Աշխարհ

07.04.2010 09:42


Պայքարի շեշտադրումները փոխելու անհրաժեշտությունը (Հայոց ցեղասպանության 95-ամյակին ընդառաջ)

Պայքարի շեշտադրումները փոխելու անհրաժեշտությունը  (Հայոց ցեղասպանության 95-ամյակին ընդառաջ)

Հայոց ցեղասպանության ճանաչումը նպատակ է, թե՞ միջոց: Վստահաբար մեծամասնությունն անվարան կպատասխանի' միջոց: Հետևաբար, քանի որ ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, ուստի ցանկացած ցեղասպանության ժխտման հակառակը ցեղասպանության պարզ ճանաչումը չէ, այլ ճանաչման միջոցով հանցագործի պատիժը (մեր դեպքում' թեկուզև բարոյական) և զոհի իրավունքների (այդ թվում նաև գույքային) հնարավորինս վերականգնումը: Կարո՞ղ է արդյոք ցեղասպանության ճանաչումը վերահաստատել արդարությունը, քանի դեռ հանցագործը կամ նրա սերունդները շարունակելու են վայելել հանցագործության պտուղները: Ընդ որում, հանցագործության պտուղները վայելող սերունդները ոչ թե հանցագործների պարզ հետնորդներ են, այլև հանցակիցները: Այսու, անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ որոշ հարցերի.

1.   Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային և հայերի գույքային իրավունքները, ինչպես նաև բարոյական կորուստները, կարող են վերկանգնվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, թե՞ կա այլ ուղի ևս:

2.   Ի՞նչ ծավալի իրավունքների և գույքի մասին է խոսքը:

1. Ցեղասպանությունը մարդկայնության դեմ ուղղված հանցագործության (crime against humanity, преступление против человечности) տարատեսակ է: Թերևս ամենածանր տարատեսակն է, բայցևայնպես, պատասխանատվության առումով այն համարժեք է նմանաբնույթ մյուս հանցագործություններին: Միջազգային իրավունքը հստակորեն ամրագրել է, որ ՙբնաջնջումը, ստրկացումը, աքսորը, և որևէ քաղաքացիական բնակչության դեմ իրականացված այլ անմարդկային արարքները պատերազմից առաջ կամ ընթացքում՚ հանդիսանում են հանցագործություններ մարդկայնության դեմ (crimes against humanity): [... extermination, enslavement, deportation, and other inhumane acts committed against any civilian population, before or during the war ...

Անվիճելի իրողություն է. թուրքերը, ժխտելով Հայոց ցեղասպանությունը, ընդունում են, որ իրենց նախնիներն Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիական բնակչությանն աքսորել են:

Պահպանվել է Օսմանյան կայսրության այն օրենքը (Tehcir Law), որի հիման վրա իրականացվել է հայերի աքսորը: Օրենքն ընդունվել է Օսմանյան խորհրդարանի կողմից 1915թ. մայիսի 27-ին և ուժի մեջ է մտել Թաքվիմ-ի վեքայի պաշտոնա­թերթում 1915թ. հունիսի 1-ին տպագրվելուց հետո: Օրենքի ամբողջական անվանումն է. ՙՊատերազմական իրավիճակի և հրատապ քաղաքական անհրաժեշտության պատճառով այլ վայրեր աքսորվող հայերի տարաբնակեցման կարգ՚: ("Regulation for the settlement of Armenians relocated to other places because of war conditions and emergency political requirements")

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ որևէ պատճառաբանու­թյուն կամ պատրվակ աքսորն իրականացրած պետությանը, որը գործել է հանցագործ իշխանության միջոցով, չի ազատում պատասխանատվությունից և տուժողներին համարժեք հատուցում տալու պարտավորությունից:

Հայերի պարագային թուրքական պետության հանցանքը բարդանում է նաև նրանով, որ աքսորի ժամանակ պետությունը հստակ քաղաքականություն է իրականացրել աքսորյալների մեջ մահացու ելքերը շատացնելու համար:

2. Հայության իրավունքների և սեփականության հարցն ունի 3 մակարդակ. ազգային կամ պետական, համայնքային կամ կազմակերպված խմբերի, անհատական կամ մասնավոր: Առաջին դեպքում ամեն ինչ հստակ է. կա կատարման համար պարտադիր միջազգային վճիռ, որով հստակեցված է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը: Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասին, որոնք խարսխված են առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի վրա, առիթներ ունեցել եմ հանդես գալու, ուստի դրան այսօր չեմ անդրադառնա: Առանց ժխտելու Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչման քաղաքական անհրաժեշտությունը, հարկ է նշել, որ իրավական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տիտղոսի, այն է՝ հողային իրավունքների վերականգնման, տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բնավ նախապայման չէ: Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները ճանաչված են ցեղասպանության իրողությունից անկախաբար: Հայության համայնքային և անհատական գույքային իրավունքների վերականգնման համար ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես բնավ նախապայման չէ: Այս հարցի կապակցությամբ անհրաժեշտ է անել մի հստակեցում. հայերից ապօրինի բռնագրավված գույքի հարցում չի գործում որևէ ժամանակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնույթ: Բոլոր այն դեպքերում, երբ գույքը բռնագրավվել է առանց համարժեք հատուցման, այսինքն՝ օրինախախտմամբ, ապա ներկա տնօրինումը չի կարող օրինական իրավատիրության հիմք հանդիսանալ:

Հայերից ապօրինի բռնագրավված գույքի գնահատման հարցը բարդ խնդիր է: Չնայած կատարված որոշակի աշխատանքին, մեր պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ դեռևս խիստ հատվածական են: Օրինակ, միայն 1916թ. Բեռլինի Ռեյսխբանկին (ReichsBank) Օսմանյան կայսրությունից փոխանցած 33 տոննա ոսկու (ներկա գներով ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար) մեծ մասը, թերևս ամբողջությամբ, ապօրինի բռնագրավվել էր հայերից: Առ այսօր Թուրքիան չի բացահայտել Օսմանյան կայսրության զանազան բանկերում, ինչպես նաև օտարերկրյա բանկերի թուրքական մասնաճյուղերում, պահվող հայկական հաշիվների անվանացանկերը և գումարների չափը:

Որքան այսօր դժվար է փաստել սեփականության իրավունքը, հստակեցնել անհատական գույքի գինը և հետամտել կորուստը, նույնքան էլ դյուրին է դա անել համայնքային սեփականության հարցում: Քանի որ Օսմանյան կայսրությունը կառուցված էր ազգային/կրոնական սկզբունքով և լուսավորչական հայերը ներառված էին մեկ' էրմենի մլիեթի մեջ, ապա նրանց եկեղեցիները, վանքերն ու դպրոցները հաշվառված էին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանում: Մինչ այժմ կան տարբեր հաշվարկներ, ներառյալ 1919թ. Փարիզի վեհաժողովին հայկական պատվիրակությունների ներկայացրած տեղեկանքները: Թերևս ամենաամբողջականը Ռայմոն Գևորգյանի և Փոլ Փապուճեանի հաշվարկներն են, քանի որ դրանք հիմնված են պատրիարքարանի չհրատարակված արխիվների վրա: Ըստ այդ հաշվարկների 1913-14թթ. առաքելական հայերն ունեին 2538 գործող եկեղեցի, 451 վանք և գրեթե 2000 դպրոց: Այս հաշվարկի մեջ չեն մտնում Օսմանյան կայսրության հայ կաթողիկե համայնքի և հայ ավետարանականների հոգևոր հաստատություններն ու դպրոցները, ինչպես նաև Ռուսական կայսրության Կարսի, Սուրմալուի և Բաթումի վարչական միավորների հայապատկան գույքը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

Հայոց իրավունքներին տեր կանգնելու համար բնավ պարտադիր չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի համընդհանուր: Հայազգի քաղաքացիական բնակչության աքսորը նույնքան պատասխանատվություն է դնում թուրքական պետության վրա և պարտավորեցնում հատուցել աքսորյալների կամ նրանց ժառանգների կորուստները, որքան ցեղասպանության փաստը:

Օսմանյան կայսրության հայ համայնքի իրավունքները ամրագրված են եղել ըստ երկրի գործող օրենսդրության, և թուրքական պետության կողմից հետագա բոլոր անօրինական զավթումները չեն զրկում նրան իր իրավունքից: Անօրինական բռնագրավումները սեփականության իրավունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող հանդիսանալ: Թուրքիայի Հանրապետության 1926-27թթ. օրենքներն ու հրամանագրերը, ուղղված կրոնական փոքրամասնությունների գույքի բռնագրավմանը, չեն կարող օրինական հիմք հանդիսանալ, քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարատավորություններին' Լոզանի պայմանագրի 38-45 հոդվածներին: Նշյալ պարտավորությունները ենթակա չէին և ենթակա չեն փոփոխության կամ անտեսման, քանի որ դրանց, ըստ նույն պայմանագրի 37-րդ հոդվածի, տրված է հիմնական օրենքի (սահմանադրության) կարգավիճակ:

Եթե Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրամիության կազմում, ինչպես բազմիցս է հայտարարել, ապա պիտի ընդունի Եվրամիության արժեքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանատվություն կրել սեփական պետության և նրա իրավանախորդի արարքների համար: Պիտի օրինական տերերին վերադարձնի ապօրինի բռնագրավված գույքը, պիտի դադարեցնի այլ պետությունների տարածքների բռնազավթումը, պիտի դադարի խոսել ուժի դիրքերից և սպառնալիքի լեզվով:

Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը