Մեկնաբանություն

10.06.2019 13:30


Արսեն Թորոսյանի «գիքորությունը»

Արսեն Թորոսյանի «գիքորությունը»

Նիկոլ Փաշինյանի թիմում «գիքորների» պակաս չկա։ Անձամբ Փաշինյանին սոցիալական ցանցերում «Գրիգոր Համբարձումովիչ» ձևակերպմամբ են որոշ օգտատերեր դիմում։

Քայլարածների թիմում «գիքորներ» են Փաշինյանի զարմիկը, աներորդին, նախարարները, պատգամավորները և նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»։ Իսկ «գիքորներ» են նրանք այն պարզ պատճառով, որ տան խոսակցությունը դուրս են հանում և բացահայտում «Բազազ Արտեմի» վարքագծի իրական շարժառիթները։

Վերջերս, օրինակ, «գիքորություն» արեց Առողջապահության՝ հիվանդ մտքերի տեր նախարար նշանակված Արսեն Թորոսյանը։

Դատարանը սրան օրերս ստիպեց հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։ Խոսքը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցի դատական բավարարման մասին է։

Այդ որոշումից հետո Արսենն անմիջապես մտավ «Ֆեյսբուք» և գրեց, մասնավորապես, հետևյալը. «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից...»։ Նա նկատի ուներ իրեն ներողություն խնդրել պարտադրող դատավորին։

Առողջապահության՝ հիվանդ մտքերի տեր նախարարը փաստացի խոստովանեց, որ «անցումային արդարադատություն» և «վեթինգ» իրենց շեֆն իրականացնում է ոչ թե դատական ու պետական կառավարման համակարգն ընդհանրապես բարեփոխելու, այլ միայն պատժիչ գործողություն և իշխանության ուզուրպացիա ապահովելու համար։ Ընդ որում՝ «վեթինգ» են անելու այն դատավորներին, որոնք իրենց քիմքին հարմար որոշումներ չկայացնեն։

Եթե ավելի լայն կոնտեքստով նայենք նախարար աշխատող Ա. Թորոսյանի ասածներին, ապա կստացվի, որ Հայաստանում սպասվում է դատական իշխանության ոչ թե բարեփոխում, այլ փլուզում, քանզի միշտ էլ դատական որոշումներից դժգոհ կողմ կա։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ցանկացած վճռի դեպքում պարտվող կողմը դժգոհի ու հայտարարի, որ «վեթինգ» է պահանջում, այսինքն՝ պահանջում է քաղաքական հետապնդման ենթարկել իր ուզածը չարած դատավորին։

Եթե քայլարածների բուն նպատակը սա է, ապա մենք գործ ունենք պետական կառավարման համակարգը քաոսի մատնելու հետ։ Իսկ դա չի կարող չազդել մեր երկրի անվտանգության վրա։

Միտումնավո՞ր են այս ամենն անում քայլարածները, թե՞ գործ ունենք հիմարության հետ, դժվար է ասել։ Միգուցե, երկուսը միասին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը