Կարծիք

07.04.2010 09:55


Առարկություն կառավարության եզրակացության վերաբերյալ

Առարկություն կառավարության եզրակացության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ»  Հայաստանի Հանրապետության օրենքնեում  փոփոխություններ նախատեսող օրենքի վերաբերյալ ՀՀ կառավարության  կողմից տրված բացասական եզրակացության մասին տեղեկանք։

Նկատի ունենալով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներում (այսուհետև' Օրենքներ) առկա մի շարք էական իրավական բացերը, անհստակություններն ու անորոշությունները,  հաշվի առնելով   օրինաստեղծ գործունեության  ընթացքում իրավական որոշակիության սկզբունքի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները,  նպատակ ունենալով հստակեցման և կոնկրետացման  միջոցով վերացնել  առկա թերությունները, հիմնվելով «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի  (այսուհետև' Կոնվենցիա) և ՀՀ Սահմանադրության վրա'    ՀՅԴ խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ էր դրել օրենքներում փոփոխությունների նախագիծ (այսուհետև' Օրինագիծ):

Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2010 թվականի մարտի 19-ի N 01/10.1/275-10 գրությամբ տվել է բացասական եզրակացություն  (այսուհետև' Եզրակացություն):

Եզրակացությունը համարելով անհիմն և սխալ պատճառաբանված, հարկ է ընդգծել, որ

1. Եզրակացության մեջ նշվում է, թե մինչև ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը դադարեցնելու հետ կապված հարցն արդեն իսկ լուծվել է ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի փետրվարի 25-ին ընդունված օրենքով   (այսուհետև' Օրենք): Օրենքի լրացված' 39.1.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը...: Օրենքի այդ դրույթը, որն, ըստ էության, կոչված էր լրացնելու ՀՅԴ-ի կողմից վաղուց առաջարկվող իրավական բացը, թերի է, անհստակ, անորոշ, ընկալվում է  ոչ միանշանակ:

Այն չի համապատասխանում □Իրավական ակտերի մասին□ ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներին, որոնցով նախատեսվում են, որ իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի, իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ:

Այն չի բխում իշխանությունների տարանջատման սկզբունքից, մասնավորապես այն դեպքում, երբ ԱԺ-ն վավերացրել է միջազգային պայմանագիրը, սակայն այն դեռևս ուժի մեջ չի մտել: Ստացվում է, որ առանց ԱԺ մասնակցության ՀՀ Նախագահը կարող է վերացնել ԱԺ որոշումը:

Բացի այդ'  ընթացակարգերի պարտադիր կասեցման կամ դադարեցման դեպքերն ու հիմքերն օրենքով չամրագրելը ՀՀ  արտաքին քաղաքականության մարմիններին զրկում է անհրաժեշտ իրավական հիմքից այն առումով, որ չի նախականխվում միջազգային պայմանագրերում ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթների ամրագրումը' դրա դիվանագիտական, միջազգային- քաղաքական, ինպես նաև ներպետական կոնֆլիկտածին կամ բացասական այլ հետևանքներով:

2. Եզրակացության մեջ նշվում  է, թե Օրինագծով ՀՀ Ազգային ժողովին իբր տրվում են նոր լիազորություններ' միջազգային պայմանագրերի վերաբերյալ վերապահում անելու և մինչև ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը դադարեցնելու առումով:

Սա Սահմանադրությունը նեղ մեկնաբանելու հետևանք է: Հանրահայտ է, որ ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները, համաձայն ՀՀ Սահմանադրության 62- րդ հոդվածի 3- րդ մասի, սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ մինչև ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի  հետ կապված գործառույթները ՀՀ Սահմանադրության 55- րդ հոդվածի 7- րդ կետին և 85- րդ հոդվածին համապատասխան իրականացնում են գործադիր իշխանության մարմինները' Հանրապետության Նախագահը և կառավարությունը:

Օրինագծում խոսքն այն մասին է, որ ՀՀ Ազգային ժողովին  միջազգային պայմանագրերը վավերացնելու' ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանված լիազորության շրջանակներում օրենքով իրավունք տրվի վավերացման փուլում գտնվող (վավերացման ներկայացված) միջազգային պայմանագրերում իր նախաձեռնությամբ սահմանել անհրաժեշտ  վերապահումներ և (կամ)  հայտարարություններ հատկապես այն դեպքերում, երբ ՀՀ նորմատիվ իրավական ակտերից, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրավական մեկնաբանություններից ու դիրքորոշումներից բխում է վերապահումներ և  (կամ)  հայտարարություններ անելու անհրաժեշտությունը:

Հիմնազուրկ է Եզրակացության 2-րդ կետի վերաբերյալ հիմնավորումն առ այն, թե միջազգային պայմանգրերի վերաբերյալ վերապահում անելու առումով Ազգային ժողովի լիազորությունները սահմանափակված են ՀՀ Սահմանդրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն' Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

Հարկ է նախ ուշադրություն դարձնել ՀՀ Սահմանդրության 62-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի' Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով կարող է ընդունել հայտարարություններ:

ՊԱՐԶ ԱՍԱԾ' ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն' հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետի համաձայն' □վերապահում□ նշանակում է  պայմանագրի ստորագրման, վավերացման, ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու ժամանակ ցանկացած ձևակերպումով և ցանկացած անվանումով պետության կողմից արված միակողմանի հայտարարություն, որի միջոցով նա ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանգրի որոշակի դրույթների իրավական ուժը դրանք տվյալ պետության նկատմամբ կիրառելիս:

Միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության համաձայն վերապահումով վավերացնելը վավերացման ձևերից մեկն է և այն արդեն իսկ նախատեսված է Սահմանադրությամբ, ուստի հավելյալ լիազորության անհրաժեշտություն չկա:

Ի դեպ պարտադիր վերապահում անելու հիմքերից մեկն էլ վերաբերում է ՀՀ սահմանդրական դատարանի իրավական մեկնաբանություններով ու դիրքորոշումներով ներակայցված պահանջի կատարմանը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' օրենքները պետք է համապատասխանեն Սահմանդրությանը, այլ իրավական ակտերը  պետք է համապատասխանեն Սահմանդրությանը և օրենքներին: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանդրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանգրերին: □Սահմանդրական դատարանի մասին□ ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն' սահմանադրական դատարանի գործով  ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար' Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: ՀՀ Սահմանդրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն  ու պաշտոնատար անձինք  իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Ազգային ժողովը պետք է հաշվի առնի վավերացման ներկայացված միջազգային պայմանագրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած իրավական մեկնաբանությունների և իրավական դիրքորոշումների պահանջները:  Այդ մասին է վկայում նաև ՀՀ սահմանադրական դատարանի  2009թ.-ի տարեկան հաղորդումը, համաձայն որի' պետական մարմինները և պաշտոնատար անձինք դեռևս բավարար չափով հաշվի չեն առնում սահմանադրական դատարանի որոշումների պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք սահմանադրական իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն: Մինչդեռ միջազգային սահմանադրական արդարադատության պրակտիկան միարժեքորեն վկայում է, որ սահմանադրական դատարանն իր որոշման մեջ Սահմանադրության նորմի իրավական բովանդակության բացահայտման  կամ օրենքի նորմի սահմանադրական բովանդակության բացահայտման միջոցով ձևակերպում է իր իրավական դիրքորոշումը, որը պարտադիր բնույթ ունի ինչպես իրավակիրառողների, այնպես էլ օրինաստեղծ մարմինների համար:

Բացի այդ' մասնավորապես, ՀՀ սահմադրական դատարանի 2010թ.-ի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշման 5-րդ կետի համաձայն' «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին, իսկ 6-րդ կետի համաձայն' Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը' նախատեսվող պարտավորությունների ստանձնման և դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

Այսպիսով, միջազգային պայմանագրի վավերացման վերաբերյալ ԱԺ որոշումը և դրան կից ներկայացվող հայտարարությունը, որի սահմանդրական  իրավունքն ունի Ազգային ժողովը, նաև վերապահում է' համաձայն Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետի, այլ խոսքով' «վերապահում» և «հայտարարություն» բառերը  կոնվենցիոնալ իմաստով նաև հոմանիշներ են:

3. Եզրակացության 3-րդ կետով նշվում է, «... Վիեննայի կոնվենցիայի որոշ դրույթների' Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ ընտրողաբար արտացոլելը, ինչպես նաև դրանով նախատեսված' միջազգային պայմանագրերի կնքման գործընթացում և գործողության ընթացքում պետության որոշ իրավունքների իրացման համար ներպետական իրավունքով կոնկրետ դեպքեր սահմանելը, որոնք չեն կարող սպառիչ լինել, ըստ էության, սահմանափակում են ներպետական մակարդակում այդ իրավունքների իրացումը, դրանով իսկ կաշկանդելով միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության գործողությունները»:

Սա Օրինագծի սխալ և խեղաթյուրված մեկնաբանման հետևանք է, քանի որ առաջարկի նպատակը ուղիղ հակառակն է' այսինքն ընդլայնել Հայաստանի հնարավորությունները:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն' միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան  նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Ակնհայտ է, որ ՀՀ իրավական համակարգի բացկացուցիչ մասը կազմող Վիեննայի կոնվենցիայի դրույթները նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեն կարող ընտրողաբար արտացոլվել ՀՀ օրենսդրության մեջ կամ ՀՀ օրենսդրությամբ միջազգային պայմանագրերի կնքման գործընթացի և գործողության ընթացքի վերաբերյալ չեն կարող սպառիչ կոնկրետ դեպքեր և հիմքեր սահմանվել, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, միևնույն է, գործելու են վավերացված միջազգային պայմանագրի' ՀՀ օրենսդրությամնբ չնախատեսված կամ սահմանափակված նորմերը: Դա հանրահայտ  ճշմարտություն է: Խնդիրն այն է, որ Օրինագծում նկատի է ունեցվել Վիեննայի կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, համաձայն որի' պետությունն իրավունք չունի վկայակոչել այն հանգամանքն, որ իր համաձայնությունը պայմանագրի իրեն վերաբերող պարտավորության նկատմամբ  արտահայտվել է իր ներպետական իրավունքի պայմանագիր կնքելու իրավասության վերաբերյալ այս կամ այն դրույթի խախտումով, որպես իր համաձայնության ոչ իրական լինելու հիմք, բացի այն դեպքից, եթե այդ խախտումն ակնհայտ է և վերաբերում է նրա ներպետական իրավունքի առավել կարևոր նշանակություն ունեցող նորմերին:

ՀՀ ներպետական իրավունքի առավել կարևոր նշանակության նորմերն ամրագրված են նաև ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի անկախության մասին հռչակագրով, ՀՀ սահմանդրական դատարանի 2010թ.-ի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշմամբ: ՀՀ Սահմանդրությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն' Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:

 Հետևաբար, մինչև ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերը դադարեցնելու, միջազգային պայմանագրերը վավերացնելու, հաստատելու, վերապահումներ և (կամ( հայտարարություն անելու, պայմանագրի գործողության ընթացքում, ուժի մեջ մտած միջազգային պայմանգրերը կասեցնելու կամ դադարեցնելու և Վիեննայի կոնվենցիայի բոլոր ընթացակարգերը կատարելու հետ կապված այլ հարցերում միջազգային-իրավական և ՀՀ ներպետական իրավունքի առավել կարևոր նշանակություն ունեցող նորմերի' սահմանադրա-իրավական նորմերի բախումներից խուսափելու, հակասահմանադրական իրավիճակները նախականխելու և բացառելու նպատակով Վիեննայի կոնվենցիայի ՀՀ Սահմանադրության ընձեռած թույլատրելիության շրջանակներում Օրինագծով առաջարկվել է սահմանել այն հստակ, կոնկրետ, բայց ոչ սպառիչ դեպքերն ու հիմքերը, որոնց վրա պետք է առանձնակի ուշադրություն դարձվի միջազգային պայմանագրերի կնքման և դրանց հետ կապված գործընթացներում: Դրանով ոչ միայն չի կաշկանդվում ՀՀ արտաքին քաղաքական գործունեությունը, այլև այն դառնում է առավել ճկուն, դինամիկ, ՀՀ ազգային ու պետական անվտանգությանը հարիր, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված ինքնիշխանությանը և 9-րդ հոդվածից բխող բարիդրացիականության և փոխշահավետության սկզբունքներին համապատասխանող:

Ուստիև, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին հղում անելիս Եզրակացության հեղինակները (և ոչ միայն(  պետք է   նկատի ունենան, որ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների  մեջ առկա, օրինակ,   «վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով» նորմի պատճառով փաստացի սահմանը դառնում է Հայաստանի կողմից արդեն իրավաբանորեն մեկընդմիշտ ճանաչվածիսկ թուրքական այդ նախապայմանը' բավարարված, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն' Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանգրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:    

Միջազգային և իր ներպետական իրավունքին համապատասխան   միջազգային պայմանագիր կնքելը, ինչպես նաև մինչև ուժի մեջ մտնելը դրա կնքման ընթացակարգերը դադարեցնելը, վերապահում և (կամ( հայտարարություն անելը, գործողությունը կասեցնելը կամ դադարեցնելը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է:

Վերապահումների մասով կոնվենցիայի 18-րդ և 19-րդ հոդվածներով հստակ ամրագրված են այն սահմանները, որոնք պետք է պահպանվեն վերապահումներ անելիս, իսկ միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման, կասեցման հիմքերն ու դրանց հետ կապված հարցերն ամրագրված են կոնվենցիայի 5-րդ մասում:

ՀՅԴ հեղինակած օրինագծում իրավաչափորեն պահպանված և հաշվի առնված են ինչպես Վիեննայի կոնվենցիայի, այնպես էլ ՀՀ Սահմանդրության ու իրավական այլ ակտերի դրույթները: Փաստարկներն առ այն, թե օրինագծով իբր փորձ է արվում լուծել Օրենքով «արդեն իսկ լուծված» հարցը, թե իբր առաջարկվում է Վիեննայի կոնվենցիայի դրույթներն ընդունել «ընտրողաբար», թե իբր «կաշկանդվում է» ՀՀ արտաքին քաղաքական գործունեությունը, ամբողջությամբ հիմնազուրկ են:

Օրինագծով գործուն կերպով կաշխատի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի' պետական իշխանությունն իրականացվում է Սահմանդրությանը և օրենքներին համապատասխան' օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Իսկ ՀՀ Ազգային ժողովը միջազգային պայմանգրերը վավերացնելու' պետության համար պատասխանատու այդ գործում ձևական-տեխնիկական աշխատանք կատարողից կվերածվի իրական-բովանդակային աշխատանք կատարող մարմնի:

Արծվիկ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը