Մեկնաբանություն

10.06.2019 14:25


Հաղթեց ժողովրդավարությո՞ւնը, թե՞ պարտվեց արժանապատիվ քաղաքացին․ «Իմ քայլ»-ում պետք է կողմնորոշվեն (տեսանյութ)

Հաղթեց ժողովրդավարությո՞ւնը, թե՞ պարտվեց արժանապատիվ քաղաքացին․ «Իմ քայլ»-ում պետք է կողմնորոշվեն (տեսանյութ)

«Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը»,-հայտարարեց «ժողովրդի» վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այդպիսով փորձեց դեմքը փրկել ժողովրդի կողմից Աբովյանում մերժվելուց ու քաղաքապետի ընտրություններում խայտառակ պարտություն կրելուց։

Այս ընտրությունները եկան ապացուցելու, որ բացի դատավորներից՝ Հայաստանում կան նաև բազմահազար քաղաքացիներ, ովքեր Փաշինյանին ասում են՝ «չէ»։ Եվ չօգնեցին անգամ քայլարած թեկնածուին «հաղթեցնելու» համար գործի դրված վարչական լծակները, իշխանական թիմի բոլոր ջանքերը, օրինական և անօրինական միջոցները, շոուներն ու մանիպուլյացիաները։

Անգամ վարչապետի քայլելն իր նախկին էֆեկտը չտվեց. աբովյանցիները չքայլեցին Փաշինյանի հետևից՝ հաստատելով, որ հեղափոխական էյֆորիան օր օրի նվազում է, և «ժողովրդի» վարչապետը վաղուց արդեն «ժողովրդի վարչապետը» չէ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների համեմատ Փաշինյանի տոկոսային անկումն ակնհայտ է։

Փաշինյանն ինքն իր դեմքով մտավ Աբովյանի քաղաքապետի ընտրապայքար, և սա անձամբ հենց նրա՛ պարտությունն է։ Ժողովուրդն այլևս չի խաբվում լայֆերով ու տեսարաններով, ժողովուրդը մեկ տարի առաջ դուրս էր եկել փողոց՝ իր կյանքը բարելավելու և իրոք նոր Հայաստան ունենալու նպատակով։ Բայց այժմ արդեն համոզվել է, որ քայլարածների միջոցով այդ դրական արդյունքը չի կարող ապահովել։

Այս պայմաններում Փաշինյանին, իրոք, ոչինչ չի մնում, քան ստիպված հայտարարել, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը։

Ուշագրավն այն է, որ քայլարածների սրտի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ի տարբերություն Փաշինյանի, հայտարարում էր, որ Աբովյանը քաղաքացու և «քրեականի» սահմանագծին է, որ Աբովյանը պետական ինստիտուտների և կլանի երկընտրանքի առջև է, և չպետք է թույլ տալ, որ կլանը հաղթի։

Փաստորեն, ըստ այս «Շվոնդեր» մարզպետի, ով «сам дежурный, сам дневальный» կարգավիճակով ամբողջությամբ լծվել էր քայլարած թեկնածուին «հաղթեցնելու» գործընթացին՝ Փաշինյանը սխալվում է։ Ըստ աննկուն մարզպետ Ռոմանոսի՝ Աբովյանում պարտվել է արժանապատիվ քաղաքացին։ Այսինքն, ստացվում է, որ եթե Աբովյանում կամ ընդհանրապես Հայաստանում հաղթում է ժողովրդավարությունը (երեկվա ընտրությունների գնահատականն՝ ըստ Նիկոլի), ապա պարտվում է արժանապատիվ քաղաքացին (սա էլ՝ ըստ Ռոմանոսի)։

«Իմ քայլ»-ում պետք է կողմնորոշվեն՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ժողովրդավարությո՞ւնը, թե՞ պարտվեց արժանապատիվ քաղաքացին։ Եվ նաև խոստովանեն, որ երկու պատասխանների դեպքում էլ պարտվողը, միևնույն է, մե՛կն է՝ Նիկոլ Փաշինյանը, ով իր ապաշնորհ կառավարման ու անմեղսունակ քայլերի արդյունքում կարճ ժամանակում կորցրեց ունեցած վարկանիշը և մսխեց պետությունը զարգացնելու այն բացառիկ հնարավորությունը, որ մեկ տարի առաջ կար։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը