Քոչարյանին գրել եմ, որ եթե ձեր երկրում էլ կան արխիվներ, բացեք դրանք։ Եվ եթե պատմաբանները չկարողանան ինքնուրույն հստակություն մտցնել այդ հարցում, եկեք ներգրավենք իրավաբանների, քաղաքագետների, հնէաբանների։

«Շպիգել»-Հայկական կողմը պատմաբանների հանձնաժողովը համարում է հարցի անվերջ ձգձգման կատարյալ միջոց։ Մենք չենք հասկանում՝ ինչո՞ւ քաղաքական գործիչները չպետք է խոսեն ցեղասպանության մասին։ Մասնավորապես, ԱՄՆ գործող նախագահն արտասանել է «ցեղասպանություն» բառը։

Էրդողան-Եթե նա օգտագործել է այդ բառը, ուրեմն նա էլ է սխալվել։ Եթե որևէ բառ հնչում է նախագահի շուրթերից, դրանից այն ավելի ճշմարիտ չի դառնում։ ԱՄՆ-ը, ինչպես նաև մնացած երկրները, այս հարցում հանդիսատես են։ Տեղի ունեցածը վերաբերում է միայն մեզ և հայերին։ 1915թ. Թուրքիայի Հանրապետությունը դեռևս գոյություն չուներ, դա Գերմանիայի դաշնակից Օսմանյան կայսրության ժամանակներն էին։

 «Շպիգել»-Բայց ձեր հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է...

Էրդողան-Անկասկած, Թուրքիան ստեղծվել է Օսմանյան կայսրության փլատակների վրա։ Ոչ մի ժողովուրդ չի կարող հերքել իր ծագումը. սեփական արմատներից հրաժարվողը մեղք է գործում։ Եթե պատմաբանների հանձնաժողովը որևէ բան պարզի այս հարցում, ապա մենք պատրաստ ենք համակերպվել մեր պատմության հետ։ Սակայն նույնքան կարևոր է, որ հայերը ևս համակերպվեն սեփական պատմության հետ։

«Շպիգել»-Եվ ինչի՞ հետ պետք է համակերպվեն հայերը։

Էրդողան-Ոչ թե մի ազգն է ոչնչացրել մյուսին, այլ եղել է պատերազմ։ Մահացել են և՛ թուրքեր, և՛ հայեր, ովքեր եղել են Օսմանյան կայսրության քաղաքացիներ։ Սակայն հետագայում նրանց մի մասը, արտասահմանի գլխավորությմաբ, ապստամբություն է բարձրացրել։ Դա մանրակրկիտ հետազոտություն է պահանջում։

«Շպիգել»-Ինչի՞ համար դուք կրակի վրա յուղ լցրեցիք՝ սպառնալով Թուրքիայից վտարել ապօրինի աշխատող Հայաստանի քաղաքացիներին։

Էրդողան-Ցավում եմ, որ դուք այդ հարցին հենց այդպես եք նայում։ Ես ասել եմ, որ մենք կարող ենք նման բան անել։ Մենք երկար տարիներ հանդուրժել ենք Թուրքիայում բնակվելու իրավունք չունեցող հայերին։ Սակայն պարտադիր չէ, որ դա անվերջ շարունակվի։ Ավելին ես չեմ ասել։ Ամբողջ աշխարհում բաց ձևով քննարկվում է ապօրինի ներգաղթածների խնդիրը։ Սակայն երբ Թուրքիան է նման հայտարարություն անում, դա դժգոհություն է առաջացնում։ Ինչո՞ւ։

«Շպիգել»-Ինչո՞ւ եք դուք արտասահմանում՝ մասնավորապես ԱՄՆ-ում, Շվեդիայում, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար ձեր երկրում պատժում հայերին։

Էրդողան-Ո՞վ ասաց, որ բանաձևերի պատասխանատվությունը դնում ենք հայերի վրա։ Ես երբեք նման բան չեմ պնդել։ Մեկ տարի առաջ մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք ցանկանում ենք հարաբերությունների նորմալացում։ Հանկարծ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողվը 1915թ. դեպքերը ճանաչում է որպես ցեղասպանություն։ Դրանով ոչ մեկին չես օգնի։ Մենք դիմում են հայկական սփյուռքին և այն երկրներին, որոնք աջակցում են նրան. Թուրքիայում բնակվում են քաղաքացիություն ունեցող հայեր, և կան անօրինական բնակվող հայեր։ Մինչև հիմա մենք չենք դիտարկել վերջինների վտարման հարցը։ Սակայն եթե հայկական սփյուռքը շարունակի ճնշում գործադրել, ապա չի բացառվում, որ այդ քայլը մենք համարենք հնարավոր։

 «Շպիգել»-Դուք դեմ եք «ցեղասպանություն» հասկացությանը, սակայն ինքներդ հաճախ այն օգտագործում եք։ Այսպես, Իսրայելին դուք մեղադրեցիք Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ Դուք պաշտպանում եք Սուդանի նախագահին՝ ասելով, թե մուսուլմանը ընդունակ չէ ցեղասպանության։ Այլ խոսքերով՝ մուսուլմանները ավելի լա՞վ մարդիկ են, քան հուդայականները կամ քրիստոնյաները։

Էրդողան-Դուք իմ բառերն ամբողջությամբ կտրում եք ենթատեքստից։ Ես ասել եմ, թե որոշակի առումով Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերը կարելի է որակել որպես ցեղասպանություն. մահացել է 1400 մարդ, նրանցից շատերը՝ ֆոսֆորային ռումբերի պայթյունի պատճառով...

Այս խորագրի վերջին նյութերը